Երազանքս է՝ դատաստանի օրը հայի կորուստ չունենանք
Գլխավոր » Հասարակական » Երազանքս է՝ դատաստանի օրը հայի կորուստ չունենանք

Երազանքս է՝ դատաստանի օրը հայի կորուստ չունենանք

Պարգեւ արքեպիսկոպոս ՄարտիրոսյանԾնվել է Սումգայիթում:  Ընտանիքով  տեղափոխվել է Երեւան: Սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում: Ընդունվել է Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների ինստիտուտ: Ուսանել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում: Լրացուցիչ աստվածաբանական կրթություն է ստացել Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգի) հոգեւոր ակադեմիային կից ասպիրանտուրայում: Դասավանդել է Գեւորգյան ճեմարանում: Ձեռնադրվել է եպիսկոպոս: Վազգեն Առաջին կաթողիկոսի կոնդակով նշանակվել է Արցախի վերահաստատված  թեմի առաջնորդ: Ստացել է արքության տիտղոս: Գործուն մասնակցություն է ունեցել Արցախի Հանրապետության պետականաշինության եւ բանակաշինության գործընթացին:  Արցախի հերոս:

 

— Սրբազան հայր, լինելով բազմակողմանի կրթված, ինչու՞, այնուամենայնիվ, ընտրեցիք հոգեւորականի աստվածընծա առաքելությունը:

 

— Քանի որ ես մաթեմատիկական դպրոց էի ավարտել, ընկերներով որոշեցինք ընդունվել կամ համալսարան, կամ Պոլիտեխնիկական ինստիտուտ: Ընկերներիս մեծ մասը պոլիտեխնիկական ինստիտուտ գնաց, եւ որոշեցինք լինել բոլորս միասին: Մեկ տարի  անց որոշեցի ընդունվել Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտ: Իսկ ընդհանրապես երազում էի  կրթությունս շարունակել համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, որն ինձ համար  փոքր-ինչ բարդ էր. ես ռուսական կրթություն ունեի, իսկ փիլիսոփայական ֆակուլտետում միայն հայերեն էր ուսուցումը: Տևական ժամանակ փնտրտուքների մեջ էի:

 

Աթեիզմն ու մատերիալիզմը հոգուս  մեջ մերժում էի, չէի ընդունում: Ընդունեցի իդեալիզմը, հետո զբաղվեցի միստիկական երեւույթներով եւ ամենակարեւորը՝ տատս հավատացյալ էր, նրա հավատքի սերմերն իմ մեջ բավականին զորեղ էին դրվել: Միստիկական ուսմունքների ուսումնասիրությունից հետո եկա այն եզրակացության, որ աշխարհում ամենաճշմարիտ  կրոնը  քրիստոնեությունն է: Ինձ համար, սակայն, մի հարց անպատասխան էր՝ ո՞վ է Քրիստոսը՝ Աստծո Որդին: Աստված հասկանում էի, բայց Աստծո Որդի չէի հասկանում: Հավատարիմ մնալով իմ բնավորությանը`փնտրել և գտնել ինձ հետաքրքրող  հարցերի պատասխանները, որոշեցի գտնել նաեւ այդ հարցի պատասխանը: Հարցիս պատասխանի փնտրտուքն ինձ տարավ   Էջմիածնի հոգեւոր ճեմարանում:

 

— Հոգեւորականներից  շատ քչերն են, որ երեք տարվա մեջ եպիսկոպոսի աստիճան են  ստացել: Դեռ ավելին՝ երեք ամիս անց  թեմի առաջնորդ եք նշանակվել: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

 

— Երբ Վազգեն Վեհափառը մեզ՝ վեց հոգուս ձեռնադրեց եպիսկոպոս, ամեն մեկս ինչ-որ պաշտոն ունեինք: Ես վանահայր էի Սուրբ Հռիփսիմեում: Կաթողիկոսի խոսքը  խորհրդանշական էր,  ձեռնադրելիս ամեն մեկիս մի բան ասաց: Ինձ ասաց.  <<Պարգեւ Սրբազանն այսօր եպիսկոպոս դարձավ, որովհետեւ նա Չարդախլուից է, որովհետեւ նա արցախցի է, որովհետեւ նա ծնվել է Սումգայիթում>>: Վեհափառի մոտ կարծես թե մի ներքին ընդվզում կար Սումգայիթի ջարդերի դեմ: Նա սատարում էր Արցախի շարժմանը: Մինչև հիմա հիշում եմ նրա խոսքերը:

 

 Ես նոյեմբերին ձեռնադրվեցի եպիսկոպոս,  մարտին՝   Արցախի թեմի առաջնորդն էի:

 

 

— Արցախի թեմը 70 տարվա դադարից հետո պետք է նորից գործերՉէի՞ն  ընկճում սպասվելիք դժվարությունները, թե՞  աստվածահաճո գործեր կատարելիս չպետք է ընկճվել կամ վախենալ:

 

— Արցախի թեմը պետք է գործեր, քանի որ կար ցանկություն, եւ Մոսկվան նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին թույլ թվեց, որ մենք Արցախում բացենք երկու վանք եւ երկու եկեղեցի՝ հակառակ Բաքվի մերժումների: Բազմաթիվ խնդրանքներ էինք ներկայացրել Մոսկվա եւ ստանալով  արտոնություն՝  Վազգեն Առաջինը որոշեց օգտագործել առիթը եւ  վերաբացել Արցախի պատմական թեմը: Առաքելությունը դրվեց իմ և ևս չորս հոգևորականների ուսերին: Երբ քեզ կաթողիկոսն է օրհնում, զորավոր է դառնում և Աստծո օրհնությունը: Իսկ եթե կա Աստծո օրհնությունը, կլինի և Աստծո կամքը: Անկախ այն բանից, թե ինչ  կկատարվի՝ ո՞ղջ կմնաս, կզոհվե՞ս, դժվա՞ր կլինի, թե՞ հեշտ, միեւնույն է՝ դու պետք է գնաս: Դու արդեն   ունես քրիստոնեական գիտակցություն,  պետք է գործես ըստ հրահանգի: Եւ լավագույնն այն է, երբ դու գործում ես օրհնության ներքո: Դա քրիստոնեական կարեւոր կանոն է:

 

— Չնայած ժամանակը փոթորկուն էր, սակայն դուք հաջողությամբ իրականացրիք Արցախի թեմի վերաբացումըԺամանակակիցները հաճախ վկայում են. Պարգև Սրբազանը ոչ  միայն հոգեւորական էր, այլ նաև՝  ռազմական, քաղաքական, պետական գործիչ

 

— Անկեղծ ասած՝ առաջնորդի փորձ չունեի եւ ոչ էլ առաջնորդի փոխանորդ էի եղել կամ օգնական, ինչը  դժվարացնում էր գործը: Իհարկե, ընդհանուր հասկացողությամբ գիտեինք,  որ պետք է բացել եկեղեցիներ, վանքեր, պետք է ծխեր կազմավորել… Բայց անհրաժեշտություն էր, և մենք զբաղվում էինք նաեւ ազգային, պետական, ռազմական, քաղաքական գործերով: Դա նորմալ էր: Կա մի հստակ երեւույթ՝ եթե դու հոգեւոր առաջնորդ ես, ուրեմն դու այդ թեմի հոգեւոր հայրն ես, նրա դարդ ու ցավով պետք է ապրես: Որտեղ ժողովուրդը կարիք ունի,  դու պետք է այնտեղ լինես եւ սատարես նրան՝ լինի դա քաղաքական, պետական,  ռազմական կամ սոցիալական ոլորտ:

 

— Հենց սկզբից հավատամք ունեիք, որ եթե  ճեղքենք Արցախի հոգեւոր բլոկադան,  երեք տարվա ընթացքում կճեղքվի նաեւ ֆիզիկական բլոկադան:   Եւ եղավ 1992 թվականի երիցս օրհնված մայիսը

 

— Ես դա ասել էի մինչև  Գանձասարի վանքի վերաօծումը:  Եւ երբ Գանձասարի վանքը վերաօծեցինք, 1989 թ. հոկտեմբերի 1-ին՝ ուղիղ երկու տարի եւ յոթ ամիս անց, մենք միացանք մայր Հայաստանին:

 

— Կան մոտավոր հաշվարկներ, ըստ որի՝ աշխարհի վրա ոչ մի տարածք այնքան սուրբ չէ եւ այդքան եկեղեցիներ չի ունեցել, որքան Արցախը: Դուք նպատակ ունեիք, որ Արցախում լինեն նույնքան եկեղեցիներ, որքան եղել են: Ի՞նչ է արվել անցած 25 տարվա ընթացքում այս ուղղությամբ:

 

— Իրապես, չկա աշխարհում այնպիսի տարածաշրջան, որտեղ այդքան խտացված լինեն քրիստոնեական սրբավայրերը: Ամեն 300-400 քառակուսի մետրի վրա մեր նախնիները կառուցել են վանք, մատուռ, եկեղեցի, տեղադրել խաչքար: Ապշելու բան է. ի՜նչ հոգեւոր հարուստ կյանքով են  ապրել  Արցախում մեր նախնիները: 1989 թվականից սկսած՝ մենք փորձեցինք  վերանորոգել, հիմնանորոգել հները, կառուցել նորերը: Հիմա հաշվում ենք մինչև 70-ը:

 

Մի քանիսը ընթացքի մեջ են: Ստեղծել ենք <<Գանձասար>> աստվածաբանական կենտրոնը, <<Վեմ>> ռադիոկայանը, կիրակնօրյա դպրոցներ, հայորդաց տներ: Ունենք Եկեղեցասիրած երիտասարդական միություն: Հանրակրթական դպրոցների ծրագրերում մտցրել ենք կրոն, այնուհետեւ՝ հայոց եկեղեցու պատմություն առարկան: Այս տարիների համար, թվում է, քիչ չէ, եթե  հաշվի առնենք մեր անկախ պետության  պայմանները՝ բլոկադան, պատերազմը, քայքայված տնտեսությունը: Բայց շատ էլ չէ, եթե հաշվի առնենք, որ ժամանակին Գանձասարի կաթողիկոսությունը 4500-ից 5000 գործող եկեղեցի ու վանք է ունեցել, ինչն ահռելի հոգեւոր ժառանգություն է: Կարևորը՝ շարունակենք մեր սկսածը:

 

Որպես հոգեւորական  դուք հասցնում  եք  զբաղվել զուտ հոգեւոր գործունեությամբ՝ քարոզչությամբ:

 

— Ցանկացած հոգեւորականի առաջին պարտականությունն Ավետարանի քարոզումն է, երկրորդը՝ ծխերի կազմակերպումը, մեր սրբավայրերը կենսունակ դարձնելը: Կարծում եմ, որ հոգեւորականը պետք է նպաստի իր հոտի կյանքին, բարերարներ ընդգրկի  երկրի  շենացման հույժ կարևոր գործընթացում, ինչով էլ հիմա զբաղվում եմ: Եթե մենք կարող ենք մեր օգտակարությունը բերել պետականաշինության կամ սոցիալական ասպարեզում,  անվարան պետք է օգնենք: Եթե կարող ենք սատարել կրթական ոլորտի զարգացմանը, պետք է օգնենք: Եթե դու հոգեւոր ծնող ես, ամեն մի ոլորտում պետք է փորձես քո լուման ներդնել:

 

— Հայ Առաքելական եկեղեցին, առհասարակ բոլոր ժողովուրդներն ու անհատները կանգնած են աշխարհաքաղաքական տարբեր մարտահրավերների առջեւ: Ո՞րն է Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը սպասվող անցանկալի երևույթներին դեմհանդիման

 

— Հայ Առաքելական եկեղեցին ունի կարեւորագույն երեք պարտականություն: Առաջին՝ հավատքը զորեղ ձեւով սերմանել ամեն մի հայի հոգում, որպեսզի ընթանա ճշմարիտ ճանապարհով, երկրորդ՝ Հայ Առաքելական եկեղեցին միշտ եղել է խաղաղություն քարոզող եւ երրորդ՝  ըստ Աստծո հրամանի՝ միշտ փորձում է պահել հայ ազգի ինքնությունը: Այսօրվա գլոբալիզացիայի /համաշխարհայնացում/  պայմաններում  կա մի վտանգ՝ գլոբալիզացիան ազգություններ և ինքնություն չի ճանաչում: Դա  վտանգ է մեր ինքնության համար: Մեր եկեղեցին ամեն ինչ պետք է անի, որ  կարողանանք ամուր պահել ազգային արժեքները եւ հայի ինքնությունը: Ունենք նաեւ այլ մարտահրավերներ: Առաջնային է մեր միաբանությունը: Քաղաքական, սոցիալական, տնտեսական հարցեր մարդիկ միշտ էլ  կարող են ունենալ, բայց դա չպետք է դառնա պատճառ, որ մենք մտնենք ներքին վեճերի մեջ: Մենք դրա իրավունքը չունենք: Մենք պետք է միաբանվենք եւ ամեն ինչ պետք է անենք, որ զորեղ պահենք մեր բանակը: Մենք կիսվելու, բաժանվելու եւ վիճելու ժամանակ չունենք:  Դա պետք է ցանկացած հայի գիտակցության մեջ լինի:

 

— Սրբազան հայր, Դուք հոգեւորական եք եւ, այնուամենայնիվ, մարդ եք, ով զերծ չէ թերություններից ու սխալներից: Ինչպե՞ս եք խուսափում դրանցից:

 

— Ամեն մարդ գիտի իր  մեղքերը, իր թերությունները: Նա  յուրովի է փորձում դրանք հաղթահարել: Մի մասը հաղթահարում է, մի մասը` ոչ:

 

— Բոլոր մարդիկ, անկախ տարիքից, սեռից, խավից, հոգեւորական կամ աշխարհիկ բնույթիցունենում են երազանքներ: Դուք ի՞նչ երազանքներ ունեք

 

— Մանկուց երազել եմ հզոր ազգ  ունենալու մասին: Աստծուն փառք եմ տալիս, որ ես հայտնվեցի Արցախում եւ իմ համեստ ներկայությամբ ժամանակակիցը եղա հայոց հաղթանակի: Կարելի է ասել՝ իմ երազանքի մի մասը տեսա, այն է՝ հայկական հողի ազատագրում: Իմ  երազանքն է նաեւ 15 հայկական նահանգները տեսնել ազատագրված ու միաբանված, ունենանք հայոց թագավոր՝  հայ քրիստոնյա օծված թագավոր` մեր պատմական բոլոր հողերի վրա: Երբ դարձա քրիստոնյա եւ հոգեւորական, աղոթում էի և աղոթում եմ,  երազում էի և երազում եմ, որ մենք ազգովի ապաշխարհենք եւ ամբողջ ազգով Քրիստոսին իր բոլոր սրբերի հետ  փառաբանենք, որպեսզի դատաստանի օրը ոչ մի հայի կորուստ չունենանք:  Ամեն:

 

Անի ԱԶԱՏՅԱՆ

 

1