Եվրոպայում նկատվում է անկյունադարձային կարևորություն ունեցող հանգրվան
Գլխավոր » Լրահոս » Եվրոպայում նկատվում է անկյունադարձային կարևորություն ունեցող հանգրվան

Եվրոպայում նկատվում է անկյունադարձային կարևորություն ունեցող հանգրվան

Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանն, անդրադառնալով Եվրախորհրդարանում փետրվարի 27-ին տեղի ունեցած Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի մասին բարձր մակարդակի քննարկմանը, նշեց, որ Եվրոպայում նկատվում է անկյունադարձային կարևորություն ունեցող հանգրվան՝ հաշվի առնելով Եվրախորհրդարանում Արցախի հարցով տեղի ունեցած աշխուժությունը:

«Քննարկումներին եվրոպացի գործիչների մասնակցությունը բավական ներկայացուցչական էր: Տասնյակից ավելի եվրոպացի պատգամավորներ կամ պատգամավորների խորհրդատուներ համաշխարհային հեղինակություն ունեցող հռչակավոր մասնագետներ, գիտնականներ և իրավաբաններ, եվրոպացի լրագրողներ մասնակցեցին Արցախի ժողովրդի իրավունքների մասին քննարկումներին եւ կարծիքներ փոխանակեցին: Պետք է նշել, որ նրանք առիթ ունեցան լսելու Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանի՝ Արցախի պետության և ժողովրդի անունից փոխանցած խոսքը»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հարութ Շիրինյանը:

Նա ընդգծեց, որ այս աշխատանքը համապատասխանում է Եվրոպայի Հայ դատի առաջնահերթություններին, որն է եվրոպացի քաղաքական գործիչներին առաջին աղբյուրից ներկայացնել տեղեկություններ եւ Արցախի բնակիչների ձայնը հասանելի դարձնել:

«Մենք հուսով ենք, որ այս աշխուժությանը կհաջորդեն գործնական քայլեր, որպեսզի ավելի մեծ թվով պատգամավորներ ներգրավվեն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության գործին՝ նպաստելով հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»,-հավելեց Հարութ Շիրինյանը:

1