Դեպի Հունոտի կիրճ՝ ավելի անվտանգ ճանապարհով
Գլխավոր » Լրահոս » Դեպի Հունոտի կիրճ՝ ավելի անվտանգ ճանապարհով

Դեպի Հունոտի կիրճ՝ ավելի անվտանգ ճանապարհով

Այսուհետ Արցախի Հունոտի կիրճ արգելոցի տարածքով դեպի «Զոնտիկներ» անունով հայտնի մամռոտ ջրվեժ հասնելը տեղացիների ու զբոսաշրջիկների համար առավել հեշտ,  արագ ու անվտանգ կլինի: Հայ լեռնագնացների միության (Armenian hikes association) ջանքերով գետի վրայով անցնելու համար տեղադրված փայտերին փոխարինել է ավելի հուսալի փայտե կամուրջ, որի բացումը կայացել է հունիսի 17-ին: Նոր կամուրջի բացման ներկա էին Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, Հայ լեռնագնացների միության անդամներ, ԱՀ ՄԵՀԶ նախարարության աշխատակիցներ, զբոսաշրջիկներ:

ԱՀ ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանի խոսքով Հունոտի կիրճի ճանապարհի բարեկարգումն իրականություն դարձավ հասարակական ուժերով՝ Հայ լեռնագնացների միության, կամավորների, աշխատակիցների ջանքերով: «Ինչքան բարեկարգում, ավելի հարմարավետ ենք դարձնում բնապատմական արգելոցը, այնքան ավելանում է այցելուների թիվը, բնականաբար, ավելանում են նաև խնդիրները և ավելի մեծ ջանքեր պետք է ներդնել բնության անաղարտությունը պահպանելու համար»,- նշել է Սերգեյ Շահվերդյանը:

Հայ լեռնագնացների միության հետ նախարարոթյան համագործակցությունը նոր չէ, ամբողջ Արցախով այժմ հետիոտնային ճանապարհի բարեկարգման աշխատանքներ են ընթանում, որի միայն մի մասն է Հունոտի կիրճի ծրագիրը:

Հայ լեռնագնացների միության ներկայացուցիչ Գևորգ Գասպարյանը նշել է, որ բարեկարգման գաղափարը ծագել է անցած տարի՝ Թելման Ալթունի վազքից, երբ Թելման հասել էր Հունոտի կիրճ և խոստացել, որ կամուրջների հարցը կլուծվի: «Այսօր առաջին կամուրջն արդեն պատրաստ է: Ծրագրում ենք Շուշիից մինչև Քարին տակ հատվածում երեք կամուրջ կառուցել: Բացի դրանից, ծայրից ծայր բարելավվել է ամբողջ արահետը, դժվարանցանելի հատվածները փոխվել են, նորեր արահետներ են կառուցվել»,- մանրամասնել է Գևորգ Գասպարյանը՝ ավելացնելով, որ աա առաջին հերթին այցելուների անվտանգության հարցն է լուծում, ինչն իր հերթին հետագայում ավելի շատ այցելուներ կբերի տվյալ տարածք: Ըստ նրա՝ կատարված աշխատանքն ունի նաև էսթետիկ նշանակություն՝ մերված է բնության հետ: Նշել է, որ երկու ամսվա ընթացքում ավարտելու են բոլոր աշխատանքները, որից հետո կունենանք իդեալական արշավային երթուղի:

Հունոտի կիրճի բարեկարգման և կամուրջների տեղադրման աշխատանքներն իրականացվել են Հայ լեռնագնացների միության ֆինանսավորմամբ, որի մեծ մասը ստացվել է Թելմա Ալթունի մարաթոնից:

Կամուրջի վրայով առաջիններից մեկը անցել է Հայ լեռնագնացների միության Հունոտի կիրճ այցելած տասնյակ անդամներից մեկը՝ Լոս-Անջելոսից Ռոբերտ Ազարյանը, ով որպես կամավոր մասնակցել է կամուրջի կառուցման աշխատանքներին, մեծ ուրախություն է ապրել տեսնելով արդեն պատրաստ անցուղին: Նա հույս է հայտնել, որ բարեկարգված ճանապարհը կնպաստի այցելուների  թվի մեծացմանը:

1