Դարձյալ հրդեհ
Գլխավոր » Հասարակական » Դարձյալ հրդեհ

Դարձյալ հրդեհ

Հացահատիկի բերքահավաքի թեժ օրերին  Քաշաթաղի շրջանում, հնձին զուգահեռ, անընդհատ պայքար էր մղվում հրդեհները շիջելու համար: Բերքահավաքից հետո, թվում էր, վտանգը մնաց անցյալում, սակայն օգոստոսի սկզբից շրջանի հարավային թևի տարբեր վայրերում բռնկված հրդեհներն այս անգամ սպառնում են բնակավայրերին:

 

Այս առումով Հակարի գյուղում ձևավորվել է հակահրդեհային հերթափոխություն: Փրկարար պետական ծառայության Քաշաթաղի շրջանային բաժանմունքի հրշեջ-փրկարարներն այս օրերին գործում են ուժեղացված ռեժիմով: Օգոստոսի 6-ին հրդեհը հիմնականում տարածվել էր Հակարի համայնքի տարածքում՝ մոտենալով բնակավայրին: Հրշեջ-փրկարարների և համայնքի բնակչության ջանքերով բնակավայրը շատ չի տուժել: Ըստ Հակարիի համայնքի ղեկավար Գառնիկ Չոբանյանի տեղեկության` երեկոյան ժամը 4-ի կողմերը Ամուտեղի կողմերից կրակը թափանցել է իրենց համայնք: Կրակի ճարակ է դարձել համագյուղացիներից մեկի անասնագոմը և խոտի դեզը: Այրվել է նաև մի քանի հողատարածք:

 

Երեկոյան գյուղի արևելյան կողմի մոտակա անտառապատ ձորակում էր տարածվել կրակը, և հիմնականում այրվում էին անցած տարիներին դարձյալ հրդեհից չորացած գիհի ծառերը: Եթե ժամանակին տարածքում կատարվեր սանիտարական ծառահատում, հրդեհն ավելի հեշտ կլիներ հանգցնել: Այդտեղ էին Հակարիի բնակիչներ, շրջվարչակազմի աշխատակիցներ, հրշեջներ: Մեծ ջանքերի գնով տեղայնացվեց կրակը:

 

Օգոստոսի 7-ի երեկոյան այս տարածքում հերթապահում էր հրշեջ-փրկարարական մեկ հաշվարկ: ՀՓԾ շրջանային բաժանմունքի պետ Քերոբ Մովսեսյանի խոսքերով` այս օրերի ընթացքում շրջանի հարավային թևում այրվել է 5000 հեկտարից ավելի տարածք: Հրդեհաշիջման աշխատանքները դժվարանում են ռելիեֆի ոչ բարենպաստ լինելու պատճառով: Կրակը տարածվել է ձորորում, սարալանջերին և այլուր, որտեղ հնարավոր չէ մեքենայով հասնել: Հրդեհաշիջումն իրականացվում է ձեռքով: Ք.Մովսեսյանը նաեւ տեղեկացրեց, որ անցած օրը Լճաշեն գյուղի մոտակայքում հրդեհվել է հրշեջ մեքենան: Իսկ այստեղ արվում է հնարավորը, որ կրակը չբարձրանա դեպի Աղավնատուն համայնքի տարածք: Մինչ հրշեջները որոշում էին՝ ինչ միջոցներ ձեռնարկեն՝ կրակը տեղայնացնելու նպատակով, լուր հասավ, որ Աղաձոր համայնքում նոր հրդեհ է բռնկվել և սպառնում է բնակելի տներին:

 

Աղաձորում կրակը վառել էր մոտ 20 հա տարածք և մոտենում էր բնակելի տներին: Տեղի բնակիչներին օգնության էին հասել հարևան Երիցվանքից կամավորներ՝ համայնքի ղեկավար Զարզանդ Միքայելյանի հետ: Հաջողվել է փակել կրակի ճանապարհը և տեղայնացնել:

 

 Այգեկ համայնքի տարածքում նույն օրը նույնպես  հրդեհ էր: Կրակն արդեն հասել էր տներին: Մոտակա ջրհորից ջուր էին հանում նաև  երեխաները և հասցնում ավագներին, տղամարդկանց օգնում էին կանայք: Մի քանի ժամ անց հաջողվեց ամբողջությամբ շիջել կրակը եւ մի կերպ փրկել բնակելի տները:

 

Նույն օրը հրդեհ էր բռնկվել Ողջիի ավազանում և Երիցվանքի հարակից սարահարթերում:  

 

Հրդեհի վտանգը դեռ շարունակում է սպառնալ համայնքներին:

 

Զոհրաբ Ըռքոյան

1