Դաշնակցությունն ունի քաղաքական պատասխանատվության իր չափաբաժինը. Դավիթ Իշխանյան
— Վերջերս տեղի ունեցավ ՀՅԴ Արցախի կառույցի Շրջանային ժողովը եւ ընտրվեց ԿԿ նոր կազմ: Դուք վերընտրվեցիք ԿԿ ներկայացուցիչ: Առհասարակ ի՞նչ է Շրջանային ժողովը:
— Շրջանային ժողովը, դա շրջանի բարձրագույն ժողովն է, որը գնահատական է տալիս անցած երկամյակում կատարված աշխատանքներին եւ ուղենշում է առաջիկա երկու տարվա քաղաքական գիծը, եւ որին մասնակցում են ներկայացուցիչներ Արցախի բոլոր շրջաններից:
— Ի՞նչ արձանագրեց Շրջանային ժողովը, որո՞նք են լինելու առաջիկա կարեւորագույն ծրագրերը եւ ՀՅԴ Արցախի կառույցի առաջնային, օրակարգային հարցերը:
— Միանշանակ կարող եմ ասել, որ քաղաքական ուղեգծում եւ քաղաքական դիրքորոշումներում` այս ժողովի արդյունքում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այն քաղաքական ուղեգիծը, որը 2007 թվականից որդեգրել է ՀՅԴ Արցախի կառույցը, մնում է անփոփոխ: Այս ժողովի արդյունքում սկզբունքային հարցերում լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Թարմացվել է ԿԿ կազմը` 7-ից հասցնելով 9-ի: Նկատի առնելով առաջիկա տարիների քաղաքական զարգացումները, ՇԺ-ն որդեգրել է ավելի մեծ ծանրություն եւ պատասխանատվություն դնել նորակազմ ԿԿ-ի վրա: ՇԺ-ն իր որոշումներում եւ ընդունված բանաձեւերում արձանագրեց այն կարեւորագույն հիմնախնդիրները, որոնք առաջիկա երկամյակում պետք է լինեն ՀՅԴ Արցախի կառույցի հիմնական օրակարգում:
Շրջանային ժողովն անդրադարձել է Արցախում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր կացությանը եւ այդ վիճակից դուրս գալու որոշակի ուղիներին: Բնականաբար, նման կարգի ժողովներում ամբողջական ծրագրային հիմադրույթներ չեն ներկայացվում, այլ ռազմավարական սկզբունքներն են ճշգրտվում եւ տալիս են այն ուղղությունները, որի շուրջ պետք է գործի նորընտիր ԿԿ-ն: Կենտրոնական կոմիտեն` որպես մեր շրջանի գործադիր մարմին, պետք է այդ քաղաքական ուղեգծի շրջանակներում մշակի եւ փորձի լուծում տալ ծառացած հիմնախնդրի: Ժողովն անդրադարձել է մի շարք կազմակերպական խնդիրների, հիմնահարցերի եւ, նկատի առնելով այդ ամենը, կայացրել է համապատասխան որոշումներ:
Շրջանային ժողովի դիրքորոշմամբ` ներքին դաշտում իշխանությունների հետ հարաբերությունները բնականաբար մնում են անփոփոխ: Դաշնակցությունն Արցախում իշխանության մեջ լինելով հանդերձ` ունի պատասխանատվության իր չափաբաժինը իր քաղաքական կշռով եւ իր ներկայությամբ:
Արտաքին ճակատում մեր մարտահրավերները նույնն են. այն է` Արցախի հիմնահարցի լուծման գործընթացում նաեւ Արցախի իշխանությունների հետ ձգտել արտաքին ճակատի վրա տարվող աշխատանքներում արձանագրել հաջողություններ: Արցախի միջազգային ճանաչման գործընթացը օրակարգային հարցերից մեկն է, որն առաջիկա տարիներին մեր հիմնահարցերից մեկն է:
— Իշխանական օղակներում ի՞նչ դերակատարություն պետք է ունենա ՀՅԴ-ն:
— Այս ասպարեզում կարեւորագույն դերակատարություն ունեն երկու օղակներ. մեկը Արցախի խորհրդարանում ՀՅԴ ՙԴաշնակցություն՚ խմբակցության գործունեությունն է, որը լինելու է ոչ միայն օրենսդիր օղակում, այլ ընդհանրապես քաղաքական դաշտում մեր կարեւորագույն օղակներից մեկը:
Դաշնակցության Արցախի կառույցը իր մի շարք տեսակետներ, խնդիրներ փորձելու է երեւան հանել ՙԴաշնակցություն՚ խմբակցության մակարդակով: Մյուս կողմից` իշխանության մեջ գործող դաշնակցական պետական պաշտոնյաներն են, որոնք թվակազմով քիչ են, բայց իրենց ուսերին կրում են շատ մեծ ծանրություն եւ պատասխանատվություն: Այդ իսկ առումով` մեզ համար կարեւոր է օրենսդիր եւ գործադիր օղակներում աշխատող դաշնակցական ընկերների աշխատանքների համադրությունը, որն իրականացվում է է Կենտրոնական կոմիտեի միջոցով: Նկատի առնելով ներքին ծանր կացությունը, ժողովրդի մոտ ստեղծված սոցիալական եւ կենցաղային դժգոհությունների ալիքը, ապագայի նկատմամբ որոշակի հուսահատական մթնոլորտը, Դաշնակցության Արցախի կառույցը փորձելու է իր ջանքերը գործադրել այդ մտահոգությունները փարատելու եւ այդ հիմնախնդիրների լուծման տարբերակներ առաջարկելու ուղղությամբ: ՀՅԴ կառույցի առաջնային խնդիրներից մեկը հանդիսանում է վերաբնակեցման խնդիրը եւ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները: Թերեւս պետք է արձանագրենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում Արցախի իշխանությունների մոտ նկատելի է վերաբնակեցման ուղղությամբ կատարվող գործնական քայլեր: Այդ ոլորտում մասնավորապես դերակատարություն ունի դաշնակցական պաշտոնյա փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ով այդ ոլորտում արդեն իսկ լուրջ աշխատանքներ է նախաձեռնել իրականացնել: Այդ ոլորտում դաշնակցական պաշտոնյայի ներկայությունը եւ իր մոտեցումները կարող են ստեղծել նոր մթնոլորտ եւ նոր որակ վերաբնակեցման ոլորտում: Արդեն իսկ շրջանառության մեջ դրված ազգային վիճակախաղի գաղափարը կարող ենք դարձնել շարունակական եւ գործնական միջոց` այդ ոլորտում արմատական փոփոխություններ մտցնելու համար: Սակայն վերաբնակեցման ոլորտի համար կարեւոր է նաեւ Արցախի եւ Հայաստանի պետական բյուջեներում համապատասխան հատկացումների միջոցով ստեղծել այն հիմքը, որի շուրջ կարելի է կենտրոնացնել համահայկական այլ կառույցների միջոցները: Առանց պետական լուրջ քաղաքականության, որոնք պետք է արտացոլված լինեն նաեւ պետական միջոցներով, այս ոլորտում հնարավոր չէ հաջողությունների արձանագրում: Մենք Սիրիայից Արցախ տեղափոխված մեր հայրենակիցներին, իշխանության հետ համագործակցելով, փորձում ենք աջակցություն ցուցաբերել:
— Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ցանկացած ընտրությանը հաջորդող օրն արդեն սկսվում է հաջորդ ընտրությունների նախապատրաստական փուլը: 2015-թվականին Արցախում սպասվում են խորհրդարանական ընտրություններ. այդ առումով նկատելի՞ է արդյոք ակտիվություն ներքաղաքական շրջանակներում:
— Գաղտնիք չէ, որ արդեն Արցախում գործող քաղաքական ուժերի կողմից սկսվել է մրցավազք: Այդ ամենը չի կարող աննկատ մնալ Դաշնակցության Արցախի կառույցի ուշադրությունից: Առկա են որոշակի բացասական դրսեւորումներ, որոնք այնքան էլ հարիր չեն Արցախում գործող քաղաքական ուժերին: Այնուհանդերձ, մենք փորձելու ենք մեր սկզբունքներով եւ մեր մոտեցումներով համապատասխան աշխատանքներ ծավալել:
Այն, որ որեւէ ընտրությունից հետո սկսվում է հաջորդ ընտրությունների նախապատրաստումն ու պայքարը, դա բնական երեւույթ է: Սակայն ուզում եմ նշել որոշակի արատավոր երեւույթներ, որոնք մուտք են գործում մեր քաղաքական դաշտ: Չեմ ցանկանում անդրադառնալ Հայաստանի քաղաքական դաշտին, սակայն այն երեւույթները, որոնք առկա են Հայաստանում, կարծես թե ներմուծվում են Արցախ: Ես կուզենայի, որ քաղաքական ուժերի կողմից 2014 եւ հաջորդող 2015 թվականին մինչ ընտրությունները որդեգրվեն դասական քաղաքական մշակույթի դրսեւորման գործընթացներ, որոնք կարող են ավելի բարձր գիտակցականություն ապահովել եւ որով կարող են նաեւ ապագայում ազդեցություն թողնել Հայաստանի քաղաքական դաշտի վրա: Եվ Արցախում ձեւավորված քաղաքական մշակույթը օրինակ հանդիսանա թե Հայաստանի Հանրապետության եւ թե այլ երկրների համար: Այդ առումով` ՀՅԴ Արցախի կառույցը միշտ ունեցել է այդ սկզբունքներով առաջնորդվելու գիտակցությունը, եւ հույս ունենք, որ մեր հանրությունը այդ ամենը կտեսնի առաջիկա տարիների մեր դրսեւորումներում:
— Ձեր ամանորյա մաղթանքը մեր հայրենակիցներին:
— Ի վերջո, մենք հետեւում ենք թողնում այդ չարաբաստիկ 13 թիվը: Եթե մենք կարողացել ենք հաղթահարել այս ծանր տնտեսական, քաղաքական եւ բարոյահոգեբանական տարին, ես լիահույս եմ, որ 2014 թվականը լինելու է հաջողությունների եւ առաջընթացի տարի: ՀՅԴ Արցախի կառույցի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Արցախի ժողովրդի եւ աշխարհասփյուռ հայության Նոր տարին եւ Սուրբ ծնունդը` ցանկանալով բարօրություն: Թող մեր երկու հայկական պետությունների համար 2014 թվականը լինի ծաղկման եւ բարգավաճման տարի:
Պատրաստեց Անի ԱԶԱՏՅԱՆԸ