Դաշնակցության ներկայությունը՝ աներկբա ու անփոխարինելի
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Դաշնակցության ներկայությունը՝ աներկբա ու անփոխարինելի

Դաշնակցության ներկայությունը՝ աներկբա ու անփոխարինելի

Հայ իրականության մեջ վերջին 30 տարիներին ձևավորված քաղաքական դաշտում ժամանակ առ ժամանակ ականատեսը եղանք քաղաքական ուժերի, որոնք անամպ երկնքում անհետացող ասուպների նման մի պահ երևացին ու անհետացան: Քաղաքականության մեջ լինելն ինքնին պատասխանատվություն է, պատասխանատվություն, որը պետք է կարողանալ կրել հարատևորեն, իսկ այդ պատասխանատվության զգացումը արտացոլվում է այն ժամանակ, երբ քաղաքականություն ես մտնում գաղափարական հենքով:

Գաղափարական հենքը պարտադրում է կատարել քո առաքելությունը և չենթարկվել այս ու այն կողմից փչող քամիներին ու հոսանքներին: Իսկ նման գաղափարական-քաղաքական ուժ դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հավատարիմ, համոզմունքով լի և անձնուրաց թիմ, ովքեր ոչ թե քաղաքականության մեջ են մտել ինչ-որ պաշտոններ զբաղեցնելու, այլ հանուն գաղափարի ծառայելու համար: Ահա այդպես է Դաշնակցությունը: Այսօրվա դաշնակցական պատասխանատու անձը, երբ երեկ հալածվում էր իշխանությունների կողմից, բանտում էր, հավատարիմ էր նույն գաղափարին, ինչպես որ հիմա է: Դաշնակցության համար կարևոր չեն նախարարի պաշտոնն ու պատգամավորական աթոռը: Հիմնականը հայ ժողովրդին ու հայրենիքին ծառայելու գերագույն նպատակն իրականացնելն է: Ահա թե որն է այն գաղտնիքը, որի շնորհիվ Դաշնակցությունը միշտ ներկա է լինում քաղաքական ասպարեզում:

Հանրության առաջ պատասխանատվության բացակայությունն է պատճառը, որ միայն կարճ ժամանակով համակիրների դաշտ ապահոված քաղաքական ուժերը հաջորդ քաղաքական մրցավազքին հրաժարվում են անգամ մասնակցելուց: Իսկ նրանք առաջին հերթին փորձում են արդարանալ ուրիշներին մեղադրելով, և այս պարագայում հիմնականում մեղադրում են կայուն և հարատև պայքարին պատրաստ Դաշնակցությանը, քանի որ չունեն այն, ինչ ունի Դաշնակցությունը՝ հայ ժողովրդի պատմությունը կերտելու վաստակը: Պետք է մեղադրել, խարազանել նրան, ով միշտ ներկա է եղել և միշտ պատրաստ՝ ամենաթեժ պահերին ստանձնելու պատասխանատվություն:

Վերջին հարյուր տարիների ընթացքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը բազմիցս ապացուցել է իր այդ ունակությունը. Հայաստանի Առաջին Հանրապետության՝ Հայկական պետականության կերտումը, Եղեռնից հետո աշխարհասփյուռ բազմահազար հայորդիների համար սփյուռքյան օջախներում հայապահպանության օջախներ ստեղծելու ծանր պարտականությունը, Արցախյան պետականության ակունքներում գտնվելն ու Արցախյան ազատագրական շարժման ռահվիրան լինելը, Թուրքիայի դեմ հայ ժողովրդի պահանջատիրության դրոշակակրի դերի ստանձնումը և այդ ուղղությամբ ամեն տեսակի զոհողությունների գնալու պատրաստակամությունը: Ահա այն ուղին, որի արդյունքում ձևավորվել է քաղաքական դաշտում իր ուրույն տեղն ունեցողի վաստակը: Իսկ այդ վաստակը պարտավորեցնող է:

Անկախ Հայաստանի Հանրապետությունում կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներից՝ Դաշնակցությունն իր խոսքն ունի ասելու հայ ժողովրդին. ասելիք կա, ուրեմն քաղաքական դաշտում ներկայությունն աներկբա է և անփոխարինելի:

«Ապառաժ»-ի խմբագրական, 16 նոյեմբեր, 2018թ.

1