Գորգագործությունը՝ մշակույթի պահպանման ու զարգացման կարեւոր գործոն
Հասմիկ Մխիթարյանն աշխատում է ‹‹Ղարաբաղ կարպետ›› ՍՊԸ-ում՝ որպես ընկերության արտադրության պետ: Հասմիկը ծնվել ու ապրել է Երեւանում, սակայն նրա արմատներն ավելի խորն են ձգվում, նրա ծնողները ծնունդով մշեցի են եւ մեծ դեր են ունեցել ոչ միայն Հասմիկի դաստիարակման, այլեւ նրա մասնագիտության ընտրության գործում: Այսօր Հասմիկն Արցախում է ՝ իր ջանքն ու եռանդը նվիրելով Արցախում գորգագործության զարգացման կարևոր գործին:
-Տիկին Հասմիկ, ինչպե՞ս եւ ե՞րբ եղավ Ձեր մուտքը գորգագործություն, որքա՞ն տարի է, որ աշխատում եք այդ ասպարեզում:
-Գորգագործություն սովորել եմ տատիկիցս ու մայրիկիցս, ովքեր տնայնագործ գորգագործներ են եղել: Ծնողներս արմատներով Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքից են: Սերը գորգագործության հանդեպ, կարելի է ասել, ժառանգություն է տատիկիցս ու մայրիկիցս: Մանկուց նստում էի նրանց կողքին եւ հետեւում նրանց աշխատանքին: Եւ այդպես՝ գորգագործությունը դարձավ իմ կյանքից անբաժանելի: Արդեն հիսուն տարի է աշխատում եմ այդ ասպարեզում: Երեւանում աշխատել եմ մի շարք հայտնի գորգագործական – կարպետագործական ընկերություններում, սկզբում որպես կարպետագործ, ապա՝ արտադրության պետ:
2013 թվականին հրավիրվեցի Արցախ, տեղափոխվեցի ու սկսեցի աշխատել ‹‹Ղարաբաղ կարպետ›› նորաբաց ընկերությունում՝ որպես արտադրության պետ: Այսօր ես իմ փորձը փոխանցում եմ տեղի գորգագործներին, հետեւում ու վերահսկում նրանց աշխատանքը: Ինքս, սակայն, չեմ գործում: Ինձ համար շատ ուրախալի է, որ այսօր երիտասարդ շատ գորգագործներ են այստեղ աշխատում, եւ մեծ սիրով ու եռանդով են անում իրենց գործը:
-Ի՞նչ է Ձեզ համար գորգագործությունը՝ արվե՞ստ, ստեղծագործությու՞ն, թե՞ աշխատանք:
-Գորգագործությունն արվեստ է ,մշակույթ՝ համեմված ստեղծագործությամբ: Ես ձգտում եմ գորգագործներին փոխանցել այն գիտակցումը, որ սա սոսկ աշխատանք չէ, այլ կարևոր մի գործ մշակույթի պահպանման ու զարգացման ասպարեզում, և որ նրանցից ամեն մեկը կարեւոր աշխատանք է անում այդ ոլորտում:
-Ապրելով ու աշխատելով Արցախում՝ կարող ենք վստահ ասել, որ դուք հայրենանվեր գործ եք կատարում՝ ներդրում ունենալով Արցախում գորգագործության զարգացման գործում: Ի՞նչը ձեզ դրդեց գալ Արցախ:
-Ինձ միշտ հետաքրքրել է արցախյան գորգագործությունը, հատկապես հին արցախյան գորգերն ու նրանց նախշերը: Այսօր ես շատ ուրախ եմ, որ մաս եմ կազմում արցախյան գորգերի վերականգնման գործում: Արցախը մեր հայրենիքի մի մասնիկն է, որի բարգավաճման գործին յուրաքանչյուրս պիտի մասնակից լինենք:
Ես այստեղ երբևէ ինձ օտար չեմ զգացել, ավելին՝ Արցախն իմ երկրորդ տունն է, իմ օջախը, իսկ իր սեփական տան մեջ մարդ երբեք իրեն օտար չի կարող զգալ:
-Որքանո՞վ է այսօր հաջողվում կազմակերպել հին արցախյան գորգերի վերարտադրումը, կարելի է ասել՝ վերածնունդը: Ի՞նչ խնդիրներ կան այս հարցի հետ կապված:
-Այսօր մենք լրջորեն հետաքրքրված ենք հին արցախյան գորգերի վերարտադրմամբ, այդ ուղղությամբ մեր դիզայներները կատարում են լուրջ աշխատանքներ, ուսումնասիրում են թանգարաններում կամ առանձին մարդկանց մոտ պահպանված հին գորգերի նախշերը եւ փորձում դրանք նորից , նույն ձեւով վերարտադրել: Այս ծրագրով փորձում ենք աշխարհին ներկայացնել, որ սրանք հայկական, տիպիկ արցախյան գորգեր են, քանզի, ինչպես գիտեք, այսօր ադրբեջանական քարոզչական մեքենան փորձում է դրանք իրենց վերագրել, ժխտել հայկական ծագումը:
Յուրաքանչյուր աշխատանքում լինում են խնդիրներ,սակայն կազմակերպված, կոլեկտիվ աշխատանքի շնորհիվ կարողանում ենք դրանք հարթել ու զգալի արդյունքի հասնել: Յուրաքանչյուր աշխատանքում կարեւորը նպատակի գիտակցումն է:
Հարցազրույցը՝ Հերմինե ԱՎԱԳՅԱՆԻ