Գասպար Կարապետյան. ԵԽԽՎ պատգամավորների մեծ մասը քվեարկել է առանց ճշմարտությունն իմանալու
Գլխավոր » Քաղաքական » Գասպար Կարապետյան. ԵԽԽՎ պատգամավորների մեծ մասը քվեարկել է առանց ճշմարտությունն իմանալու

Գասպար Կարապետյան. ԵԽԽՎ պատգամավորների մեծ մասը քվեարկել է առանց ճշմարտությունն իմանալու

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում այսօր տեղի է ունեցել երկու հակահայկական բանաձեւերի նախագծերի քննարկումը, որի ընթացքում բանաձեւերից մեկն ընդունվել է, մյուսը՝ոչ:

 

Այս թեմայի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանի հետ:

 

<<ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախումբը մինչեւ վերջին րոպեները պայքարում էր, որպեսզի այդ երկու հակահայկական բանաձեւերը մերժվեն: Համենայնդեպս, բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի ներկայացրած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցը մերժվել է: Այս բանաձեւն ավելի վտանգավոր էր մեզ համար, քանի որ բանաձևի նախագծում ներկայացված էին հայկական կողմի համար անընդունելի մի շարք կետեր, որտեղ կոչ է արվում <<դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը>>: Այդ զեկույցը, փաստորեն, Ադրբեջանում է կազմվել, եւ ունի զուտ քաղաքական բովանդակություն,- նշել է Գ.Կարապետյանը եւ հավելել,- Մ.Մարկովիչի ներկայացրած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» զեկույցն ավելի հումանիտար հարց է, սակայն, չնայած դրան, Մ.Մարկովիչը մեկ պարբերությամբ փորձել է քաղաքականի վերածել այն: Այդ զեկույցն ընդունվել է, որովհետեւ այն ավելի եւրոպական հարց է եւ հիմնված է զորքերը դուրս բերելու նախկին բանաձեւի վրա, որը գոյություն ուներ արդեն Եվրոպական վեհաժողովում>>:

 

<<Հետեւելով ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների քննարկմանը՝ համոզվել եմ, որ պատգամավորների մեծ մասը քվեարկել են առանց ճշմարտությունն իմանալու եւ հարցի իրողությունը ճշտելու: Ընդհանուր այդ պատկերն էր տիրում այսօր ԵԽԽՎ-ում>>,- շեշտել է Գ.Կարապետյանը:

 

Դեկտեմբերի սկզբին, երբ հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ում քննարկվելու են այդ զեկույցները, Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը այդ ուղղությամբ լուրջ աշխատանք է ծավալել, մի շարք երկրներ է այցելել՝ տեղում հանդիպումներ ունենալով Հայ Դատի հանձնախմբերի անդամների եւ տվյալ երկրների քաղաքական ներկայացուցիչների հետ:

 

Գ.Կարապետյանը նաեւ նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որպես մանդատ ունեցող միակ կազմակերպություն, շարունակելու է զբաղվել բանակցային գործով, եւ ուրիշ ոչ մի կազմակերպության կամ կառույց չպետք է խանգարեն եւ խոչընդոտեն նրա աշխատանքներին:

 

<<Մինսկի խումբը պետք է շարունակի իր աշխատանքները՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Մենք պետք է ապացուցենք, որ Ադրբեջանը, զենքեր կիրառելով եւ խնդիրը պատերազմի վերածելով, իր նպատակին չի կարող հասնել: Ահա սրանում պետք է վստահ լինել>>,-շեշտել է Գ.Կարապետյանը:

1