Բունդեսթագը պարտավորված է զգում քայլերի դիմել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում. Օզդեմիր

News.am
Բունդեսթագն իրեն պարտավորված է զգում քայլերի դիմել հայերի եւ մյուս քրիստոնյաների ցեղասպանության ճանաչման գործում, քանի որ դա Գերմանիայի պատմության մի մասն է: Այս մասին WDR 1 պարբերականում գրել է Հայոց ցեղասպանության բանաձեւի նախաձեռնող, Կանաչների խմբակցության ղեկավար Ջեմ Օզդեմիրը:
Նա հիշեցնում է, որ որպես Օսմանյան կայսրության երբեմնի դաշնակից՝ Գերմանական ռեյխը քաջատեղյակ էր սարսափելի հանցագործությունների մասին, սակայն միջամտելու կամ բողոքելու փոխարեն որոշել էր ոչինչ չձեռնարկել:
«Այդ դեպքում ինչու՞ մենք նախկինում ոչինչ չէինք ձեռնարկում: Ինչու՞ դեռ 2005-ին Բունդեսթագը վերջին համատեղ հայտարարության մեջ հստակ չձեւակերպեց, որ կատարվածը ցեղասպանություն է: Պատասխանը վերջին 11 տարվա զարգացումների մեջ պետք է փնտրել: Թուրքիայում քաղաքացիական հասարակությունն այդ ընթացքում հսկայական առաջընթաց քայլ է կատարել»,- ասում է Օզդեմիրը:
Շարունակելով հոդվածը՝ նա գրում է, որ հիմա Ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ միջոցառումներ, գիտաժողովներ եւ հիշատակի արարողություններն են կազմակերպվում: « Այդ ուղին գցողներից էր նաեւ թուրքահայ լրագրող, իմ բարեկամ Հրանտ Դինքը, որը 2007-ին դավադրաբար սպանվեց: Դրանից հետո մենք սպասում էինք, որ կվավերացվեն 2009-ի ցյուրիխյան արձանագրությունները, սակայն Անկարան ու Երեւանը դեռ լուռ են, իսկ սահմանը՝ փակ»,- գրում է պատգամավորը:
Օզդեմիրը ընդգծում է, որ այս համատեղ բանաձեւով իրենք ուզում ենք օգնել Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը, որը պայքարում է ցեղասպանությանն առերեսվելու համար: « Սակայն մենք նաեւ ուզում ենք Հայաստանին ու Թուրքիային խթանել դեպի մերձեցման: Եվ Գերմանիայի մեղսակցությունը այդ պատմության վերանայման առաքելությունն է»,- եզրափակում է հեղինակը: