Բաքուն շարունակում է ռազմի շեփոր հնչեցնել
Առաջին անգամը չէ, իհարկե։ Եվ քանի որ մշտական է, մենք կարծես թե արդեն ընտելացել ենք այդ սպառնալի շեփորահարությանը, որ նպատակ ունի վախի, սարսափի, խառնաշփոթության ու խուճապի տրամադրություն ու իրավիճակ առաջացնել` սկսած շփման գծի դիրքերից մինչեւ հայոց զուգապետության՝ Հայաստանի եւ Արցախի խորքերը։
Ինչ խոսք, առավել քան ապարդյուն են Ադրբեջանի այդ եւ նման բոլոր ջանքերը։ Քանզի, քաջ գիտակցելով, որ անմիջական հարեւանությամբ գտնվող թշնամական ուժի սպառնալիքը մշտատեւ առկայություն է մեր ժողովրդի համար, մեզնից յուրաքանչյուրը եւ մենք բոլորս միասին խաղաղ արարմանը զուգընթաց համաժամանակ լծված ենք մեր բազմադարյա բնօրրանի պաշտպանությանը՝ որպես սերնդեսերունդ ի պահ տրված եւ պարտադիր փոխանցման ենթակա սրբազան պարտք ու առաքելություն։
Եվ այսօր ահա Բաքուն դարձյալ պատերազմի սպառնալիք է հոխորտում մեր դեմ։ Ոչ հերթական պատերազմի։ Այլ՝ ի շարունակումն։ Ի շարունակումն այն ագրեսիայի, որ նա սանձազերծել է անցյալ դարի 80-ական թվականների վերջերից՝ ի պատասխան Ղարաբաղյան շարժման։ Բայց այն ժամանակ Բաքվի խոփը, ինչպես ասում են, քարի դեմ ընկավ։ Նորահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարողացավ համախմբել ժողովրդին, ինքնապաշտպանության ջոկատները եւ ստեղծել կանոնավոր բանակ, պաշտպանել հայրենի երկիրը, նաեւ, ջախջախիչ պարտության մատնելով ոսոխին, ազատագրել նախկին ինքնավար մարզից կրկնակի անգամ ավելի հարակից յոթ լեռնային ու հարթավայրային շրջաններ, պատմական Արցախի տարածքներ, որոնք փաստորեն ադրբեջանական գերության մեջ էին հայտնվել նույն դարասկզբի խառը ժամանակներում։
Անգամ 1994-ի մայիսյան հրադադարը, որ հաստատվեց վերջնական պարտության հեռանկարից խուսափած Բաքվի իշխանությունների թախանձագին խնդրանքների արդյունքում՝ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ, իրականում արտաքին պարտադրանք էր հակահարձակման անցած հայկական զորքերին՝ հրաժարվելու տակավին գերության մեջ գտնվող Շահումյանի շրջանն ու Գետաշենի ենթաշրջանն ազատագրելու միանգամայն իրատեսական եւ իրագործելի գաղափարից, չշարունակելու առաջխաղացումը դեպի հակառակորդի տարածքային խորքերը։ Եվ, փաստորեն անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրն ընդամենը պայմանականորեն խորհրդանշել էր մարտական գործողությունների դադարը, այլ ոչ բուն պատերազմի ավարտը։ Իսկ այդ միջանկյալ ժամանակը, հանրահայտ է, օդ ու ջրի պես Ադրբեջանին անհրաժեշտ էր սեփական զինուժի հետագա լիարժեք կազմավորման, սպառազինման ու մարտունակության ապահովման համար՝ պատրաստ լինելու պահին պատերազմը նոր թափով վերսկսելու նպատակով։
Որպես իրողություն՝ ընդունենք, որ եթե Հեյդար Ալիեւի կառավարման շրջանում Ադրբեջանի բանակաշինության գործընթացն ընդամենը հասցրել էր հաղթահարել մեկնարկային փուլը, ապա նրա որդու՝ Իլհամ Ալիեւի նախագահության օրոք այն զգալի առաջընթաց է ապրել։ Օգտագործելով ածխաջրածնային ռեսուրսների արտահանման արդյունքում ստացված վիթխարի ֆինանսական միջոցները՝ Բաքուն կարողացել է օրինական եւ անօրինական ճանապարհներով իր զինանոցը լցոնել զանգվածային ոչնչացման արդիական զինատեսակներով, ստեղծել սեփական ռազմական արդյունաբերություն, սպայական կազմը համալրել թուրքական, ռուսական, եվրոպական երկրների կրթական հաստատություններում համապատասխան ռազմական ուսումնառություն անցած զինվորականներով։
Միեւնույն ժամանակ, ձգտելով հասնել ռազմական գերակշռության, Բաքուն այդպիսով իսկ, բացի ռազմական գործոնից, նաեւ անընդհատ տնտեսական մարտահրավեր է նետում Հայաստանին եւ Արցախին՝ ստիպելով լծվել իր նախաձեռնած սպառազինման մրցավազքին եւ այդ նպատակով ուժերի ու հնարավորությունների գերլարմամբ նույնպես դիմել լրացուցիչ ռազմական մեծ ծախսերի, ինչը, բնականաբար, զգալիորեն բացասաբար է անդրադառնում հայոց զուգապետության սոցիալ-տնտեսական կյանքի վրա։
Այնուամենայնիվ, չնայած այդ կերպ առաջացող դժվարություններին, թե Հայոց բանակը եւ թե Արցախի Պաշտպանության բանակը, ինչպես հավաստում են մեր երկու երկրների քաղաքական ու ռազմական ղեկավարները, լիովին ապահովված են համարժեք սպառազինությամբ եւ ունակ իրականացնելու թե հուսալի պաշտպանություն եւ թե, անհրաժեշտության դեպքերում, ծավալելու հակահարձակողական գործողություններ։ Հիմնվելով լրահոսի տեղեկատվության վրա՝ կարելի է հաստատապես ասել, որ առ այսօր կողմերի միջեւ առկա է որոշակի ռազմական հավասարակշռություն, ինչը Բաքվին ստիպում է առժամանակ հետաձգել պատերազմի վերսկսման գործընթացը, որոնելու ու ձեռք բերելու սպառազինության նոր միջոցներ՝ այդպիսով իսկ վերականգնելով այդ առումով ոչ հեռավոր անցյալի իր գերիշխող դիրքը։ Մասնավորապես, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Բելառուսից համազարկային կրակի ՙՊոլոնեզ՚ հրթիռային համակարգ ձեռք բերելու խնդրին, ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը ՙՆովոստի Արմենիի՚-ին տված հարցազրույցում նշել է. «Սպառազինության նոր տեսակների ցանկացած լուրջ ձեռքբերում խախտում է հավասարակշռությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Իսկ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ Թե կոնկրետ ինչպես է օգտագործվելու տվյալ համակարգը, կախված է մարտավարական եւ ռազմավարական իրավիճակից»։
Ինչպես ցույց տվեց 2016-ի ապրիլյան պատերազմի ընթացքը՝ նույն այդ գերիշխող դիրքը, մեղմ ասած, չնպաստեց Բաքվի ռազմական հաջողությանը, չարդարացրեց հույսերը՝ հանկարծակի հարձակմամբ եւ արդիական զինատեսակների կիրառմամբ վերահսկողության տակ առնելու Արցախի Հանրապետությունն ամբողջապես՝ յոթ հարակից շրջաններով հանդերձ։ Էլ չեմ ասում, որ հօդս ցնդեց նաեւ ՀՀ մի զգալի տարածքը՝ հյուսիսից Ջերմուկի եւ հարավից Մեղրու ուղղություններով ընդարձակ միջանցք բացելու եւ Նախիջեւանին միանալու, իսկ վերջինիս միջոցով՝ Թուրքիայի հետ ՙՄեծ Թուրան՚ ստեղծելու թուրք-ադրբեջանական զառանցական գաղափարը։
Որքան էլ զավեշտալի հնչի, այնուամենայնիվ Բաքվում այսօր էլ շարունակում են ծնծղաներ հնչեցնել ապրիլյան պատերազմում ադրբեջանական զինուժի իբր թե տարած հաղթանակի վերաբերյալ։ Ահա այդ ծնծղահարության վերջին օրինակներից մեկը, որտեղ սիրող երաժշտի դերում հանդես է գալիս պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիեւը. ՙԱպրիլյան մարտերը մեծ հարված են հասցրել հայկական բանակին եւ ջարդել են թշնամու ողնաշարը՚։ Եվ դա ասում է իրավիճակին լավատեղյակ մի բարձրաստիճան զինվորական, ում համար, ի տարբերություն ադրբեջանական լայն հանրության, գաղտնիք չեն, թե մարդկային ուժի եւ ռազմական տեխնիկայի ինչ վիթխարի կորուստներ է կրել իր երկրի զինուժը մարտական գործողությունների ընդամենը չորս օրվա ընթացքում։ Իրականում նրան քաջ հայտնի է, որ ապրիլյան այդ օրերին նույնպես ադրբեջանական խոփը վերստին քարի էր դեմ ընկել, ավելի ճիշտ կլիներ ասել՝ ապառաժի, քանզի դիրքապահ հայ զինվորների ու սպաների, նրանց միացած աշխարհազորային կամավորականների ցուցաբերած հերոսական դիմադրությունն ապառաժի պես շատ ավելի հոծ ու աներեր էր, քան խոփի բերանն ընկած սովորական քարը։ Ասել է թե՝ ինչպես մարդուժի, նույնպես եւ արդիական զինատեսակների ադրբեջանական ակնհայտ գերակշռությունն անզոր գտնվեցին գետնելու մարդկային գործոնը՝ հայրենիքի սիրով տոգորված հայ ռազմիկի աներեր կամքի, անձնվեր խիզախության ու հերոսականության ուժը։
Ավելին, անհավասար պայմաններում կենաց ու մահվան կռվի ելած հայկական զորամասերը պատրաստ էին անցնելու վճռական հակահարձակման, ինչը, անկասկած, թշնամու կողմից ժամանակավոր գրաված դիրքերի եւ հարակից բարձունքների ու սարահարթերի, նաեւ պատմական Արցախ աշխարհի գերյալ մյուս տարածքների ազատագրման հնարավորություն էր ընձեռում։ Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ավելի շուտ եկավ, քան ուրբաթը կգար: Լիակատար պարտության մտավախության դրդմամբ՝ Բաքուն, ինչպես որ 1994-ի մայիսին էր, ստիպված էր դարձյալ շտապ դիմել Մոսկվային՝ մուրալով նրա ազդեցիկ միջնորդությունը արցախյան զինուժի կողմից սկիզբ առած հակահարձակողական գործողությունները դադարեցնելու համար։
Ու եղավ այն, ինչ հայտնի է։ Շարունակեմ խոսքս։ Եվ այսպես, հունիսի 27-ին Բաքվում տոնականորեն նշվել է ադրբեջանական բանակի ստեղծման 100-ամյակը՝ արտասահմանյան մի շարք երկրների քաղաքական ու զինվորական գործիչների մասնակցությամբ։ Ի դեպ, զորահանդեսն անց է կացվել գրեթե փակ ռեժիմով։ Լրագրողներին կտրականապես արգելվել էր մուտք գործել հրապարակ, իսկ քաղաքի կենտրոնական մասը շղթայված էր ոստիկանական ուժերով։ Ասել է թե՝ այսպես կոչված ՙհամաժողովրդական տոնն՚ անցել է առանց ժողովրդի մասնակցության։ Բայց դա չէ էականը։ Էականն այն է, որ զորահանդեսին ցուցադրվել են Ռուսաստանից, Բելառուսից, Թուրքիայից, Իսրայելից, Չեխիայից եւ Սլովակիայից, Միացյալ Նահանգներից, այլ երկրներից գնված եւ ադրբեջանական զինուժը համալրած բազմապիսի ցամաքային եւ օդային կիրառման զինատեսակներ։ Դրանք հիմնականում հեռահար ու զանգվածային ոչնչացման համազարկային կրակի կամ օդային ռմբահարության զինատեսակներ են, որոնք նախատեսված են նոր պատերազմում մեկ թիրախի՝ Հայաստան-Արցախի դեմ ուղղելու համար եւ ինչը Բաքուն չի էլ թաքցնում, ընդհակառակը՝ բացահայտ ասում է այդ մասին։ Կրկնելով՝ դարձյալ նշեմ, որ սպառազինության այդ գնումները կատարված են մասամբ օրինական, բայց առավելապես ոչ օրինական զարտուղի ճանապարհներով, այսինքն՝ գործող միջազգային օրենքների խախտմամբ ու շրջանցմամբ։ Այդ մասին, անշուշտ, քաջատեղյակ են ինչպես մատակարար պետությունները, նույնպես եւ սպառազինության առք ու վաճառքին հետեւող եւ ողջ այդ գործընթացը վերահսկող միջազգային կառույցները։ Առավել եւս, որ այդ մասին քանիցս ահազանգել են տարբեր երկրների հեղինակավոր լրատվամիջոցները։ Բայց այդ ամենը, կարելի է ամենայն վստահությամբ ասել, միջազգային հանրությանը եւ գերտերություններին չի էլ հետաքրքրում։ Չի հետաքրքրում նաեւ այդ զենք ու զինամթերքի ձեռքբերման նպատակը, ինչի մասին Բաքուն պարբերաբար բարձրաձայնում է իր հակահայ հոխորտանքներում։
Իսկ որ Բաքուն պատրաստվում է նոր լայնածավալ պատերազմի՝ դաս չառած ապրիլյան արկածախնդրության ընթացքում կրած պարտությունից, կարծում եմ, աներկբա է։ Այդ նպատակին են հետամուտ հուլիսի 2-ին սկիզբ առած զորավարժությունները, որոնք, համաձայն Բաքվի լրահոսի, կշարունակվեն մինչեւ հուլիսի 6-ը։ Այդ կապակցությամբ անցած շաբաթ հանդես գալով նախարարության ղեկավար կազմի հետ անցկացրած ծառայողական խորհրդակցության ժամանակ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտնել է, թե զորավարժություններն իրականացվում են «Ադրբեջանի զավթված տարածքներն ազատագրելու, այդ թվում՝ հակառակորդի ամբողջ ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման նպատակով նախատեսված ամենաարդիական սպառազինությունը եւ զինտեխնիկան գործնականում կիրառելու համար»։ Ադրբեջանը, հայտարարել է նա, պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծմանը։ «Հակառակորդը կզգա ադրբեջանական բանակի ողջ հզորությունը»,- հոխորտալի սպառնացել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը։
Հարց է ծագում՝ ինչպես 2016-ի ապրիլին էր, արդյո՞ք հնարավոր է, որ այս անգամ եւս մեզ համար անակնկալ իրականացվի ադրբեջանական ագրեսիան։ Ի պատասխան՝ ուզում եմ մեջբերել Hetq.am լրատվական կայքի համարժեք հարցմանն Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի օրերս տված պատասխանը՝ «Անակնկալ, իհարկե, չի լինի, որովհետեւ մենք անընդհատ հետևում ենք ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին: Հարցն այլ հարթությունում պետք է դիտարկել, քանի որ արդեն գործ ունենք ժամանակակից ռազմատեխնիկական հնարավորություններով օժտված հակառակորդի հետ: Սա նշանակում է, որ ի տարբերություն երեկվա, հակառակորդի նախահարձակ մտադրությունը կռահելու համար մենք մեր տրամադրության տակ ունենալու ենք ժամեր, այլ ոչ թե օրեր: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ այսօր մենք մեր նախապատրաստական եւ կանխարգելիչ գործողություններն իրականացնում ենք հենց այդ հանկարծակիության գործոնի հաշվառումով: Համոզված եմ, որ օպերատիվ-մարտավարական այս նոր պայմաններում եւս մեր բանակը գտնվելու է իր բարձրության վրա եւ պատվով է կատարելու առաջադրված խնդիրը»: Հուսանք՝ սպառիչ է ասված։
Միքայել Հաջյան