Բարոյականությունն ու քաղաքականությունը
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Բարոյականությունն ու քաղաքականությունը

Բարոյականությունն ու քաղաքականությունը

Հաճախ ենք լսել այն արտահայտությունը, որ քաղաքականությունը անբարոյականություն է: Սակայն, արի ու տես, որ իրենց կյանքի ու գործունեության գնով՝ քաղաքական գործիչներ կան, որ հակառակն են փաստել: Եվ տրամաբանորեն այն եզրակացությունն է ստացվում, որ նրանք, ովքեր տարածում են քաղաքականությունն անբարոյականություն համարող միտքը՝ իրենց արարքներն արդարացնելու համար փորձում են գտնել բանաձեւ:

2019թ. առաջին մեկուկես ամսում առիթ ունեցանք հիշելու հայ ժողովրդի արդի պատմության մեջ մեծ դերակատարություն ունեցած չորս անձնավորության: Հունվարին նշվեց Ստեփան Զորյանի (Ռոստոմ) եւ Արամ Մանուկյանի մահվան 100-ամյակները: Իսկ փետրվարին Պետրոս Ղեւոնդյանի մահվան 25-ամյակն ու Արթուր Մկրտչյանի ծննդյան 60-ամյակը:

Ռոստոմը համարվում է ՀՅԴ հիմնադիրներից մեկը: Նա ներկա չի եղել Դաշնակցության Հիմնադիր ժողովին, սակայն այն ազդեցությունը, որ ունեցել է Դաշնակցության գաղափարական եւ կազմակերպչական գործունեության նախնական փուլում, պատճառ է դարձել, որ ինքը եւս հիշատակվի՝ որպես հիմնադիր եռյակի անդամ:  Ինչպես բնութագրում էր Սիմոն Վրացյանը՝ եթէ Քրիստափորը եղաւ Հ.Յ. Դաշնացութեան միտքն ու կամքը, եւ Զաւարեանը՝ նրա սիրտն ու խիղճը, Ռոստոմը ե՛ւ միտքն էր, ե՛ւ կամքը, եւ խիղճը:

Արամ Մանուկյանը հայոց պետականության վերականգնման միտքն է ու գործը: Եվ դա արտացոլվել է դեռ 1915թ. Վանի ինքնապաշտպանության ժամանակ, երբ, փաստորեն, Վանում հայկական պետություն է ստեղծվել: Իսկ հետո, 1918թ. Հայաստանի Հանրապետության հիմնադրի կոչման է արժանացել նա:

Արթուր Մկրտչյանը մերօրյա պատմության ամենալուսավոր դեմքերից մեկն է: Նույնիսկ Արթուր Մկրտչյանի գաղափարական հակառակորդները մի բիծ անգամ չեն կարող գտնել նրա ազնվության եւ բարոյական կերպարի մեջ:  Համարձակորեն կարելի է ասել, որ Արթուրը հանդիսացել է Արցախի Հանրապետության անկախության եւ պետականության ստեղծման հիմնական գաղափարակիրներից մեկը:

Իսկ Պետրոս Ղեւոնդյանը, լինելով հրամանատար, զոհվել է՝ ի խնդիր վիրավոր զինվորի փրկության: Պետոն Դաշնակցության գումարտակի փոխհրամանատարն էր, եւ ինչպես մարտական ընկերներն են ասում՝ գումարտակի ոգին:

Վերը նշված չորս անձանց հիշելով՝ մեկ անգամ եւս վերադառնանք խմբագրականում նշված առաջին պարբերությանը: Առաջնորդ դառնալու համար կարեւոր են բարոյական արժեքները: Մարտական դաշտում, թե քաղաքական բեմահարթակում տնօրինելու, ղեկավար ունակություններից բացի՝ այն մերանը, որն առաջնորդի տիպար է ձեւավորում, բարոյականությունն է:

Իսկ բարոյական արժեքներ կրելու հիմնական բաղադրիչներից մեկը համեստ վարքագիծն է: Մի բան, որին քիչ ենք ականատես լինում այսօր: Հայկական իրականության մեջ արծարծվող թեմաներ են պետական պաշտոնյայի՝ ինքնապարգեւատրումն ու կառավարության ծրագրի քննարկման ժամանակ սանձարձակ հոխորտանքներն ու բուռն ինքնագոհությունը: Ինչ-որ տեղ պակասում է բարոյականությունը…

«Ապառաժ»-ի խմբագրական, 18 փետրվար, 2019թ.

1