Բանակցությունների օրակարգից պետք է հանվեն մադրիդյան սկզբունքները
Արցախի Հանրապետության ԱԺ փոխխոսնակ Վահրամ Բալայանը Փաշինյան-Ալիև բանակցություններից մեծ սպասելիքներ չունի: Tert.am-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ բանակցությունների օրակարգից պետք է հանվեն մադրիդյան սկզբունքները, դրանցով հաջողության հասնել հնարավոր չէ, հայկական կողմին ձեռնտու չեն:
Վահրամ Բալայանը նաև ընդգծեց, որ տեղին է համարում Դավիթ Տոնոյանի կողմից հնչեցված հայտարարությունները՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» սկզբունքի համատեքստում:
— Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ բանակցությունների վերաբերյալ: Նա նշել է, որ քննարկվել են Արցախը բանակցային սեղան վերադարձնելու, մադրիդյան սկզբունքների և հանրություններին խաղաղության նախապատրաստելու հարցերը:
— Ընդհանուր առմամբ, ցանկացած բանակցություն դրական եմ համարում, եթե չկա բանակցություն, չկա սեղանի շուրջ երկխոսություն, դրան հաջորդում է պատերազմը: Նախընտրելի է, որ բանակցային գործընթացները շարունակվեն: Բայց, իհարկե, մեծ սպասելիքներ չկան, որովհետև այս պահին երկու կողմերի մոտեցումներն այնքան տարբեր են, մասնավորապես, Ադրբեջանի դիրքորոշումը շատ ծայրահեղական է, անհնարին է որևէ համաձայնության հասնել: Վերջին շրջանում որևէ պայմանի չեն համաձայնում, իրենք պայման են դնում, որ արցախահայությունը պետք է հրաժարվի իր պետականությունից, որը, իհարկե, անհնար է իրագործել, ինչպես ասում են, վերադարձ անցյալին չկա, ստեղծել ենք պետականություն, պիտի ամրապնդենք:
Իհարկե, Ալիևը չի համաձայնի բանակցային գործընթացին ներգրավել Արցախը: Ես մտածում եմ, որ միգուցե դրանով են նրանք փորձում ձախողել հետագա բանակցությունները: Ըստ էության , եթե արցախյան կողմը չմասնակցի բանակցություններին, անհնարին է հասնել հարցի որևէ կարգավորման: Բայց, ինչպես ասում են, խոսել պետք է, քննարկել պետք է, և կարծում եմ, որ կարող են նաև հումանիտար բնույթի ծրագրեր իրականացնել, որոշակի ծրագրեր, որոնք հնարավորություն կստեղծեն, որ Ադրբեջանի ժողովրդի մոտ որոշակի տրամադրություն ձևավորվի:
Մենք խնդիր չունենք որպես երկիր, պետականություն, մեր հարցը վաղուց՝ 1994 թ. պատերազմի ավարտից հետո ենք լուծել, մենք ունենք մեր հրամանները, Սահմանադրությունը, բանակը, կառավարությունը, մնում է այդ ամենի իրավական ձևակերպումն ապահովել: Պետական, ժողովրդի կողմից ընտրված Արցախի իշխանությունը պետք է մասնակցի և լուծում ապահովվի: Նիկոլ Փաշինյանի ասածի մեջ ճշմարտություն կա, վերջիվերջո Արցախի ժողովուրդը վստահության քվե չի տվել ՀՀ վարչապետին և չի ընտրել: Իհարկե, ԱՀ-ն իր ժողովրդի ընտրած ղեկավարությամբ պետք է այդ ամենին մասնակցի: Բանկցությունները կարող է վարել ծնունդով շիրակցի, բայց ներկայացնի Արցախի իշխանություններին:
— Մադրիդյան սկզբունքների քննարկումը որքանո՞վ է ձեռնտու հայկական կողմին: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այդ մասով անհրաժեշտ են պարզաբանումներ:
— Մեզ համար անընդունելի են այդ սկզբունքները, բանակցությունները, ամենայն հավանականությամբ, մինչև հիմա այդ սկզբունքների շուրջ են ընթանում, որը, բնականաբար, մեզ հետ չի քննարկվել: Կարծում եմ, որ պետք է մադրիդյան սկզբունքները օրակարգից հանել, մաքուր էջից սկսել, շատ-շատ հարցեր կան, որոնք լուծումներ են պահանջում: Անհնարին է այդ փաստաթղթի շուրջ բանակցություններով որևէ հաջողության հասնել:
— Կարո՞ղ ենք ասել, թե հանդիպումից հետո վստահության մթնոլորտ է ստեղծվել, թե՞ սահմանին լարվածություն կարող է լինել:
— Կարծում եմ՝ սկզբնական շրջանում որոշակի բեռնաթափում կլինի, բայց վստահ լինել, որ Ադրբեջանը չի գնա սադրանքների, դժվար է, վերջիվերջո միլիարդավոր դոլարների զենք է ձեռք բերում, միայն հետապնդելով մի նպատակ. ոչնչացնել Արցախի Հանրապետությունը, հասնել Սևանա լիճ, Երևան:
— Մի կողմից խոսվում է հանրություններին խաղաղության նախապատրաստելու մասին, մյուս կողմից էլ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսում է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» սկզբունքի մասին, նրա հայտարարությանն ինչպե՞ս եք վերաբերվում, հակասություն չկա՞:
— Տոնոյանի հայտարարության հետ համամիտ եմ: Մենք տարիներ շարունակ մեզ խելոք ենք պահել, որ բանակցային գործընթացը չձախողվի, մենք փորձել ենք Ադրբեջանի հետ քաղաքակիրթ ձևով վարվել, բայց Ադրբեջանն ամեն սահման անցնելով՝ անընդհատ ռազմատենչ հայտարարություններ է անում, այլ դիրքերից է խոսում: Պաշտպանության նախարարը ճիշտ է, ԱՀ նախագահն էլ էր վերջին տարիներ այդ մասին խոսում: Աստված չանի, ռազմական գործողություններ լինելու պարագայում դրանք տեղափոխվելու են հակառակորդի դաշտ՝ Ադրբեջանի տարածք:
Ադրբեջանում 1994 թ. մինչև հիմա հակահայական հիստերիայի պայմաններում խոսել են այն մասին, որ Ադրբեջանում պատրաստ են խաղաղության, դժվար է, դա բավականին երկարատև գործընթաց է, բայց Ադրբեջանի ղեկավարությունը պիտի իր մեջ քաջություն գտնի՝ քայլեր կատարելու այդ ուղղությամբ, այդ ժամանակ կխոսենք և գնահատական կտանք: