Բազմահազարանոց հանրահավաք Ստամբուլում՝ ընդդեմ Էրդողանի
Ստամբուլի կենտրոնում երեկ երեկոյան տեղի է ունեցել հանրահավաք՝ ընդդեմ Թուրքիայի նախագահ Էրդողանի ու նրա կառավարության, տեղեկացնում է BBC-ն։ Հանրահավաքին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Նրանք բողոքում են անցած տարի Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրում ծայր առած զանգվածային ձերբակալությունների ու կրճատումների դեմ։
Հանրահավաքին նախորդել էր «Արդարության երթը», որը մեկնարկել էր Անկարայից՝ հունիսի 15-ին։ Մասնակիցները անցնելով ավելի քան 400 կմ՝ եզրափակիչ հավաք են անցկացրել Ստամբուլի Մալթեփե թաղամասում, որտեղ բանտարկված է Հանրապետական ժողովրդական կուսակցությունից պատգամավոր ընտրված Էնիս Բերբերօղլուն։ Թուրքական դատարանը նրան 25 տարվա ազատազրկման է դատապարտել երկրի Ազգային հետախուզական ծառայության, մասնավորապես՝ այդ կառույցին պատկանող ու պարբերաբար թուրք-սիրիական սահմանը հատող բեռնատարների մասին կեղծ տեղեկատվություն տարածելու մեղադրանքով։ Բերբերօղլուն չի ընդունում իր մեղքը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հանրապետական ժողովրդական կուսակցությանը մեղադրել է ընդդիմադիր կուսակցության գործունեության ոլորտից դուրս գործելու եւ ահաբեկիչներին աջակցելու մեջ։
Հիշեցնենք, որ հեղաշրջմանն աջակցելու մեղադրանքով ձերբակալվել է ավելի քան 50 հազար մարդ, մոտ 140 հազարն էլ ազատվել կամ հեռացվել է աշխատանքից։