«Արցախպրես»-ի sms քվեարկություն. «Այդպիսի տվյալներին պետք չէ արժանահավատորեն վերաբերվել»

«Արցախպրես» լրատվական գործակալության նախաձեռնությամբ օգոստոսի 15-ին մեկնարկած sms քվեարկությունը հասարակության շրջանում տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տվել:
Ստեփանակերտի ավագանու թեկնածու Սիրանուշ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Փող աշխատելու եւ փողով «վարկանիշ» ստեղծելու ոչ նուրբ արվեստը…. Նախ այս «հանճարեղ բիզնես» գաղափարով դուք խրախուսում եք ֆինանսական ավելի մեծ հնարավորություններ ունեցող թեկնածուներին՝ իրենց համար վարկանիշ ձեւավորել: Ու, քանի որ երկիրը եւ, համապատասխանաբար, նաեւ համայնքները փոքր են ու ընտրողների թիվն էլ քիչ է, այս ամենն ավելի ակնառու է դառնում»,- նշել է թեկնածուն՝ համակիրներին եւ ընտրողներին կոչ անելով իր օգտին sms չուղարկել:
Ստեփանակետի ավագանու մեկ այլ թեկնածու՝ Սասուն Համբարձումյանը, ում օգտին օգոստոսի 18-ին հրապարակված տվյալներով՝ ամենաշատ sms հաղորդագրություններն են ուղարկվել, շնորհակալություն հայտնելով իր օգտին քվեարկած քաղաքացիներին՝ կոչ է արել «ժամանակի եւ ռեսուրսների անտեղի վատնումից խուսափելու համար» այլեւս չմասնակցել sms քվեարկությանը եւ կենտրոնանալ «սեպտեմբերի 8-ին կայանալիք իրական ընտրությունների վրա»:
Շահումյանի շրջանի Նոր Մանաշիդ համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրված Հրայր Սարգսյանն «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ տեղյակ չէ «Արցախպրես»-ի նախաձեռնած sms քվեարկությունից:
«Այսինքն, առանց նախազգուշացնելու՝ իմ անունն ընդգրկվել է ինչ-որ քվեարկությունում, եւ պարզվում է, որ իմ օգտին քվեարկող չի եղել: Իհարկե, քվեարկող չի լինելու, քանի որ ոչ ես, ոչ իմ հարազատները, համագյուղացիները տեղյակ չէինք քվեարկությունից: Այդ քվեարկության արդյունքները բացարձակապես չեն կարող հիմք հանդիսանալ ընտրությունների արդյունքների համար»,- ասել է Նոր Մանաշիդի համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն:
Տեղեկացնենք նաեւ, որ այսօր հրապարակված տվյալների համաձայն՝ օգոստոսի 15-ից մինչեւ օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածը Արցախի 228 համայնքներից միայն 23 համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուների օգտին է ուղարկվել sms հաղորդագրություն (ընդամենը 571 sms հաղորդագրություն):
Հայաստանում կայացած բազմաթիվ ընտրությունների ժամանակ սոցիոլոգիական հարցումներ անցկացրած «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, մեկնաբանելով «Արցախպրես»-ի նախաձեռնած սոցհարցումը, նշել է, որ այդպիսի տվյալներին պետք չէ արժանահավատորեն վերաբերվել:
«Քվեարկությանը մասնակցած մի քանի հարյուր մարդը շատ քիչ են. դա վիճակագրական հավաստի տվյալ չի կարող լինել: Պետք է յուրաքանչյուր 10000 բնակչից առնվազն 1000-ին հարցնել,- ասել է Ահարոն Ադիբեկյանը եւ շեշտել,- դա նուրբ գիտություն է, եւ բարձր մասնագիտական որակներ է պահանջում իրականացնողներից»:
Նշենք նաեւ, որ ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը խիստ վիրավորական տոնով հրաժարվել է մեկնաբանել «Արցախպրես»-ի նախաձեռնած sms քվեարկությունը՝ նշելով, որ «ժամանակ չունի», եւ «Ապառաժ»-ին առաջարկել է այդ հարցով դիմել ԿԸՀ-ի քարտուղար Սերգեյ Մելքումյանին, որն էլ իր հերթին չի ցանկացել մեկնաբանություն տալ:
Տաթեւիկ Աղաջանյան
Լուսինե Թեւոսյան