Արցախում Ուշուն զարգացման մեծ հեռանկարներ ունի
Գլխավոր » մշակույթ » Արցախում Ուշուն զարգացման մեծ հեռանկարներ ունի

Արցախում Ուշուն զարգացման մեծ հեռանկարներ ունի

Հայ սեւ գոտիների միջազգային ակադեմիան  նշում է իր 40-ամյակը:  40-ամյակի միջոցառումները տեղի ունեցան օգոստոսի վերջին Արցախում, որին մասնակցում էին Հայ սեւ գոտիների միջազգային ակադեմիայի հիմնադիր Կարո Քեբաբջյանը, Արցախի պատոնատար անձինք, արտասահմանյան հյուրեր, մարզիկներ եւ այլն:

 

Միությունը հիմնադրվել է 1974-ին, Լիբանանում՝ Քոնկֆուի աշխարհի չեմպիոն, Մեծ վարպետ Կարո Քեբաբջյանի կողմից: Ակադեմիայի նպատակն էր հայ երիտասարդին մարզել թե ֆիզիկապես, թե բարոյապես: Տասնյակ հազարավոր երիտասարդներ մաս են կազմել միությանը, որն առաջին հերթին նպատակ է հետապնդել ցանկացածի մեջ կերտել Հայ մարդուն:

 

Միությունը մասնաճյուղեր է հիմնել Սփյուռքի տարբեր գաղթօջախներում՝ Հունաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Սիրիայում, Կանադայում եւ այլուր:

 

1994-ից միությունը մուտք գործեց Հայաստան, եւ 1997-ից այն պաշտոնապես գրանցվեց՝ հիմնելով Հայ սեւ գոտիների միության Հայաստանի մասնաճյուղը, ապա ԼՂՀ-ում նույն թվականին հիմնեց Ուշու-քոնկֆուի ֆեդերացիան:

 

Այդ տարիներին տարբեր մարզիչներ գործուղվեցին Արցախ՝ օժանդակելու նորաբաց ֆեդերացիայի աշխատանքներին:

 

ԼՂՀ Ուշուի ֆեդերացիայի տնօրեն եւ մարզիչ Սայաթ Բաղդասարյանը առաջիններից էր, որ Արցախում սկսեց զբաղվել ուշուով: Սկզբում մարզիկ, ապա մարզիչ, իսկ 2011 թվականից՝ ֆեդերացիայի նախագահը նշում է, որ ԼՂՀ Ուշուի ֆեդերացիան երկար ու հաղթանակներով լի ճանապարհ է անցել, եւ հավատում է, որ դեռ ամենամեծ հաղթանակներն առջեւում են:

 

Պատմում է, որ  1997 թվականից Արցախում պատանիներին եւ երիտասարդներին մարզում էին լիբանանահայ Հարութ Ադամյանը եւ ֆրանսահայ Հարութ Բերբերյանը, որոնց նպատակն էր մեկ տարվա ընթացքում մարզիչներ պատրաստել եւ տեղափոխվել  Լիբանան ու Ֆրանսիա:

 

«Սակայն Հարութ Ադամյանը մնաց մինչեւ 2005 թվականը, որի արդյունքում Հայ սեւ գոտիների ակադեմիայի Արցախի մասնաճյուղն ունեցավ 12 մարզիչներ, եւ 12 գյուղերում  ունեցանք մասնաճյուղեր՝ 8 տարվա ընթացքում ունենալով մոտավորապես 3500 աշակերտ, իսկ 1997-ից առ այսօր՝ 5000 մարզիկ»,-ասաց Սայաթ Բաղդասարյանը:

 

Սայաթ Բաղդասարյանը, մեջբերելով վարպետ Կարո Քեբաբջյանի խոսքերը՝ «Արցախում ինչքան զինվոր կա, այնքան էլ մարզիկ պետք է լինի, որպեսզի հարկ եղած դեպքում փոխարինեն մեր զինվորներին», շատ է կարեւորում հենց այս  մարտարվեստի զարգացումը, քանի որ՝ այն նախ կոփում է միտքը, ապա մարմինը, եւ կոփված միտք ու մարմին ունեցողն արդեն իսկ անպարտելի զինվոր է:

 

1997-ից առ այսօր ֆեդերացիան տվել է բազում չեմպիոններ, թե աշխարհի, թե Եվրոպայի, թե Հայաստանի առաջնության հաղթողներ՝ Եվրոպայի չեմպիոն Դավիթ Պետրոսյան, Դավիթ Գրիգորյան, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Գրիգորյան: Եւ այս անունները շարունակական են:

 

Սույն թվականի օգոստոսին Պեկինում տեղի ունեցած Քոնկֆու — Ուշուի աշխարհի առաջնությունում, պարտության մատնելով Ադրբեջանի եւ Թուրքիայի մարզիկներին, մեր մարզիկները՝ Դավիթ Պետրոսյանը  եւ Վարդգես Մանասյանը  տիրացան աշխարհի առաջնության գավաթներին:

 

Հարցին՝ թե որն է մեր մարզիկների հաղթանակի գրավականը, մարզիչ, Ուշուի ֆեդերացիայի նախագահ Սայաթ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես ձեզ կստեմ, եթե ասեմ, որ մենք գերազանցում ենք չինացիներին այս մարտարվեստի տեխնիկայով, սակայն մենք ուրիշ՝ առավել կարեւոր առավելություն ունենք. դա ոգին է եւ հավատը մեր ուժերի հանդեպ: Մեր տղաները գնում են հաղթելու՝ ուրիշ հարց չկա դրված նրանց առջեւ»:

 

Սայաթ Բաղդասարյանը ցավով է նշում, որ  վերջին մի քանի տարիների ընթացքում ֆինանսական դժվարությունների պատճառով աշակերտների քանակը զգալի չափով քչացել է, փակվել են  շրջանների մասնաճյուղերը: Ֆինանսապես չկարողացան ապահովել այն մարզիչներին, որոնք գյուղերում էին աշխատում: Մարզիչներից շատերն էլ ուրիշ աշխատանքներ գտան:

 

Ամեն տարի ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի կողմից ստանում են ֆեդերացիաների համար նախատեսած գումար, որը կազմում է տարեկան ընդամենը 1 միլիոն 600 հազ. Դրամ: Այդ գումարը նախատեսված է միջոցառումներ եւ մրցույթներ կազմակերպելու համար: Մարզիկներից միայն 3 հոգի են սպորտկոմիտեից աշխատավարձ ստանում, սակայն այդ աշխատավարձը բավարար չէ կյանքի կարիքները հոգալու համար: 

 

Հիմա Ուշուի ֆեդերացիան ունի  6 մարզիչ, որոնք հիմնականում պարապում են Ստեփանակերտ քաղաքում:  Մազիկների թիվը հասնում է 120-ի: Սեպտեմբերի սկզբին արդեն Մարտունի քաղաքում բացվեց  մասնաճյուղ: Այժմ ֆեդերացիան նպատակ ունի Ղարաբաղի բոլոր շրջկենտրոններում մասնաճյուղեր  բացել, որից հետո մասնաճյուղեր կբացվեն նաեւ գյուղերում:

 

«Այսօր մեծ ուշադրություն ենք դարձնում արտերկրում տեղի ունեցող մրցույթների մասնակցությանը: Սպորտկոմիտեն եւս աջակցում է: Սակայն ցավով պետք է նշեմ, որ սպորտկոմիտեն էլ այդ հնարավորությունները չունի, որպեսզի բոլոր ցանկացողներին ֆինանսավորի: Եթե, օրինակ, աշխարհի առաջնությանը պետք է մասնակցեն 4 մարզիկ, 2-ին ֆինանսավորում է սպորտկոմիտեն, մյուս 2-ի համար մենք փորձում ենք այլ  աղբյուրներով միջոցներ հայթայթել՝ մասնակցությունն ապահովելու համար»,- նշում է Սայաթ Բաղդասարյանը:

 

Սայաթ Բաղդասարյանը նշում է, որ Արցախում Հայ սեւ գոտիների միջազգային ակադեմիայի   40-ամյակը տոնելը պատահական չէր, քանի որ՝ նախ եւ առաջ ուրվագծվեցին մեր ապագայի անելիքները: Առաջիկայում կլուծվեն նաեւ ֆինանսական մի շարք խնդիրներ:

 

Նա նաեւ  վստահություն հայտնեց, որ ուշուն այն մարտարվեստն է, որը  զարգացման մեծ հնարավորություններ ունի Արցախում: Դա բազմիցս ապացուցել են մեր մարզիկները: Նաեւ վստահ է, որ 2020 թվականին ուշուն օլիմպիական մարզաձեւ հռչակելու դեպքում անպայման կունենանք արցախցի օլիմիպիական չեմպիոններ: 

 

Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ

 

1