Արցախում համանախագահներն անակնկալի են եկել
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Նախագահի հետ հանդիպումը տեվել է 1.5 ժամ, որից հետո ռուսաստանցի համանախագահը լրագրողներին հայտնեց, որ չեն պատրաստվում ճեպազրույց ունենալ եւ իրենց տեսակետը տարածաշրջան կատարած այցի մասին կհրապարակեն իրենց պաշտոնական էջում:
«Մեր այցելության հիմնական շեշտը դրված է տարբեր շրջանների հետ ծանոթանալու, ինչպես նաեւ մարդկանց հետ շփվելու վրա»,- նշեց ռուսաստանցի համանախագահը: Ըստ Իգոր Պոպովի համանախագահները պատրաստվում են հանդիպել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ սահմանում առկա իրավիճակը քննարկելու համար:
Համանախագահների հետ կայացած հանդիպման ժամանակ Արցախի նախագահը շեշտել է, որ Արցախի համար անկախությունն ու ազատությունը բացառիկ արժեքներ են եւ վերադարձ անցյալին` թե կարգավիճակի, թե սահմանների առումով, անհնարին է:
Այն, որ Ղարաբաղի բնակչությունը համաձայն չէ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացված 6 կետերի հետ ապացույցն էր երեկ Բերձորում տեղի ունեցած բողոքի ակցիան:
Ըստ ամերիկացի համանախագահի երեկ Բերձորում անակնկալի են եկել. «Մենք հարգում ենք բնակչության իրավունքը, որվքեր խաղաղ ձեւով ներկայացնում են իրենց իրավունքները: Ինձ համար անակնկալ էր երեկվա բողոքի ակցիան, այնուամենայնիվ, ես մեքենայից դուրս եկա եւ շատ օգտակար զրույց ունեցա բողոքի ակցիայի մասնակիցների հետ: Ես կարծում եմ, որ շատ օգտակար է իմանալ տարբեր կարծիքներ այս տեսանկյունից, լինելով Ղարաբաղում, ես իսկապես ծանոթացա տարբեր կարծիքների հետ եւ կարծում եմ, այն օգտակար կլինի:
Ըստ Ուորլիքի արդեն երկու տասնամյակ է՝ ինչ նախկին եւ ներկայիս համանախագահներն աշխատում են, որպեսզի գտնեն հակամարտության կարգավորման լուծումը եւ ամենավատ տարբերակն ամերիկացի համանախագահի գնահատմամբ կլինի հակամարտության վերսկսումը, սակայն Ուորլիքը գտնում է նաեւ, որ չնայած կարող է անհամաձայնություն լինի, սակայն եթե բոլորս միասին աշխատենք կկարողանանք ինչ-որ ելք գտնել:
«Լեռնային Ղարաբաղը չափազանց գեղեցիկ երկիր է եւ ես տպավորված եմ տեսնելով երիտասարդներին եւ բոլորիս պարտքն է, այնպես անել ամեն ինչ, որ այստեղ լինի խաղաղություն, որպեսզի նոր սերունդը ապրի խաղաղ պայմաններում»,- հավաստիացնում է ամերիկացի համանախագահը եւ հավելում է,- «Մեր հիմնական նպատակն այն է, որ հարավկովկասյան տարածաշրջանում լինի երկարատեւ խաղաղություն եւ կայունություն եւ մարդկանց համար ստեղծենք բարեկեցության պայմաններ»:
Ուորլիքը ներկայացրեց տեսակետ իր կողմից ներկայացված բանակցային 6 կետերի մասին, որոնց դեմ են արցախցիները: «Այն 6 կետերը, որոնք ես ներկայացրել եմ, դրանք նոր բան չեն եւ նախկինում էլ դրանց մասին խոսել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները: Իհարկե, սրանք վերջնական տարբերակներ չեն, դեռեւս պետք է դրանք քննարկենք, սակայն դրանք կարող են հիմք հանդիսանալ հետագա կարգավորման համար: Խնդիրների թաքցնելը Ճիշտ չէ եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի եւ արժանի է, որպեսզի իմանա այդ ամենի մասին եւ հայտնի իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը: Կարծում եմ, որ սա անկեղծ երկխոսության հիմքն է»:
Հիշեցնենք, որ երեկ Բերձորում ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ բողոքի ակցիա վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից հնչեցված Ղարաբաղյան հակամարտությանը լուծմանն ուղղված կետերի դեմ: Բողոքի ակցիային են միացել Արցախի երիտասարդական եւ հասարակական մի շարք կազմակերպություններ, բերձորցիներ: