Արցախում կազմակերպվել է ամենամյա ջահերով երթ
Գլխավոր » Երիտասարդական » Արցախում կազմակերպվել է ամենամյա ջահերով երթ

Արցախում կազմակերպվել է ամենամյա ջահերով երթ

Ապրիլի 23-ին Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական և «Արամ Մանուկյան» ուսանողական միությունների նախաձեռնությամբ կազմակերպվել է Հայոց Ցեղասպանության զոհերի 103-րդ տարելիցին նվիրված ամենամյա ջահերթ:

«Ապրելու ապրիլ» խորագիրը կրող ջահերթը մեկնարկել է Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակից դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Նախքան երթը եկեղեցում տեղի է ունեցել Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողություն, ելույթ է ունեցել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Ջահերթին մասնակիցները այրել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները, բարձրացրել են դատապարտող պաստառներ, վանկարկելով՝ «Հայ զինվորը կանխեց նոր ցեղասպանությունը», «Թուրքիայի ձեռքերն արյունոտ են», «Ճանաչում», «Հատուցում», «Հայը պահանջատեր է, թուրքը՝ ցեղասպան»:

20-րդ դարասկզբի եղեռնը ամենաթողության ու անպատժելիության մարմնացում էր ու ամենևին պատահական չէ, որ այն գտավ շարունակություն, հասավ մինչև Բաքու, Սումգայիթ, Մարաղա: Իսկ 2016-ի ապրիլն եկավ ապացուցելու, որ ցեղասպանի ձեռագիրը դար իսկ հետո ամենևին չի փոխվել, եկավ ապացուցելու, որ հանձնվելու և չպայքարելու իրավունք չունենք, ապացուցելու, որ անկոտրում է ու աննահանջ հայ զինվորի ոգին: Ապրիլը ապրել սովորեցրեց, ցավով, բայց և հաղթանակով: Հաղթանակեցինք մեր հզոր բանակի, պետականության ու միասնության շնորհիվ: Թերևս այդ էր 1915-ի և 2016-ի տարբերությունը՝ բանակ, պետականություն:

«Ուղիղ 103 տարի առաջ իր նախնյաց հողի վրա ցեղասպանության ենթարկվեց հինավուրց ու ստեղծագործ մի ժողովուրդ: Ադրբեջանցի կոչվող թուրքերը ցեղասպանություն կկատարեին նաև Արցախում, եթե նրանց չդիմադրեր հայ զինվորը»,- Ստեփանակերտի հուշահամալիրում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Գայանե Գրիգորյանը՝ կոչ անելով միջազգային կառույցներին, հանրությանը իրենց ձայնը բարձրացնել, որպեսզի ոճրագործները պատասխանատվության կանչվեն ու պատժվեն հայ ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների համար:

ՀՅԴ ԱԵՄ-ի Վարիչ Մարմնի ներկայացուցիչ Մերուժան Սուլեյմանյանը նշել է, որ պահանջատիրական ջահերթը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի պատժվել: «Մենք պարտավոր ենք հիշել 1915թ. Ցեղասպանությունը, 1988թ. Սումգայիթը, 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը: 2016թ. հայ զինվորն ապացուցեց, որ ապրիլն այսուհետ կլինի ապրելու ապրիլ: Մենք շարունակելու ենք պայքարել ոչ միայն ճանաչման, հատուցման, այլ նաև ամբողջական հայրենիքի վերականգնման համազգային նպատակի համար»,- նշել է Մերուժան Սուլեյմանյանը:

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է, որ երթը սգո երթ չէ, այլ ոգեկոչման, հատուցման պահանջի. «1960-ական թթ.սկսված Հայոց Ցեղասպանության ճանաչման պայքարն այսօր մտել է նոր փուլ, այսօր մենք պետք է պայքարենք Ցեղասպանության քրեականացման, մեր ժողովրդի բռնագրավված ունեցվածքի հետբերման, հայրենազրկված հայրենիքի վերադարձի համար և ես հավատացած եմ, որ այսօրվա մեր անկախության սերունդը կիրագործի այն»:

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել «Մռակած» պետական կամերային երգչախումբը:

Հավելենք, որ նույն օրը ջահերով պահանջատիրական երթեր  են կազմակերպվել նաև Մարտունի, Ասկերան, Բերձոր և Կովսական քաղաքներում:

 

 

 

 

 

 

 

 

1