Արցախում են ՀՅԴ Ֆրանսիայի Երիտասարդական Միության անդամները
ՀՅԴ «Նոր Սերունդ» Ֆրանսիայի երիտասարդական միության մի խումբ անդամներ այս օրերին գտնվում են Արցախում: Այցի նպատակը 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում և դրանից հետո զոհված զինծառայողների և կամավորների ընտանիքներին հանդիպելն էր: Ինչպես նշում է ՀՅԴ «Նոր Սերունդ»-ի վարչության անդամ Ցոլին Ջինյանը, Ֆրանսիայի երիտասարդական միության անդամները վեց ամիս շարունակ աշխատել են այս ծրագիրն իրագործելու համար: Ֆրանսիայի Մարսել, Փարիզ և Վալանս քաղաքներում կազմակերպված համերգների հասույթը որոշել են օգտագործել ծրագիրն իրականություն դարձնելու համար:
«Ինչ-որ անում ենք շատ չնչին տոկոսն է հերոսների արածի համեմատ, բայց ուզում ենք ասել, որ սփյուռքահայն անտարբեր չէ Արցախում կատարվող դեպքերի նկատմամբ և միշտ հայրենիքի կողքին է»,- ասում է Ցոլինը:
Ֆրանսիայի երիտասարդական միության անդամները ՀՅԴ Արցախի Երիտասարդական միության անդամների հետ մի քանի օրվա ընթացքում այցելել են Արցախի շրջաններում և Ստեփանակերտում ապրող նահատակ զինվորների ընտանիքներին և իրենց զորակցությունն ու աջակցությունը փոխանցել նրանց:
Երիտասարդները, բացի դրամական աջակցությունից, ընտանիքներին են փոխանցել Ալֆորվիլի «Սողոմոն Թեհլիրյան» Պատանեկան Միության անդամների նամակը: Պատանիների համար սուրբ նահատակները անձնազոհության եւ ազգասիրության տիպար են, որոնց պարտական ենք այսօրվա Հայաստանի և Արցախի անկախության համար:
ՀՅԴ «Նոր Սերունդ» միության անդամները նախատեսում են այցելել նաև սահմանը հսկող զինվորներին: