Արցախի շրջիկ տիկնիկային թատրոնը 1 տարեկան է
«Երեք տարի առաջ, նոյեմբերի 20-ին, մի մառախլապատ օր Ստեփանակերտ եկանք: Ծանոթների միջոցով սենյակ էինք զբաղեցրել: Երբ հասանք, տեսանք կիսախարխուլ, կիսանկուղային տուն է: Հայրս մեզ հետ էր: Տունը տեսնելով՝ ասաց՝ եկեք հետ վերադառնանք, այստեղ ապրելու տեղ չէ: Ես պնդեցի, որ մնալու ենք: Երկուսով վստահ էինք մեր կայացրած որոշման մեջ՝ անկախ ամեն ինչից:
Մի քանի օր հետո լավ բնակարան գտանք, իսկ ավելի ուշ մեր սիրելի Շուշի քաղաքում բնակարան գնեցինք,- ասում է Գոհար Թաթիկյանը ու ավելացնում, որ Արցախում ապրելու գաղափարը նրա մոտ ծագեց, երբ առաջին անգամ Արցախ եկավ եղբոր բանակի երդմնակալության արարողությանը: Հետագայում գաղափարով նաեւ ոգեւորեց ամուսնուն՝ Էդգարին:
‹‹Մենք հանգստություն շատ ենք սիրում: Այստեղ այն տեղն է, ուր մենք շատ մոտ ենք մեր էությանը: Այստեղ ապրում, ստեղծագործում ու վայելում ենք կյանքը: Մեզ եկվոր, վերաբնակիչ չենք համարում: Մենք արցախցի ենք, ովքեր ապրում են Արցախի առօրյայով, լավ ու վատով»,- շարունակում է Էդգար Թաթիկյանը:
Էդգարը ծնվել է Երեւանում, Գոհարը՝ Եղեգնաձորում: Սովորել են Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դրամատիկական թատրոնի ռեժիսուրա բաժնի նույն կուրսում: Միաժամանակ նաեւ աշխատում էին Երեւանի «Ագուլիս» տիկնիկային թատրոնում:
Արցախ տեղափոխվելուց հետո աշխատանքի անցան Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում:
‹‹Թատրոնում աշխատելու ժամանակ ներկայացման համար անհրաժեշտ էր տիկնիկներ պատրաստել, իսկ թատրոնը բավարար գումար չուներ դրա համար, որոշեցի հանձն առնել այդ գործը, եւ ստացվեց››, — ասաց Գոհարը:
Գոհարն ասում է, որ տիկնիների նկատմամբ յուրահատուկ մոտեցում ունի:
‹‹Մանկությունս համընկավ պատերազմի եւ հետպատերազմյան ժամանակաշրջանի հետ: Փոքր ժամանակ ես՝ ինչպես հասակակիցներս, տիկնիկներ չունեի, եւ միշտ երազում էի տիկնիկներ ունենալ: Տիկնիկներ ստեղծելով, այսպես ասած, մանկական երազանքս իրականացրի,››,- ասում է Գոհարը:
Առաջին տիկնիկի պատրաստման հետ Գոհարի եւ Էդգարի մոտ առաջացավ իրենց շրջիկ տիկնիկային թատրոնի ստեղծման գաղափարը: Թատրոնի շրջիկ լինելու գաղափարը Էդգարինն է, ասում է՝ դրա մեջ ռոմանտիկ բան է տեսնում:
‹‹Նախկինում գրեթե բոլոր թատրոնները շրջիկ էին, այդպիսով բոլորը՝ նույնիսկ ամենահեռավոր գյուղի բնակիչը, հնարավորություն էր ունենում թատրոն հաճախել››,- ասում է Էդգարը:
Իրենց ‹‹3 խնձոր›› տիկնիկային թատրոնի ծնունդը համարում են հուլիսի 14-ը. հենց այդ օրն էլ առաջին անգամ ներկայացում բեմադրեցին:
Այսօր թատրոնում աշխատում են 4 հոգով՝ Էդգարը պիեսներն է գրում, աշխատում որպես դրամատուրգ եւ դերասան, Գոհարը ռեժիսոր, տիկնիկագործ ու դերասան է: Թատրոնում աշխատում են եւս երկու դերասաններ:
«Օսըմ» հիմնադրամի հովանավորությամբ բեմադրեցին «Արքայադստեր 100 համբույրը»: Տիկնիկային թատրոնով ներկայացումներ են բեմադրել սահմանամերձ գյուղերում՝ Մատաղիս, Թալիշ, Խրամորթ, Ուղտասար:
Պատմում են, որ երեխաները մեծ ոգեւորությամբ էին դիտում ներկայացումը, եւ նշում, որ անհամբեր սպասում էին հաջորդ ներկայացումներին:
‹‹Մենք սիրով ներկայացում կբեմադրեինք նույնիսկ այն գյուղերում, ուր ընդամենը 4 երեխա կա: Պետք է, որ յուրաքանչյուր երեխա, անկախ բնակության վայրից, ունենա թատրոն հաճախելու հավասար հնարավորություններ, սակայն այդ հնարավորությունը, ցավոք սրտի, մենք չունենք՝ ելնելով ֆինանսական կարողությունից ››:
Էդգարը ափսոսանքով նշում է, որ միակ խնդիրը լեզվի խնդիրն է, որովհետեւ երեխաները բարբառով են խոսում եւ գրական հայերեն չեն հասկանում:
Թե ինչու թատրոնի անունը «3 խնձոր» կոչեցին՝ Գոհարը պատասխանում է, որ յուրահատուկ ոչինչ չկա: Յուրաքանչյուր հեքիաթի վերջում միշտ նշվում է, որ երկնքից երեք խնձոր է ընկնում, մեկը գրողին, մեկը պատմողին, մեկն էլ լսողին՝ այս դեպքում իրենց պատանի հանդիսատեսին:
Այժմ զույգն աշխատում է «Ով աշխատի՝ նա կուտի» ներկայացման վրա՝ հայկական ժողովրդական մոտիվներով: Ներկայացման մեջ արծարծվելու է, ինչպես հեղինակն է ասում, այսօրվա կարեւորագույն խնդիրները՝ արտագաղթ, անտարբերություն, ծուլություն:
Չնայած բազում խնդիրներին՝ Էդգար ու Գոհար զույգը վստահ է, որ տքնաջան աշխատանքի եւ մի քիչ էլ համբերության դեպքում ամեն բանի հնարավոր է հասնել, եւ կարևորը՝ հավատում են, որ իրենց ներկան ու ապագան միայն Արցախում է:
Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ