Արցախի նախագահը մասնակցել է երիտասարդական արշավի
Գլխավոր » Երիտասարդական » Արցախի նախագահը մասնակցել է երիտասարդական արշավի

Արցախի նախագահը մասնակցել է երիտասարդական արշավի

Նոյեմբերի 25-ին ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Ճանաչենք մեր երկիրը» խորագիրը կրող երիտասարդական արշավ, որին մասնակցում էին Արցախում գործող երիտասարդական կազմակերպությունների, կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչներ, համալսարանների ուսանողներ: Արշավին միացան նաև Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգավոր Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Արշավի մասնակիցներն եղան Դադիվանք վանական համալիրում, որտեղ Սուրբ Նշան եկեղեցում Տեր Հովհաննես քահանան զոհվածների հոգու հանգստության և մեր երկրի խաղաղության համար աղոթք հղեց առ Աստված: Ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրեց Դադիվանքի պատմությունը և արցախահայության կյանքում Ծար գավառի ունեցած դերակատարությունը: Բանախոսը հատկապես շեշտեց, որ մինչև 18-րդ դարի երկրորդ կեսն այս տարածքը եղել է հայաբնակ: Հենց այդ ժամանակներից էլ սկսվում է թուրքական և քրդական քոչվոր ցեղերի ներխուժումը տվյալ տարածք: Արշավի մասնակիցները տեղեկացան նաև Սուրբ Աստվածածին միջնադարյան վանական հանալիրի պատմությանը:

 

Արցախի նախագահը Դադիվանքի մոտակայքում գտնվող Սուրբ Աստվածածին վանական համալիրի տարածքում հանդիպել է երիտասարդական արշավի մասնակիցների հետ: Բակո Սահակյանը հանգամանալից ներկայացրեց Շահումյանի շրջանում իրականացվող աշխատանքները, հատկապես կարևորելով Սոթք-Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բարեկարգման աշխատանքները:

 

Նախագահ Սահակյանը ողջունել է նման արշավների կազմակերպումը՝ մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, հարազատ երկրի պատմությունը, մշակույթը, բնությունը ճանաչելու, ընկերական կապերն ամրապնդելու տեսանկյուններից:

 

Երիտասարդներն երկրի ղեկավարին են ուղղել իրենց մտահոգող հարցերը, որոնք վերաբերում էին ներքին ու արտաքին քաղաքականությանը, սահմանադրական փոփոխություններին, երիտասարդության հիմնախնդիրներին:

 

«Ապառաժ»

1