Արցախի ճանաչման հարցը Կանադայի հայ համայնքի օրակարգում է
Կանադայի հայ համայնքը երիտասարդ համայնք է՝ հիմնված 60-ական թվականներին Հունաստանից, Եգիպտոսից ժամանած հայերով, ապա 80-ականներին՝ Լիբանանից եւ Սիրիայից եկած հայրերով: Համայնքը 50 տարվա պատմություն ունի. այն կազմակերպված համայնք է:
Մոնրեալի եւ Տորոնտայի համայքներում գործում են ամենօրյա հայկական վարժարաններ: Սուրբ Հակոբ վարժարանում ուսանում է ավելի քան 1000 աշակերտ, Տորոնտոյի ՀՕՄ-ի ամենօրյա վարժարան է հաճախում 500-ից ավելի աշակերտ:
Եկեղեցական թեմական կյանքը շատ լավ կազմակերպված է, գործում են երեք ավանդական հայկական կուսակցությունները: Գործում են բարեգործական, մշակութային եւ հասարակական մի շարք կազմակերպություններ, մարմնամարզական միություններ:
Համայնքում բավական աշխույժ է կյանքը: Կանադայում բնակվում է 75-80 հազար հայ :
Կանադահայ մտավորական Վահագն Կարաքաշյանը խոստովանում է, որ ամեն անգամ, երբ հայրենիք է այցելում, անպայման այցելում է ազատ, անկախ Արցախ, որովհետեւ այս հողի հանդեպ անձնապես հատուկ սերտ կապ է զգում: Ասում է՝ մուսալեռցու կորուսյալ ծննդավայրին փոխարինող հողակտոր է, եւ Արցախի շնչով ու հաղթանակների կամքով հուսով է, որ կհասնենք մեր բոլոր կորուսյալ ճանպարհների տիրացմանը: Ձեզ ենք ներկայացնում Կանադայում գործող “Հորիզոն” լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Վահագն Կարաքաշյանի հարցազրույցը aparaj.am-ին:
Որո՞նք են համայնքի ներկա մարտահրավերները:
Հայապահպանումն է ներկա ամենամեծ մարտահրավերը, հայեցի դաստիարակությունը: Արեւմտյան կիսագնդի վրա շատ դյուրին է ձուլման գործընթացը: Այդ վտանգը կա Եւվրոպայում, ԱՄն-ում, եւ մեր մոտ էլ կա անշուշտ: Մարտահրավեր է նաեւ վերջին տասնամյակին օրըստօրե աճող խառն ամուսնությունները:
Համայնքը կազմված է ընտանիքներից: Մեկ ընտանիք եթե կորցնում ենք, կամաց կամաց վտանգ է առաջանում համայնքի կազմաքանդման համար:
Ցեղասպանության 100 ամյակին նվիրված ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում Կանադայում:
Մի քանի ամիս առաջ արդեն կազմվել է Հայոց ցեղասպանության 100 ամյակի ոգեկոչման՝ “Կանադայի միացյալ մարմինը”, որը միավորելու է Կանադայի բոլոր հատվածները եւ համադրելու է բոլոր շրջանների աշխատանքները:
Սպասվում են մշակութային, քաղաքական ձեռնարկներ, կան հրատարակչական աշխատանքների առնչությամբ ծրագրեր: Այս մարմինը շատ լրջորեն եւ աշխուժորեն լծված է աշխատանքներին:
Ի՞նչ աշխատանքներ են տանում այժմ Կանադայի Հայ Դատի գրասենյակները:
Կանադայի Հայ Դատի հանձնախումբն ունի ի գրասենյակները մի քանի քաղաքաներում Օտտավայում, Լավալում, Տորոնտոյում, Հեմիլթոնում, Մոնթրեալում, Քեմբրիջում:
Շնորհիվ Կանադայի արեւմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի՝ մի քանի ամիս առաջ Կանադայում զետեղվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան, աշխատանքներ են տարվում այլ քաղաքներում նման հուշարձանների տեղադրման համար:
2003 թվականին Կանադայի սենատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, 2004 թվականին Կանադայի խորհրդարանը: 2006 թվականին Կանադայի ներկա վարչապետ Սթիվեն Հարբորը հատուկ հայտարարությամբ հանդես եկավ, ըստ որի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը Կանադայում պետական քաղաքականություն է, այսինքն՝ Կանադան պետականորեն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Կանադան աշխարհում միակ պետությունն է, որ պետականորեն, կառավարական մակարդակով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Սա 30 տարվա Հայ Դատի աշխատանքի պտուղն է:
Վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում ակտիվացել է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հակահայ քարոզչությունը: Կանադայում Հայ Դատի գրասենյակները ինչպես են դիմակայում դրան:
Թե՛ թուրքական, թե՛ ադրբեջանական դեսպանատները քարոզչական մեծ աշխատանքներ են ծավալում վերջին 7-8 տարիներին եւ ամեն ձեւով փորձում են խեղաթյուրել պատմական իրողությունները՝ թուրքական կողմը իր ձեւով, իսկ ադրբեջանական կողմը՝ իր: Թուրքիան փորձում է ցեղասպանության փաստն այլ լույսի տակ ներկայացնել, Ադրբեջանն էլ շատ աշխուժորեն աշխատանքներ է տանում, որպեսզի Խոջալուի դեպքերը ներկայացվի որպես ցեղասպանություն:
Սեպտեմբերի 19-ին Վինիբեկում` Կանադայի մարդու իրավունքների թանգարանում, ուր ներկայացված են աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունները,ադրբեջանցիները փորձեցին ունենալ իրենց տաղավարը, որտեղ պետք է ներկայացնեին Խոջալուի դեպքերը՝ իբրեւ ցեղասպանություն: Հայ Դատի հանձնախումբը կանխեց այդ քայլը՝ ուղղակի կապի մեջ մտնելով թանգարանի տնօրենների խորհրդի հետ, փաստեր ներկայացնելով նրանց, որ ադրբեջանցիները խեղաթյուրում են պատմական իրողությունները: Մեզ համար հստակ է, որ նրանք մեծ գումարներ են ծախսում հակահայ քարոզչություն իրագործելու համար, բայց մենք պետք է հակադարձենք:
ԼՂՀ ճանաչման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են կատարվում այսօր Կանադայում:
Ցեղասպանության ճանաչման հարցը Կանադայում մենք հաջողությամբ անցել ենք: Հիմա աշխատանքներն ուղղված են Արցախի ճանաչմանը եւ Արեւմտահայաստանի մեր եկեղեցապատկան կալվածքների վերադարձին: Արցախի ճանաչման առնչությամբ՝ մենք Կանադայի խորհրդարանի անդամներին հրավիրում ենք Հայաստան եւ Արցախ. տանում ենք նաեւ այլ աշխատանքներ: Հուսանք՝ այդ այցելությունները դրական արձագանքներ կունենան:
Այսօր արտերկրում գործող հայկական լրատվամիջոցներն ին՞չ խնդիրներ ունեն:
Մենք ունենք մեր հավատարիմ ընթերցողների բանակը: Սակայն նոր սերնդի մեջ, որ համացանցում շատ ավելի աշխույժ է, շատ քիչ են հայերեն ընթերցողների բանակը. տարեցներն ավելի շատ են ընթերցում: