Գյուղատնտեսական ոլորտում Արցախի հայրենակիցների հետ փորձով կիսվելու պատրաստակամությամբ
Գլխավոր » Լրահոս » Գյուղատնտեսական ոլորտում Արցախի հայրենակիցների հետ փորձով կիսվելու պատրաստակամությամբ

Գյուղատնտեսական ոլորտում Արցախի հայրենակիցների հետ փորձով կիսվելու պատրաստակամությամբ

Հունիսի սկզբներին Արցախ է այցելել բուսաբուծության, բույսերի պաշտպանության ու զարգացման բնագավառի մասնագետ, փորձառու գյուղատնտես ու հողագործ Ստեփան Մելքոնյանն իր որդիների հետ: Ավստրալաբնակ գյուղատնտեսը  Արցախ է ժամանել նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանի հրավերով՝ իր ունեցած փորձն ու գիտելիքները կիսելու տեղի հողի մշակների հետ, նաև անհրաժեշտության դեպքում հողի մշակության բարելավման, բույսերի տարբեր հիվանդությունների դեմ պայքարի մասին առաջարկներ ներկայացնելու: Նա ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանը և մասնագիտացել բույսերի հիվանդությունների ոլորտում:

Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է հողագործական պարարտանյութերի, դեղերի խոշոր ընկերությունում, բայց համոզվելով, որ դրանցով մշակումը վնասակար է առողջությանը, սկսել է օրգանական միջոցներով հողը մշակել, ցանում, աճեցնում էր տարատեսակ բուսատեսակներ: 1981թ.Լիբանանից տեղափոխվել է Ավստրալիա, որտեղ սկսել է առողջապահական թեմաներով դասընթաց վարել: «Երբ տղաս ծնվեց, տեղափոխվեցինք գյուղ, որպեսզի զավակներս գյուղում մեծանան: Գյուղում նորից գյուղատնեսությամբ սկսեցի զբաղվել, բանջարեղեն էի ցանում: Հիմա բույսերի մշակությամբ զբաղվում եմ տնամերձ տարածքում և փորձում եմ նոր տեսակներ ստանալ»,-նշում է Ստեփան Մելքոնյանը:

Ստեփան Գրիգորյանի հետ ծանոթացանք Դադիվանքի վանական համալիրի շրջակայքում: «Այժմ փարձում եմ գաղափար կազմել այստեղի ընդհանուր կացության մասին, ծանոթանալ հողի մշակության պայմաններին»,- ասում է Ստեփան Մելքոնյանը՝ ուշադրությամբ ուսումնասիրելով տարածքում աճող բույսերը, ծառերը և բացատրելով յուրաքանչյուրի օգտակար հատկությունները:

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում վերջին 15 տարիների ընթացքում փոխվել է պտուղների տեսակների նկատմամբ պահանջարկը և շարունակում է փոխվել: «Միջազգային շուկայում հիմա հարգի են խաղողի, դեղձի, նռան առանց կորիզի տեսակները: Արտահանելու համար հենց առանց կորիզի տեսակներն է անհրաժեշտ աճեցնել»,- կարծում է Ստեփան Մելքոնյանը:

Ըստ նրա՝ գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ է անընդհատ նոր տեսակներ մշակել և աշխատել արտահանման ուղղությամբ, հատկապես որ «Այնտեղի հողերի հետ համեմատած այստեղ դրախտ է»:

1