Արցախի ազատագրումով արվեց առաջին քայլը դեպի Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստան
Գլխավոր » Լրահոս » Արցախի ազատագրումով արվեց առաջին քայլը դեպի Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստան

Արցախի ազատագրումով արվեց առաջին քայլը դեպի Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստան

Զարմանալի է, բայց փաստ՝ պատերազմի մասնակիցների մեծամասնությունը չի սիրում խոսել այդ տարիների, պատերազմի հուշերի մասին: Նրանք խուսափում են իրադարձությունները հանգամանալից ներկայացնելուց, շատ դեպքերում «մոռանում» կարևորագույն գործողությունների մանրամասները: Նման մարդիկ կատարում են իրենց գործը, իրենց առջև դրված առաջադրանքները՝ առանց այդ մասին բարձրաձայնելու և առանց որևէ փոխհատուցման ակնկալիքի: Նկարագրված տեսակին է պատկանում Սամվել Մնացականյանը:

Ծնվել է 1963թ. նոյեմբերի 22-ին Սարդարաշեն գյուղում: Նորագյուղ գյուղի ներկայիս տեղակայման վայրը տեղափոխվելուց հետո 1970թ. ընտանիքով հաստատվել են այնտեղ: 8-րդ դասարանն ավարտելուց հետո սովորել է Ղափանի շինարարական տեխնիկումում: 1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1985 թ. ընդունվել է Կիրովի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական բաժինը, հետո փոխել հեռակա: Բայց ուսումը չի հասցրել ավարտել Արցախյան շարժման ծավալումից հետո: Այդ տարիներին Ասկերանում աշխղեկ էր աշխատում:

Երբ արդեն ակնհայտ էր ռազմական բախման անխուսափելիությունը, կամավորագրվում է: Այնուհետև պատերազմի ամբողջ թոհուբոհը ներկայացնում է ըստ իր զինվորական կոչման: «Մեր հիմնական առաջադրանքը ադրբեջանաբնակ Խոջալուն էր, որտեղից արձակված հրացանի կրակով էլ էին մեզ կարողանում վնասել: Խոջալուի ազատագրմանը մասնակցել եմ որպես զինվոր: Դրանից հետո մեր ջոկատը դարձել է երկու դասակից բաղկացած վաշտ, որից մեկի դասակի հրամանատարը 1992թ. մարտի 4-5-ին մինչև հուլիսի կեսերը ես էի»,- պատմում է Սամվելը: Այնուհետև վաշտը տեղափոխվել է՝ Փառուխը, Քարագլուխը պաշտպանելու, որոնք մտնում էին Աղդամի շրջանի մեջ: Այդտեղից նայելով՝ Աղդամի լույսերի վերջը չէր երևում, բայց իրենք չէին կասկածում, որ կհաղթեն, միայն չէին պատկերացնում, թե ինչքան հող կազատագրեն:

«Շուշիի ազատագրման ժամանակ մենք Փառուխ-Քարագլխում էինք գտնվում: Շուշիի ռազմագործողության սկսումից հետո նույն օրը թուրքերը մեզ վրա են հարձակվում, բարձրանում սարը: Դաժան կռիվներ են եղել, մենք երկու զոհի գնով ենք հետ վերցրել իրենց գրաված դիրքերը»,- հիշում է Սամվելը: Այդ տարածքն առանձնահատուկ նշանակություն ունի Սամվելի և իր մարտընկերների համար: Եվ այժմ էլ՝ ընկերոջ վիրավորվելու օրը, Խոջալուի ազատագրման օրը, Մայիսի 28-ին, Մայիսի 9-ին և այլ տոն օրերի  այցելում են այնտեղ:

Այնուհետև Սամվել Մնացականյանը նշանակվում է Նորագյուղի վաշտի հրամանատար, որն ընդգրկում էր մոտ 100 հոգի:  1992թ. օգոստոսի 3-ին Ասկերանի դրությունը ծանրանում է. վաշտը վերադառնում է Ասկերան, որտեղ մնում է համարյա մեկ տարի:

Խոջալուից հետո Սամվելը կարևորում է Աղդամի (Ակնա) ազատագրումը, որը դարձել էր Ադրբեջանի ռազմավարական հենակետը: Աղդամի ռազմական գործողության արդյունքում վերացվել է Ստեփանակերտի, Ասկերանի և շրջակա գյուղերի վրա հեռահար հրանոթներից և հրետանային այլ միջոցներից հրետակոծությունների վտանգը։ «Աղդամն ազատագրելուց հետո հենակետերն իջեցրել ենք: 1993թ. դեկտեմբերի 1-ին նշանակվել եմ գումարտակի հրամանատարի տեղակալ՝ սպառազինության գծով»,-նշում է Սամվել Մնացականյանը:

1994թ. փետրվարի 2-17-ը Քարվաճառում էին: «Թուրքերը գրավել էին Օմարը, Ասկերանի զորամասը օգնության էր գնացել: Մեր գումարտակից էլ 100-120 մարդ կար, ավագն էլ ես էի: Օմարն ազատագրելուց հետո հետ են ուղարկում նախկին դիրքերը»,- հիշում է Սամվելը:

1994թ. մայիսին ակտիվ ռազմական գործողություններն ավարտվում են: Սամվել Մնացականյանը  տեղափոխվում է ուրիշ գումարտակ, որի շտաբի պետն էր  մինչև 1996թ. հունիսի 1-ը: Դրանից հետո, մինչև 2013թ. հունիսի 1-ը եղել է Ասկերանի զինկոմը: Այնուհետև տեղափոխվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն՝ որպես վարչության պետ, և 4 տարի այնտեղ ծառայել: Պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով, «Արիություն» և տասնյակ այլ մեդալներով:

ՀՅԴ շարքերն անցել է 1990 թվականին, այժմ Ասկերանի կոմիտեի անդամ է: Պապը՝ Վարդան Ասլանյանը, դաշնակցական էր, Անդրանիկի հարյուրապետներից: Ծնվել էր Սարդարաշեն գյուղում: 1919թ., երբ Անդրանիկը հեռանում է Հայաստանից, կամավորներին ազատ է արձակում:  Նրանք մի քանի հոգով վերադառնում և մնում են Գորիսում: 1920թ. մարտի 23-ին թուրքերը հրկիզում են Շուշին, և ղարաբաղցիներին Գորիսից ուղարկում են այստեղ: Արցախում պապն ամուսնանում է: Տատը պատմում էր, որ մտածում էր սպայի՝ դաշնակցական հարյուրապետի կին է լինելու, բայց ամուսնությունից մեկ տարի անց խորհրդային կարգեր են հաստատվում: Վարդանը ձերբակալվում է և տարվում Շուշի: Բարեբախտաբար, գործը քննող քննիչը իր նախկին զինվորներից էր, որի օգնությամբ էլ Վարդանն ազատ է արձակվում՝ ազգանունն ու բնակության  վայրը փոխելու պայմանով: Իր պապի անունով Մնացականյան ազգանուն է վերցնում, ընտանիքի հետ տեղափոխվում կնոջ գյուղը՝ Ղազանչի, 8-9 տարուց վերադառնում Նորագյուղ:

Այժմ Սամվել Մնացականյանը վաստակած թոշակի է անցել և տնտեսությամբ է զբաղվում: Ունի մեկ որդի, մեկ դուստր, երկու թոռնիկ:

Ինչ վերաբերում է Արցախի ճակատագրին, ապա փորձառու հրամանատարը վստահ է՝ մեր հողը ամեն գնով պետք է պահենք, պետք է ուժեղ լինենք և դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է արդարություն: Կռվող զինվորը պետք է վստահ լինի, որ իր ընտանիքը, թիկունքը  ապահովված է, և միայն առջևի մասին մտածի:

«Պետք է սոցիալական արդարություն լինի: Պատերազմի տարիներին դա համեմատաբար կար, բոլորը հավասար էին»,- համոզված է Սամվել Մնացականյանը:

Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստանի ճանապարհին առաջին քայլը կատարված է: «Ապագայում ամեն ինչ էլ մեզնից է կախված: Եթե ազգը միասնական լինի, հաղթանակով է դուրս գալու»,- այսպես է իր խոսքն ավարտում Սամվել Մնացականյանը:

1