Արցախի Ա Հանրապետության 100-ամյակը
Այո, հենց այդպես՝ Արցախի Առաջին Հանրապետություն, որի 100-ամյակը լրանում է հուլիսի 22-ին։ Անհերքելի պատմական ճշմարտություն է, որ 100 տարի առաջ նույն այդ օրը՝ 1918թ. հուլիսի 22-ին, Շուշիի թեմական դպրոցի դահլիճում գումարվեց արցախահայության առաջին համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր, այսինքն՝ իրավական կարգավիճակով հանրապետությանը հավասարազոր պետություն։
Համագումարը, որին մեր լեռնաշխարհի բոլոր շրջաններից մասնակցում էին վճռորոշ ձայնի իրավունքով 180 պատգամավոր եւ խորհրդակցական ձայնով՝ Շուշի քաղաքում գործող հասարակական հոսանքների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ, աշխատանքները շարունակեց մինչեւ հուլիսի 28-ը՝ ընտրելով Ազգային խորհուրդ եւ կազմելով կոալիցիոն կառավարություն՝ բաղկացած 7 անդամից։ Այն ստացավ «Ղարաբաղի ժողովրդական կառավարություն» անունը: Հենց համագումարի օրերին էլ՝ հուլիսի 24-ին, ընդունվեց կառավարության հռչակագիրը։
Նորընտիր կառավարությունը, որի իրավասությունը տարածվում էր ամբողջ գավառի վրա, եռանդագին լծվեց տեղերում իշխանության մարմինների ստեղծման գործին: Քաղաքի եւ մերձակա շրջանների անվտանգությունն ապահովելու համար հուլիսի 27-ին հաստատվեց պարետություն: Գավառի ներքին խնդիրները լուծելու համար ստեղծվեց չորս հանձնաժողով` ֆինանսական, պարենավորման, բժշկասանիտարական եւ վարչաիրավական: Գյուղական լիազորների փոխարեն նշանակվեցին գավառային եւ քաղաքային կոմիսարներ: Ջրաբերդ-Գյուլիստանում, Խաչենում, Դիզակում եւ Շուշիում հիմնվեցին հաշտարար դատարաններ: Իբրև բարձրագույն վճռաբեկ ատյան` Շուշիում ստեղծվեց շրջանային դատարան եւ նրան կից հատուկ գործերի քննիչ հանձնաժողով։
Այսպիսով, Ղարաբաղի ժողովրդական կառավարության ստեղծմամբ ավարտվեց արցախյան լեռնաշխարհի հայկական անկախ իշխանության կազմավորման դժվարին գործընթացը, ինչի արդյունքում՝ 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղն ուներ պետականության բոլոր ատրիբուտները` ներառյալ բանակն ու օրինական իշխանությունները: «Ղարաբաղի ժողովրդական կառավարության ստեղծումով հայերը հռչակեցին նրա անկախ գոյության իրավունքը, որը, հարկավ, սկսեց տհաճություն պատճառել թուրքերին»,- գրել է «Մշակ» թերթը։
Ժամանակաշրջանը, անշուշտ, բոլոր առումներով վտանգահարույց էր՝ հագեցած հակասական ու դրամատիկ իրադարձություններով։ Հենց այդ տարիներին էր, որ Լեռնային Ղարաբաղը դարձավ «վիճելի տարածք»: Փաստորեն, կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ծագել է հենց այդ շրջանում, երբ 1917թ. Ռուսաստանի կայսրության փլուզման արդյունքում Անդրկովկասում կազմավորվեցին երեք ազգային պետություններ` Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հանրապետությունները։ Ադրբեջանը ձգտում էր միավորվել Թուրքիայի հետ, Վրաստանը հույսեր էր տածում Գերմանիայի նկատմամբ, իսկ Անտանտին հավատարիմ մնացած Հայաստանին ոչ մի տերություն չէր սատարում։ Ի տարբերություն Հայաստանի եւ Վրաստանի՝ «Ադրբեջան» անունով պետություն ձեւավորվել էր առաջին անգամ եւ որեւէ պատմական կապ չուներ Արևելյան Անդրկովկասի հետ։ Նորաստեղծ Ադրբեջանը նպատակ ուներ ցամաքային կապ հաստատել օսմանյան կայսրության հետ, որի ճանապարհին ընկած էր նաեւ Արցախի տարածքը։ Արցախահայությունը հրաժարվեց ճանաչել, այսպես կոչված, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավասությունը։
Ադրբեջանի մուսավաթական կառավարությունը նպատակադրվել էր բռնազավթել պատմական Հայաստանի տարածքներից Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը: Նրա ծավալապաշտական ծրագրերը բացահայտ քաջալերում եւ դրանց իրականացմանը նպաստում էին Թուրքիան, որոշ ժամանակ անց` դաշնակից տերությունները, գլխավորապես` Անգլիան, իսկ Ադրբեջանի խորհրդայնացումից հետո` նաեւ բոլշեւիկյան Ռուսաստանը:
Այնուամենայնիվ, արցախահայությունը, հավատարիմ մնալով նախնյաց ազատատենչ ոգուն, կենաց ու մահու պայքար մղեց իր բնօրրան երկրի ազատության ու անկախության համար, պայքար, որի կազմակերպական, բարոյական ու քաղաքական, միով բանիվ՝ ռազմավարական կենտրոն դարձավ Շուշի քաղաքը:
Արցախում հայ-թաթարական ազգամիջյան խորացող ատելությունը, բնականաբար, խիստ վտանգավոր էր եւ հղի ներքին կռիվների ողբերգական հեռանկարով։ Ուստի, ձգտելով կանխել իրադարձությունների նման զարգացումը, Արցախի իշխանությունները հնարավորինս ամեն ինչ անում էին առաջացող վիճելի հարցերը քաղաքակիրթ ձեւով՝ բանակցությունների միջոցով լուծելու համար։ Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը, մտադրություն չունենալով հրաժարվել Լեռնային Ղարաբաղը նվաճելու գաղափարից, մի կողմից՝ եռանդուն ջանքերով անընդհատ բորբոքում, սրում էր հայ-թաթարական փոխհարաբերությունները, մյուս կողմից՝ հարմար պահի սպասում իր նկրտումներն իրականացնելու համար։ Եվ պահն այդ չուշացավ։ Երիտթուրքական զորքերը, որոնք խայտառակ պարտություն էին կրել հայ ժողովրդի մղած 1918թթ. մայիսյան հերոսամարտերում՝ Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում, տակավին մեծ վտանգ էին ներկայացնում Հայաստանի եւ նրա պատմական նահանգ Արցախ լեռնաշխարհի համար։ Ղազախ-Աղստաֆա գծով դրանք շտապում էին Գանձակ՝ դեպի Բաքու առաջանալու եւ այն գրավելու համար, նպատակ ունենալով՝ մի կողմից՝ կանխել գերմանացիներին, մյուս կողմից՝ նախադրյալներ ստեղծել համաթուրքական նպատակների իրականացման համար: Դեպի Բաքու շարժվող թուրքական բանակից առանձնացավ մի զորախումբ եւ գնաց դեպի Արցախ ու բանակատեղի դարձրեց Աղդամը` ներկայիս Ակնան, Լեռնային Ղարաբաղի սահմանային դարպասներից մեկը, որը բանալի էր գավառ ներխուժելու համար:
Զորախմբի հրամանատար Ջեմիլ Ջահիդ բեյը, ապա եւ թուրքական զորքերի հրամանատար Նուրի փաշան, դեռևս Ելիզավետպոլում (Գանձակում) հաստատված ադրբեջանական կառավարության հետ մեկտեղ վերջնագրեր ներկայացրին Ղարաբաղի Ազգային խորհրդին։ Թշնամին, վստահ լինելով իր վրա, ծրագրել էր սրընթաց գրոհով վերցնել Շուշին։ Թուրք-թաթարական միացյալ ուժերի հարձակմանը նախորդեց Ղարաղշլաղ (ներկայիս Բերդաձոր) հայկական մեծ գյուղի կործանումը, որը ծանր հարված էր Արցախին: Գյուղը պատկանում էր Զանգեզուրի գավառին եւ սահմանակից էր Շուշի քաղաքին: Արցախի համար այն ուներ ռազմավարական նշանակություն. Գորիսից դեպի Շուշի միակ ճանապարհն անցնում էր այդտեղով:
Սեպտեմբերի 6-ին` Ղարաղշլաղի անկումից երկու օր անց, Շուշիում հրավիրվեց արցախահայության երկրորդ համագումարը, որը պետք է քննարկեր գավառի ներքին ու արտաքին կյանքին վերաբերող մի շարք հարցեր: Համագումարի աշխատանքներին մասնակցում էր 200 մարդ, այդ թվում` ներկայացուցիչներ քաղաքական բոլոր կուսակցություններից: Համագումարը, մեկ անգամ եւս արտահայտելով արցախահայության կամքը, անառարկելիորեն մերժեց թուրքական հրամանատարության եւ մուսավաթական կառավարության պահանջները, միաձայն արտահայտվելով Հայաստանի Հանրապետության հետ միավորվելու օգտին։
Սեպտեմբերի 15-ին, անգլիական ուժերի հեռանալուց հետո թուրքերը ներխուժեցին Բաքու եւ կազմակերպեցին եռօրյա նախճիր՝ կոտորելով 30 հազար անզեն հայերի։ Բաքվի եւ Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգներում ավերվեցին ու ոչնչացվեցին հարյուրավոր հայկական գյուղեր։
Թուրքական զորքերի հրամանատարությունը դարձյալ վերջնագիր հղեց Ղարաբաղի կառավարությանը՝ պահանջելով զինաթափվել ու թույլատրել թուրք-թաթարական զորքերի մուտքը Շուշի եւ ճանաչել Ադրբեջանի իշխանությունը։
Սեպտեմբերի 17–22-ին Շուշիում գումարվեց արցախահայության 3-րդ համագումարը: Պատգամավորների ընդհանուր թիվը հասնում էր շուրջ 200-ի: Համագումարի աշխատանքներն ընթանում էին բուռն վեճերի պայմաններում: Երեք օրվա քննարկումներից հետո որոշվեց` հաշվի առնելով, որ Առաջին աշխարհամարտում գերմանա-թուրքական խմբավորման պարտությունը դարձել է օրախնդիր, ժամանակ շահելու նպատակով եւ արյունահեղությունից խուսափելու համար առանց կռվի գնալ համաձայնության։
Մինչ այդ թուրք–թաթարական զինված կազմավորումները սեպտեմբերի 22–23-ին լայնածավալ հարձակում սկսեցին Ղարաբաղի վրա եւ շարժվեցին դեպի Շուշի` ճանապարհին ավերելով ամեն ինչ, ժողովրդից խլելով բոլոր զենքերը եւ տեղափոխելով Աղդամ (Ակնա): Շուշին առանց կռվի անձնատուր եղավ: Տաճիկ ասկյարները, որոնց թիվը հասնում էր շուրջ 2000-ի, Շուշի մտան սեպտեմբերի 24-ին: Գրավելով Շուշին, թուրքերն այնտեղ մտցրին ռազմական դրություն: Ադրբեջանի թելադրանքով թուրք հրամանատարությունը ցրեց Ղարաբաղի կառավարությունը եւ զինաթափ արեց հայ բնակչությանը: Խուժելով քաղաք` տաճիկ ասկյարները, քրդերն ու տեղական թուրքերը սկսեցին կողոպտել հայերի տները, խանութները եւ կոտորել նրանց: Սարսափելի կոտորածն ու թալանը տեւեցին երկու օր ու դադարեցին երրորդ օրը միայն։ Առաջին հերթին հաշվեհարդար տեսան Շուշիի հայ մտավորականության հետ: Միայն հոկտեմբերի 1-ի գիշերը ձերբակալվեց մի քանի տասնյակ մտավորական` ավելի քան 60 հոգի։ Բնակչության գլխին կախված բոլոր տեսակի դժվարություններից ամենից սարսափելին սովն էր: Թուրքերի մուտք գործելուց հետո գյուղացիները բոյկոտ հայտարարեցին քաղաքին եւ թույլ չտվեցին, որպեսզի որեւէ մեկը կենսամթերք բերեր քաղաք, դա էլ այն դեպքում, երբ քաղաքը կտրված էր դրսի աշխարհից, հաղորդակցություն չուներ թե Գանձակի եւ թե Գորիսի հետ:
Թուրքական տիրապետության հետեւանքով Ադրբեջանի իշխանությունը տարածվեց ընդամենը Շուշի քաղաքի եւ Քարին տակ, Շոշ ու Ղայբալու գյուղերի վրա։ Ու թեկուզ Շուշին ընկել էր, բայց կանգուն էին մյուս շրջանները` Ջիվանշիրը, Ջրաբերդը, Դիզակը եւ Վարանդան: Հատկանշական է, որ դեռևս թուրքական հարձակման նախօրյակին այդ շրջանների զինված ուժերն ինքնաբերաբար համախմբվեցին գավառի աչքի ընկնող գործիչների շուրջը եւ, երկիրը պաշտպանելով վերահաս վտանգից՝ մինչեւ անգլիական ներկայացուցչության գալը, չենթարկվեցին թուրքական հրամանատարությանն ու Ադրբեջանի կառավարությանը: Այն օրերին, երբ թուրքերը շարժվում էին դեպի Շուշի, Ջիվանշիրի գավառի հայությունն անհավասար կռվում ջարդեց ու դուրս շպրտեց իր հողը ներխուժած թուրքերին: Ջիվանշիրում կրած ջախջախիչ պարտությունից հետո տաճկական բանակի հրամանատարությունը վճռում է գրավել Վարանդան: Թուրքական զինուժը առանց դիմադրության հանդիպելու մտավ Շոշ, այնուհետև` Տռնավազ եւ Խաչմաչ գյուղերը: Հոկտեմբերի 17-ի երեկոյան թշնամին հասավ Վարանդայի Մսմնա գյուղ եւ գիշերեց այնտեղ: Զենքի ընդունակ բնակչությունը ոտքի կանգնեց: Ամենուր կազմակերպվեցին աշխարհազորային ջոկատներ: Նույն օրը հայկական մի ջոկատ` Ասլան Մուրադխանյանի (Ասլանիկ) գլխավորությամբ, ամրանում է Մաշադիշեն գյուղի մոտ ընկած բարձունքներում` փակելով դեպի Ամարասի ձոր տանող միակ ճանապարհը: Հայ զինյալները փակեցին նաեւ դեպի Շուշի տանող նահանջի ուղիները: Գիշերվա խրախճանքը դեռ չվայելած` թուրք եւ թաթար ասկյարները հոկտեմբերի 18-ի լուսաբացը դիմավորեցին շրջապատման մեջ ընկած: Շրջապատումից դուրս գալու՝ թշնամու բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Կռիվը տեւեց մի ամբողջ օր: Հակառակորդը մարտադաշտում թողեց մի քանի տասնյակ զինվոր, նաեւ՝ 3 թնդանոթ, 4 գնդացիր եւ ռազմամթերքով բեռնավորված 30 ջորի: Ոսոխի կենդանի մնացած՝ աննշան թվով զինվորները, օգտվելով մառախլապատ եղանակից, ծածուկ քաշվում են դիմացի անտառը, իսկ այնտեղից գիշերով մեծ դժվարությամբ հասնում Շուշի։ Այսպիսով, Արցախի գավառները թշնամու համար մնացին անմատչելի: Այսքանից հետո թուրքերը հազիվ մտածեին, թե Շուշի մտնելը բավական է, որպեսզի իրենցը համարեն ողջ Լեռնային Ղարաբաղը:
Ի վերջո, 1918թ. հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարով Թուրքիան ճանաչեց իր պարտությունն Առաջին աշխարհամարտում։ Թուրքական զորքերը հեռացան Անդրկովկասից, իսկ դեկտեմբերին նրանց տեղը գրավեցին անգլիացիները եւ երկրամասում դարձան բացարձակ տեր ու տիրական։ Մուսավաթական Ադրբեջանի կառավարությունն այս անգամ փորձեց անգլիացիների օգնությամբ նվաճել Լեռնային Ղարաբաղը։ Հայտարարելով, թե վիճելի տարածքների ճակատագիրը որոշվելու է Փարիզի հաշտության խորհրդաժողովում, անգլիական հրամանատարությունն իրականում ջանք չէր խնայում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին կցելու համար։ Հսկողություն հաստատելով Բաքվի նավթի արտահանության վրա, նա ձգտում էր Անդրկովկասը վերջնականապես անջատել Ռուսաստանից, իսկ Ադրբեջանը դարձնել Արեւմուտքի ամրակետն ու խոչընդոտել տարածաշրջանի խորհրդայնացումը։ Այդ պատճառով էլ Անդրկովկասի նկատմամբ դաշնային պետությունների քաղաքականությունն ակնհայտ ադրբեջանամետ էր։
Բրիտանական ռազմական ներկայացուցչության՝ Ղարաբաղ մուտք գործելուց հետո տեղի քաղաքական ուժերի մեջ ուրվագծվում է երկու ուղղություն: Շուշիի քաղաքագլուխ Գերասիմ Մելիք-Շահնազարյանի եւ Ղարաբաղի զորքերի ընդհանուր հրամանատար Սոկրատ բեկ Մելիք-Շահնազարյանի գլխավորած հոսանքը բռնել էր անգլիացիներին հլու-հնազանդ ենթարկվելու ուղին: Նրանք գտնում էին, որ պետք է ենթարկվել դաշնակիցների կամքին, անտեղի արյուն չթափել, համբերատար սպասել վեհաժողովի արդար վճռին: Հակառակ դեպքում՝ դա կարող է վնասել Արցախի դատին: Իսկ Դաշնակցության տեղական ՙԱպառաժ՚ կոմիտեն և Ղարաբաղի Հայոց Ազգային խորհուրդն անիմաստ էին համարում անգլիացիների հետ հույսեր կապելը, առավել եւս նրանցից օգնություն եւ աջակցություն սպասելը: Նրանք Արցախի հարցի լուծումն իրավացիորեն կապում էին ազատագրական պայքարի հետ եւ ճիգ էին գործադրում զենքի ենթակա բնակչությունից զինյալ խմբեր ստեղծելու ուղղությամբ:
Այդ ընթացքում Ադրբեջանը մեծ թվով զորամասեր էր ուղարկում Լեռնային Ղարաբաղ եւ նրանց տեղավորում գավառի ռազմավարական նշանակության կետերում: Ադրբեջանական զինուժը կենտրոնացվեց նաեւ Շուշիում: Արցախի ռազմական ուժերի դիմադրությունը ճնշելու եւ գավառը վերջնականապես գրավելու նպատակով Ադրբեջանի մարտական ուժերը թուրք սպաների հրամանատարությամբ հարձակումներ են սկսում տարբեր ուղղություններով: Նրանք ավերածությունների ենթարկեցին Ասկերանի շրջանը: Թուրք-թաթարական կանոնավոր զորքերը սահմռկեցուցիչ վայրագություններ կատարեցին նաեւ Դիզակի եւ Վարանդայի գյուղերում: Եվ այդ ամենը կատարվում էր անգլիական ներկայացուցչության աչքի առաջ, իսկ վերջինս բացարձակ անտարբեր էր կատարվածի հանդեպ: Ավելին, երբ Ղարաբաղի Հայոց Ազգային խորհուրդը հայ ազգաբնակչության նկատմամբ գործադրվող սպանդի կապակցությամբ բողոքեց անգլիացիներին, նրանք անամոթաբար պատասխանեցին, որ իրենք քաղաքական խնդիրներով չեն զբաղվում, իրենց նպատակն է օգնել գաղթականությանը եւ զբաղվել Ղարաբաղի տնտեսական հարցերով:
Դրությունը շարունակում էր բարդանալ: 1919թ. հունվարի 15-ին ադրբեջանական կառավարությունը, «անգլիական հրամանատարության գիտությամբ», ազգությամբ քուրդ Խոսրով բեկ Սուլթանովին նշանակեց Լեռնային Ղարաբաղի գեներալ-նահանգապետ՝ միաժամանակ վերջնագիր ներկայացնելով Ղարաբաղի Ազգային խորհրդին՝ Ադրբեջանի իշխանությունը ճանաչելու պահանջով։
Մեկ ամիս անց՝ փետրվարի 19-ին, Շուշիում գումարվեց արցախահայության 4-րդ համագումարը, որը մերժեց Ադրբեջանի վերջնագիրը եւ հանդես եկավ Սուլթանովին գեներալ-նահանգապետ նշանակելու որոշման դեմ։ Ի պաշտպանություն վերջինիս՝ բրիտանական առաքելությունն իր հերթին հանդես եկավ պաշտոնական ծանուցմամբ՝ հայտարարելով, թե բրիտանական հրամանատարության համաձայնությամբ դոկտոր Խոսրով բեկ Սուլթանովը ժամանակավոր նշանակվել է Զանգեզուրի, Շուշիի, Ջիվանշիրի եւ Ջեբրայիլի գավառների, այսինքն՝ Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգի հարավարեւելյան հայկական գավառների գեներալ-նահանգապետ։ Բրիտանական առաքելությունը, նշվում է շրջաբերականում, անհրաժեշտ է համարում վերստին հավաստելու, որ նշված մարզերի պատկանելությունն այս կամ այն միավորին որոշվելու է խաղաղության խորհրդաժողովում։ Ի պատասխան այդ հայտարարության՝ Ղարաբաղի Ազգային խորհուրդը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը կառավարման միակ ընդունելի ձեւը համարում է անգլիացի գեներալ-նահանգապետի նշանակումը։
Լեռնային Ղարաբաղում եւ Զանգեզուրում ադրբեջանական գեներալ-նահանգապետի նշանակումը զայրացրեց Հայաստանի Հանրապետությանը: 1919թ. հունվարի 21-ին Հայաստանի կառավարությունը պաշտոնապես Ադրբեջանի կառավարությանը հայտարարեց, որ ինքը չի կարող ընդունել, նույնիսկ ժամանակավոր, Ադրբեջանի իշխանությունը Ղարաբաղի վրա, որը կազմում է Հայաստանի անբաժան մասը։
Սակայն անգլիական հրամանատարությունը, հակառակ հայկական կողմի բողոքների, շարունակեց օգնել ադրբեջանական կառավարությանը։ Բաքվում անգլիական զորքերի հրամանատար գնդապետ Շատելվորտը 1919թ. ապրիլի վերջերին ժամանեց Շուշի՝ Ադրբեջանի իշխանությունը Ղարաբաղի Ազգային խորհրդին ճանաչել տալու նպատակով։ Ապրիլի 23-ին Շուշիում հրավիրվեց արցախահայության 5-րդ համագումարը, որը մերժեց Շատելվորտի պահանջը։
Սուլթանովը վճռել էր Լեռնային Ղարաբաղն իրեն ենթարկեցնել զենքի ուժով։ Գրեթե ողջ ադրբեջանական բանակը կենտրոնացվել էր Արցախի սահմանների երկայնքով։ 1919թ. հունիսի 12-ին անգլիական զորքերը հեռացան Լեռնային Ղարաբաղից՝ գործողությունների ազատություն տալով ադրբեջանական զորքերին։ Այդ օրերին հրավիրվեց արցախահայության 6-րդ համագումարը, որի հիմնական խնդիրը մինչեւ Փարիզի հաշտության խորհրդաժողովի հրավիրումը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունների հարցի քննարկումն էր։
Նույն թվականի օգոստոսի 13-ին հրավիրված արցախահայության 7-րդ համագումարն օգոստոսի 22-ին ստորագրեց համաձայնագիր, ըստ որի՝ մինչեւ Փարիզի հաշտության խորհրդաժողովում հարցի վերջնական լուծումը Լեռնային Ղարաբաղն իրեն ժամանակավորապես համարում է Ադրբեջանի տարածք։ Սակայն Արցախի հայությունը զենքը վայր չդրեց, եւ ադրբեջանական զորքերն էլ չմտան Լեռնային Ղարաբաղ։ Երկրամասն առաջվա պես մնաց ինքնուրույն քաղաքական միավոր։
Նորաթուխ նահանգապետը Շուշի ժամանեց իր նշանակումից ավելի քան մեկ տարի անց՝ 1920թ. փետրվարի 10-ին եւ բնակության վայր ընտրեց քաղաքի թաթարական թաղամասը: Նրա իշխանությունը գործնականում տարածվում էր միայն Շուշի քաղաքի թուրքական թաղամասի եւ Խանքենդի ավանի վրա։ Փետրվարի 19-ին Սուլթանովը նորից դիմեց Ղարաբաղի Ազգային խորհրդին՝ «Ղարաբաղը վերջնականապես Ադրբեջանին միացնելու հարցի անհապաղ լուծման» պահանջով։ Փետրվարի 28-ից մինչեւ մարտի 4-ը տեղի ունեցավ արցախահայության 8-րդ համագումարը։ Այն Շուշիում գումարելու Սուլթանովի ցանկությունը, կարելի է ասել, կատարվեց մասամբ: Բանն այն է, որ Ազգային խորհուրդը նախապես տեղեկացրել էր պատգամավորներին՝ քաղաք չգալ, այլ հավաքվել Շոշ գյուղում: Դժբախտաբար, Ազգային խորհրդին չհաջողվեց այդ մասին տեղյակ պահել բոլոր պատգամավորներին: Դա էր պատճառը, որ համագումարին հրավիրված 127 պատգամավորներից 50-ը հավաքվեց Շուշիում, իսկ 77-ը` Շոշ գյուղում։ Շոշի համագումարը, վերստին արտահայտելով հայության անբեկանելի կամքը` իր ընդունած բանաձեւով մերժեց Սուլթանովի պահանջը եւ կրկին բարձրաձայնեց Հայաստանի Հանրապետության հետ վերամիավորվելու մասին։ Ինչ վերաբերում է Շուշիի համագումարին, ապա այն Սուլթանովի ճնշման տակ ընդունեց Ադրբեջանի շահերից բխող որոշումներ:
Ադրբեջանը եւ նրա թիկունքին կանգնած Թուրքիան լիովին հասկացան, որ Արցախի հարցը լուծելու ճանապարհը մեկն է` արցախահայության բնաջնջումը: Այդ նպատակի համար Ադրբեջանը մեծաթիվ զինուժ կենտրոնացրեց Ղարաբաղի գավառում: Ստույգ տվյալներով՝ 1920թ. գարնանը Ղարաբաղում կենտրոնացված էր ավելի քան 10 հազար զինվոր: Ի լրումն՝ շտապ կազմակերպվեց նաեւ քրդական մի դիվիզիա: Շուշի ժամանեց Նուրի փաշան` 10 թուրք սպաների ուղեկցությամբ: Մարտի 11-ին եւ 12-ին Բաքվից Ջեբրայիլի վրայով Ղարաբաղ եւ Զանգեզուր ուղարկվեց 90 վագոն` բեռնված զենքով ու զինամթերքով: Մարտի 20-ին Սուլթանովի կարգադրությամբ թուրք-թաթարական մեծաթիվ զորքերը սկսեցին բռնությամբ զինաթափել բնակչությանը եւ կոտորել նրանց:
Թաթարները պատրաստվում էին մեծ հանդիսավորությամբ նշել Նովրուզ բայրամը` մահմեդական ամանորը: Տոնակատարությանը մասնակցելու անվան տակ (իրականում հայերին կոտորելու) Խանքենդիից զորքը բերվեց Շուշի՝ իբր թե զորահանդեսի: Շուշի եկան նաեւ Աղդամից, Ղարաբաղի տարբեր շրջաններից հարյուրավոր մահմեդականներ: Շուշիի հայությանը եւս կարգադրված էր մինչեւ մարտի 22-ը զենքերը հանձնել: Ժամկետը լրանալուց հետո` նույն օրն առավոտյան, Սուլթանովի հրամանով զինվորական պահակախմբերը սկսեցին շրջել քաղաքի հայկական թաղամասում եւ խուզարկել բնակարանները:
Լեռնային Ղարաբաղի եւ Զանգեզուրի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումը սկսվեց մարտի 22-ին: Մուսավաթական բանակի հարվածային ուժերը թուրք սպաների հրամանատարությամբ կենտրոնացել էին Աղդամ–Ասկերան–Խանքենդի–Շուշի խճուղու, իսկ արեւմտյան կողմից` Քիրս–Տումի–Խծաբերդ ուղղություններում: Հայկական զինված ջոկատները հարձակման անցան ռազմավարական նշանակություն ունեցող Ասկերանի, Շուշիի և Խանքենդիի վրա: Մարտի 22-ին հայկական ուժերը, թշնամուն մեծ կորուստներ պատճառելով, գրավեցին Խոջալուն և Խանքենդին, մարտի 23-ին՝ Ասկերանի բերդը եւ, հարվածելով հակառակորդին, քշեցին մինչեւ Ղարաղաջ:
Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կիզակետը դարձավ Շուշիի հայ ազգաբնակչության սպանդը: Ադրբեջանա-թուրքական զորքերը եւ մահմեդական բնակչությունը մի ամբողջ օր` մարտի 23-ին, արյունահեղ խրախճանք էին կատարում քաղաքում: Հայ բնակչության մեծ մասը սրի էր քաշվում, սպանվում են հազարավոր տղամարդիկ, կանայք, ծերեր եւ երեխաներ: Ոչ ստույգ տվյալներով Շուշիում զոհվածների թիվը հասնում էր մոտ 8 հազարի: Մահից փրկված Շուշիի հայության բեկորները, թվով 5–6 հազար մարդ, մազապուրծ փախավ Վարանդա եւ Դիզակ։ Ըստ Ղարաբաղի Հայոց Ազգային խորհրդի վիճակագրության` կործանված գյուղերից մոտ 20 հազար չափահաս եւ ավելի քան 4 հազար անչափահաս մարդ ապաստան գտավ Վարանդայի, Դիզակի եւ մասամբ Զանգեզուրի գյուղերում: Բազմակողմանի նախապատրաստությունից հետո` մարտի վերջին, թուրքերը միաժամանակ երեք` Ասկերան–Շուշի խճուղու, Աղդամ–Վանք եւ Կարաչինար–Էրքեջ ուղղություններով սկսեցին հակահարձակումը:
Արցախահայերի համար վերջապես եկավ երկար սպասված պահը: Հայաստանի Հանրապետության կառավարության կարգադրությամբ 1920թ. ապրիլի 14-ին Զանգեզուրի կողմից Վարանդա գավառ մտան հայկական զորամասերը Դրոյի հրամանատարությամբ, եւ մի քանի օրվա ընթացքում Ղարաբաղը մաքրեցին թուրք-թաթարական զորքերից: Սուլթանովն իր զինված կազմավորումներով պատսպարվեց շրջափակման մեջ գտնվող Շուշիում:
Դրոյի անմիջական նախաձեռնությամբ ստեղծվեց Արցախի ժամանակավոր կառավարություն` «Վարիչների խորհուրդ» անունով: Ստեղծվեց բանակի ընդհանուր հրամանատարություն` Դրոյի գլխավորությամբ: Ղարաբաղի եւ Զանգեզուրի միջեւ սկսվեց ազատ հաղորդակցություն: Կազմակերպվեց սայլերի գումակ, որի միջոցով Զանգեզուրից եւ այլ վայրերից շարունակաբար զենք, զինամթերք ու պարեն էր հասցվում Ղարաբաղ: Բոլոր ճակատներն ու ռազմավարական նշանակության բնակավայրերը միացվեցին հեռախոսային գծերով: Դրոյի առաջնահերթ խնդիրն էր ապահովել Արցախի անվտանգությունը եւ լուծել գավառը Հայաստանին վերամիավորելու հարցը: Նրա մասնակցությամբ ապրիլի 25-ին Թաղավարդ գյուղում գումարվեց արցախահայության 9-րդ համագումարը, որը մեկ անգամ ևս արձանագրեց. «Հռչակել Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետությանը` որպես նրա անբաժան մաս»:
Քաղաքական նոր զարգացումները, սակայն, փոխեցին իրավիճակը: Ապրիլի 28-ին Ադրբեջանում հաստատվեցին խորհրդային կարգեր: Բաքվի բոլշեւիկյան հեղաշրջումից հետո ռուսական կարմիր բանակի զորամասերը մոտեցան Արցախի սահմաններին: Ադրբեջանի բոլշեւիկյան կառավարությունն ապրիլի 30-ին եւ մայիսի 8-ին Հայաստանի կառավարությանը ներկայացրեց վերջնագրեր` պահանջելով հայկական զորամասերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղի սահմաններից: Մինչ Հայաստանի կառավարությունն ուղիներ էր փնտրում վիճահարույց հարցերի խաղաղ կարգավորման համար, Շուշիի եւ Զանգեզուրի շրջաններում հայ-թաթարական կոտորածները կանխելու պատրվակի տակ մայիսի 11-ին, Կովկասյան ճակատի հրամանատարության հրամանով, 11-րդ կարմիր բանակի զորամասերը շարժվեցին դեպի Նախիջեւանի, Օրդուբադի եւ Շուշիի շրջաններ: Մայիսի 12-ին ռուսական զորքերը մտան Շուշի։
Կարմիր բանակի զորամասերը հսկում էին Արցախի ռազմավարական կարեւորագույն կետերը, իսկ Ադրբեջանի կառավարությունը վերջնագրային լեզվով պահանջում էր երեք օրվա ընթացքում ենթարկվել իրեն: Մայիսի 22-ին տեղի ունեցավ Ղարաբաղի կառավարության վերջին նիստը: Կառավարությունը համոզմունք հայտնեց, որ երկրամասում ստեղծված իրավիճակում դրությունը կարող են փրկել տեղական բոլշեւիկները` իշխանությունն իրենց ձեռքը վերցնելով եւ Ղարաբաղը հայտարարելով Խորհրդային Ռուսաստանի մաս, այլ ոչ թե Ադրբեջանի։
Այսպիսով, քաղաքական հանգամանքները դասավորվեցին այնպես, որ Դրոն մայիսի 27-ին իր զորամասով հեռացավ Արցախից եւ վերադարձավ Գորիս` ամբողջ զինանոցը եւ պարենի պահեստները թողնելով ղարաբաղցիներին: Մայիսի 28-ին Թաղավարդ գյուղում տեղի ունեցավ արցախահայության 10-րդ համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց խորհրդային։
Այսպիսով, ռուսական կարմիր բանակի օգնությամբ եւ բոլշեւիկյան Ռուսաստանի ղեկավար գործիչների հովանավորությամբ Ադրբեջանն սկսեց աստիճանաբար նվաճել Արցախը: Այլ կերպ ասած` ինչին չկարողացավ հասնել մուսավաթական Ադրբեջանը թուրքերի եւ բրիտանացիների օգնությամբ, Արցախին անհամեմատ հեշտությամբ տիրացավ «կարմիր» Ադրբեջանը խորհրդային կարգերի քողի տակ:
Միքայել Հաջյան