Արցախը տեսնելուց հետո ավելի մեծ եռանդով ենք աշխատելու
Գլխավոր » Լրահոս » Արցախը տեսնելուց հետո ավելի մեծ եռանդով ենք աշխատելու

Արցախը տեսնելուց հետո ավելի մեծ եռանդով ենք աշխատելու

Հոկտեմբերի 8-ին Արցախ այցելած և մի շարք հանդիպումներ ունեցած ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ջեքի Սփիերը և Ջուդի Չուն լրագրողների հետ ճեպազրույցում նշել են, որ Արցախից հեռանում են լավագույն տպավորություններով:

«Մեր նպատակն է Արցախ այցելելուց հետո մեր ջանքերը կրկնապատկել, որպեսզի ԱՄՆ իշխանություններին համոզենք, որ պետք է աջակցել Արցախին»,- նշել է Ջեքի Սպիերը՝ ավելացնելով, որ Արցախը հրաշալի երկիր է հիանալի ժողովրդով, որն արժանի է ամենալավին:

Ջուդի Չուն ԱՄՆ «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրինագծում լրամշակում է մտցրել, որով նախատեսվում է շփման գծից դիպուկահարների հետքաշում, հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմների ներդրում և հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացում:

«Առաջարկել եմ, որպեսզի ֆինանսավորում հատկացվի սահմանին այդպիսի մեխանիզմների ներդրման համար և այն անցել է Կոնգրես, հուսանք, որ Կոնգրեսը կհաստատի այն, որը կլինի այստեղ խաղաղության պահպանման լավագույն երաշխիքը: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի խաղաղությունը պահպանենք այս հիասքանչ երկրում»,- ասել է կոնգրեսական Չուն:

 

Չուն ավելացրել է, որ այսքանն արել է առանց Արցախը տեսնելու և հիմա ավելի մեծ եռանդով կաշխատի, որպեսզի Արցախն այլևս վտանգի ենթարկված չլինի, որպեսզի սահմաններին տիրի խաղաղություն և որպեսզի Արցախը զարգանալու համար համապատասխան ռեսուրսներ ունենա:

Հավելենք, որ Արցախում կոնգրեսականները հանդիպել են ԱՀ նախագահի, ԱՀ ԱԺ նախագահի, ԱԺ հանձնաժողովների և խմբակցությունների նախագահների, ԱՀ ԱԳ նախարարի հետ, այցելել Halo Trust ականազերծող կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակ:

Տ. Աղաջանյան

 

 

1