Արմենից` արմեններ...
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արմենից` արմեններ...

Արմենից` արմեններ…

Հոկտեմբերի 31-ին լրացավ Արցախյան շարժման եւ պատերազմի առաջամարտիկ, Աշանի ինքնապաշտպանական ջոկատի, այնուհետև վաշտի հրամանատար, ՀՅ Դաշնակցության գաղափարակիր,  «Մարտական խաչ երկրորդ աստիճանի» շքանշանակիր Արմեն Ավագյանի ծննդյան 48-ամյակը: Նշանակալից է Արմեն Ավագյանի ներդրումը Աշանի, Մարտունու, Աղդամի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերում և ընդհանրապես Արցախյան գոյապայքարում:

 

Հոկտեմբերի 31-ին Արմենի հայրենի Աշան գյուղում հավաքվել էին նրա մարտական ու կուսակցական ընկերները, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, հարազատներ, ովքեր հարգանքի տուրք մատուցեցին հերոսի շիրիմին: Ներկա  էր ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, Արմենի մտերիմ ընկեր Դավիթ Իշխանյանը:

 

 

 

Կան մարդիկ, որոնց մասին հեշտ չէ գրել, որովհետեւ նրանց գործն ու նվիրումն այնքան մեծ է, որ դժվար է տեղավորել տողերի մեջ: Նրանց թողած գործն  արդեն իսկ պատմություն է, քանի որ նրանց գործը նվիրում է հայրենիքին, նրանց նպատակը՝  այն մեծագույն բանը, որ կա աշխարհում՝ ազատությունը… Այդպիսինն էր նաեւ Մարտունու շրջանի Աշան գյուղի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արմեն Ավագյանը…

 

Արմեն Ավագյանը ծնվել է 1967թվականին: 1985-1987 թվականներին ծառայել է Լեհաստանում։ Այնուհետեւ վերադարձել հայրենի գյուղ, ամուսնացել,հաստատվել գյուղում:

 

Այն ժամանակ, երբ 70 տարիներ ադրբեջանական լծի տակ տառապող Արցախը ազատության առաջին ճիգերն էր անում եւ ոմանք հավատում էին, որ հարցն առանց պատերազմի կլուծվի, Արմենը լոկ մի բան գիտեր՝ պատերազմն անխուսափելի է: «Օդից վառոդի հոտ է գալիս»,- շատ իրատեսորեն  բնորոշում էր նա: Տան նկուղում նա սկսսեց ինքնաշեն զենքեր պատրաստել եւ հանձն առնել գյուղի ինքնապաշտպանական ջոկատի ստեղծումը:

 

ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանն այսպես է բնորոշում Արմենին. «Արմենի հետ ծանոթացա Աշանում: Միանգամից հավանեցի. շատ ազնիվ տղա էր, համեստ, բարի, բայց միաժամանակ՝ ոգով ու պայծառ: Այդպիսի մարդկանց միշտ չես հանդիպում: Նա լավ հրամանատար էր, տղաների հոգսը քաշող,  տղաների ասածները աչքաթող չէր անում: Նրա նմանները միշտ էլ պետք են մեր ազգին՝ մեր մշտական հարատեւումը ապահովելու համար: Արմենի հետ սիրում էի զրուցել: Նա հավատում էր, որ պատերազմում մենք շատ առաջ ենք գնալու և հետագայում ամեն բան լավ է լինելու…»:

 

Արմեն Ավագյանի ստեղծած Աշանի ինքնապաշտպանական  ջոկատը ձորակի առաջին ջոկատն էր: Ջոկատը կազմված էր մոտ 19 հոգուց, հետագայում՝ 1992-ին, Աշանի վաշտի անդամների թիվը կազմում էր 120 հոգի: Հրամանատար դառնալը շատ պատասխանատու և դժվար գործ էր: Արմենը գյուղում եւ շրջապատում  հարգված ու սիրված անձնավորություն էր, ուստի տղաներն ընտրեցին եւ հենց նրան վստահեցին ջոկատի հրամանատարությունը: Արմեն Ավագյանի ենթակայության տակ էին նաև Նորշեն, Հացի, Ավդուռ, Մյուրիշեն գյուղերը: Պետք եղած դեպքում՝ Աշանի ջոկատը հասնում էր օգնության /իսկ նման դեպքերը շատ էին/: Արմեն հրամանատարին սիրել և հարգել են նաև ձորակի բնակիչները: Նրան  գիտեին նաև թշնամիները, թեւ չէին պատկերացնում, որ ընդամենը 23-24 տարեկան երիտասարդ է նա:

 

12202524_952502668142926_1393094001_n

 

Աշանի ջոկատի առաջին անդամներից մեկը եղել է Անդրանիկ Գրիգորյանը: Նա հպարտությամբ նշում է, որ հրամանատարի շնորհիվ ջոկատում տիրում էր ընկերական մթնոլորտը: «Մենք եղել ենք մի ընտանիք: Շտաբ էինք ստեղծել և գիշերները հերթապահում էինք՝ անվերջ զրուցելով ու պատկերացնելով, թե դեռ ինչեր պետք է անենք: Այն փաստը, որ ստեղծվել է Աշանի ջոկատը, և որ Աշան ոչ ոք իրավունք չուներ ներխուժելու՝ գիտեին բոլորը,- նշում է Ա.Գրիգորյանը,- Արմենը շատ ընկերասեր, մարդկային էր՝ թե՛ ընտանիքում, թե՛ ընկերական շրջապատում: Հյուրասեր էր, առանց հյուրասիրության չէր թողնում հեռանային իրենց տնից: Մարտի դաշտում առաջինն էր, միշտ առաջնորդող: Արմենը մեծատառով մարդ էր: Նրա նմաններին անհնար է մոռանալ»:

 

Մեծ է Արմեն Ավագյանի դերը  նաեւ գերիների փոխանակման գործում: Նրա շնորհիվ է, որ փոխանակումը հնարավոր դարձավ նաև Մարտունու շրջանով, քանզի՝ կատարվում էր միայն Ասկերանով: Բանակցությունների ժամանակ նա համարձակ էր, գիտեր ինչի համար եւ ուր էր գնում: Ադրբեջաներեն լավ չիմանալու համար իր հետ տանում էր ընկերներից մեկին՝ մուշկապատցի Աբրիկին, ով հմտորեն տիրապետում էր լեզվին եւ այդ հարցով օգնում Արմենին:

 

Համագյուղացի, Աշանի ջոկատի անդամ Արմեն Ղայամյանի խոսքերով՝ Արմենի համար յուրաքանչյուր գերի թանկ էր: «Նա շատ էր մտածում գերիներին ազատելու առումով: Ադրբեջանցիների կողմից գերեվարվածների շարքում էր նաեւ գյուղի կոլտնտեսության ղեկավար, մաթեմատիկայի հարգված ուսուցիչ Էմիլ Բալայանը»,-պատմում է Ա. Ղայամյանը եւ նշում, թե ինչպիսի պատասխանատվությամբ Արմենը հանձն առավ այդ կարևոր գործը: «Գնալով բանակցությունների՝ ամեն անգամ նա իր կյանքը վտանգում էր:

 

Գյուղում թերահավատորեն էին վերաբերում գերիների ազատման հարցին, չէ՞ որ բանակցությունների գնացողն ընդհամենը 25 տարեկան երիտասարդ էր: Սակայն նրա հմտության ու ճարպկության շնորհիվ գործը մեծ դժվարությամբ գլուխ բերվեց: Փոխանակման վայրից վերադարձանք չորս ազատված գերիներով: Հիշում եմ՝ Արմենն էր քշում մեքենան, գյուղ մտնելու պահին մեքենան կանգնեցրեց և իջնելով ղեկից՝ թեթեւ շունչ քաշեց՝ չկարողանալով զսպել հուզմունքը…մենք էլ հուզվեցինք: Շատերը  հետո գու՞ցե իրենց մեղավոր զգացին, որ չէին հավատացել Արմենի կարողություններին: Առաջադրանքը, համենայնդեպս, կատարված էր անթերի…»,- նշում է Ա.Ղայամյանը: «Արմենը ծնվել է մեր ժողովուրդի համար,- ավելացնում է Ղայամյանը,- նա իմ ընկերն էր, ընկերներիցս լավագույնը…»:

 

12202058_1495212980775354_945770335_n

 

Մարտի դաշտում Արմենը խնայում էր ընկերներին, միշտ ինքը նետվում առաջ: Նա զոհվեց 1992-ի մայիսի 15-ին՝ Գյուլաբլուի մարտերում: Նրա զոհվելու մասին տարբեր մարդիկ տարբեր են ներկայացնում: Հայրը՝ Ժորիկ Ավագյանը, ասում է. «Արմենը մի փամփուշտ ուներ առանձնացրած, դա իր համար էր պահում: Ես մի օր դա պատահական տեսա նրա կրծքի գրպանում: Երբ հարցրի, ասաց՝ սա ինձ համար է, պա՛պ, ես չպիտի թուրքերի ձեռքն ընկնեմ: Ես նրան ասացի՝ քեզ չեն կարող խփել: «Ճիշտ ես, պա՛պ, ես էլ չեմ հավատում, որ որևէ մեկի գնդակը կարող է ինձ դիպչել, բայց, ո՞վ գիտե, մեկ էլ տեսար՝ թիկունքից կրակեցին…». սա Արմենի խոսքերն էր…

 

Արմենի զոհվելուց հետո Աշանի ջոկատի հրամանատարն էր մտերիմ ընկերներից մեկը՝ Դավիթ Իշխանյանը, ում համար, ինչպես նա է ասում, հեշտ ու ցանկալի չէր ընկերոջ զոհվելուց հետո ստանձնել հրամանատրությունը: «Այնուհանդերձ,  ես պարտավորված էի շարունակելու նրա գործը, որը միասին սկսել էինք: Հրամատարություն հանձն առնելն այն առաքելության շարունակությունն էր, որը մենք ստանձնել էինք  ոչ միայն 1988-ին այլ՝ նախքան 88-ը՝ մեր ընկերական երդումով: Այդ երդումը հետագայում դարձավ նաև հայրենիքին և մեր ժողովուրդին երդում տալու բարձր առաքելություն: Պատահական չէ, որ Դաշնակցության շարքերը զինվորագրվելով՝  փորձեցինք  մեր առաքելության իմաստն ավելի խորացնել և տարածել Ղարաբաղից դուրս՝ կուսակցական լինելու ճանապարհով»,- նշում է Դ.Իշխանյանը: «Եթե ընդգծենք Արմեն Ավագյանի կերպարը որպես նվիրյալ՝ պետք է դիտարկել հենց նվիրյալի կերպարի ներքո: Նվիրյալներն իրենց մեջ կրում են այնպիսի արժեքներ, որոնցով նրանք տարբերվում են մյուս մարդկանցից, ընդհուպ՝ մինչև իրենց զոհաբերելու ամենաբարձր և գիտակցական մակարդակը:

 

Արմենը մարդկային բարձր արժեքների տեր անձնավորություն էր: Նա կամավորական շարժման և կամավորական ջոկատի, այնուհետև վաշտի հրամանատար էր, և զիվոր հասկացողությունը, թերևս, նրա մեջ ամփափվում էր ոչ թե վերադաս և ստորադաս հասկացողությամբ, այլ՝ զինվոր լինելու գաղափարով: Ինքն իրեն համարում էր պարզ զինվոր, իր ժողովուրդի զինվոր, իր երկրի նվիրյալ զինվոր: Զինվորի կերպարը և զինվոր հասկացողությունը, ինչպես  յուրաքանչյուր կամավորական, իր մեջ կրում էր այնպիսի բարձր պատվով և այնպիսի նուրբ վերաբերմունքով ինչպես  բոլոր նվիրյալները,- նշում է Դ.Իշխանյանը և ավելացնում,- նա հավատում էր Միացյալ Հայաստանի գաղափարին: Եթե չհավատար՝ չէր լինի այդպիսին, որովհետև ով որ ծանոթ էր Արմեն Ավագյանին, նրա միջոցով նույնպես հավատում էր Միացյալ Հայաստանի գաղափարին: Արմենի կերպարը դեռևս չլուսաբանված կերպարների, չլուսաբանված անհատականությունների շարքում է, որը, թերևս, մնացած է մեր ժողովրդի ստվերի մեջ՝ մյուս  հերոսների շարքում»:

 

Հայաստանից Արցախ ժամանած կամավորական ջոկատներից մեկի անդամ, ծնունդով աշանցի Վիոլետա Գրիգորյանի խոսքերով՝ Արմենի նկատմամաբ իր սերը հավասար է հարազատ զավակի նկատմամբ սիրուն: «Արմենն ամեն ինչով տարբերվում էր: Նա շատ համարձակ էր, հավասարակշիռ, ամեն ինչ անում էր տեղին ու գիտակցված, ձեռքով ամեն բան գալիս էր և գործից երբեք խույս չէր տալիս: Նրա կերպարում գոռոզությունը բացակայում էր, շատ էր նվիրված ընկերներին,- պատմում է Վ.Գրիգորյանը,- Արմենը միայն մտածում էր, թե ի՞նչ պետք է անենք, որպեսզի հաղթանակենք պատերազմում: Նա ասում էր, որ Ղարաբաղյան շարժումը սկիզբն է մեր ամբողջական, կորսյալ երկիրը վերադարձնելուն… Հիշում եմ՝ նրա զոհվելուց օրեր առաջ էր. պետք է մեկնեի Երևան՝ տղաներին օգնություն բերելու համար: Արմենին խնդրեցի, որ ինձ հետ գա. զգում էի, որ ինչ-որ բան է լինելու…չեկավ, ասաց. «Դու գնա, ես հետո կգամ, կարևոր գործ կա, որը պիտի գլուխ բերենք…» Ստեփանակերտ վերադարձա մայիսի 25-ին, Շուշին ազատագրված էր, Արմենի ասած կարևոր գործը կատարված էր, բայց Արմենն արդեն չկար. կանխազգացումն ինձ չխաբեց…Մինչեւ հիմա մտածում եմ՝ ինչու՞ չհամոզեցի նրան: Երբեմն այդ միտքն ինձ հանգիստ չի տալիս, բայց…երևի ճակատագիր էր, նա էլ պիտի համալրեր այն լավերի շարքերը, որոնց ճանապարհը ի վերուստ որոշված էր…»:

 

image

 

Դպրոցական տարիքից Արմենն աչքադրած աղջիկ ուներ՝ Մարինեն, ում հետ էլ 1988-ին ամուսնացավ: Լեհաստանում ծառայության ժամանակ համարյա ամեն օր Մարինեին նամակ էր գրում: Մարինեն այդ նամակները մինչ օրս խնամքով պահում է, մեկ-մեկ էլ բացում եւ կարդում է բոլորից թաքուն, բոլորից թաքուն արտասվում՝ հիշելով մեծ սիրո պատմությունը, որի ծնունդն է դուստրը՝ Հերմինեն, ով ծնվեց 1989-ին: Դժվարությամբ, բայց պատվով Մարինեն շարունակեց ապրել առանց Արմենի՝ իր հոգու սերը նվիրելով աղջկան: «Արմենը շատ էր ցանկանում որդի ունենալ, սակայն ես չկարողացա նրա երազանքն իրականություն դարձնել,- ասում է Մարինեն,- իմ փոխարեն դա կատարեց  Հերմինեն՝ նրան տղա թոռնիկ պարգեւելով, որին կոչեցին Արմեն: Դավիթը եւս իր որդուն կոչել է Արմենի անունով: Կարծում եմ՝ Արմենի գործը արմենները կկարողանան շարունակել ըստ արժանվույն…»:

 

DSC_0754

 

DSC_0740

 

DSC_0744

 

Լուսինե Թեւոսյան

1