Արման Ստեփանյանն այսօր կդառնար 34 տարեկան
Գլխավոր » Գաղափարական » Արման Ստեփանյանն այսօր կդառնար 34 տարեկան

Արման Ստեփանյանն այսօր կդառնար 34 տարեկան

Նոյեմբերի 7-ին լրացավ սեպտեմբերի 4-ին հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության արդյունքում զոհված պայմանագրային զինծառայող, ՀՅ Դաշնակցության գաղափարակիր Արման Ստեփանյանի ծննդյան 34 ամյակը:

 

Այդ առիթով այսօր նրա շիրիմին էին այցելել ընտանիքը, հարազատները,զինակից ու կուսակցական ընկերները: Ներկաները ծաղիկներ են խոնարհել եւ խնկարկել հերոսի հիշատակը:

 

<<Արման Ստեփանյանն այսօր կդառնար 34 տարեկան: Նա իր կյանքի կարճ, բայց բովանդակալից տարիներն ապրեց նվիրումով՝ իր հայրենիքին, իր  որդեգրած գաղափարին, իր ընտանիքին: Մեր բոլորի հուշերում նա կմնա որպես բարի, ազնիվ, գաղափարական անձնավորություն>>,- ասաց ՀՅ Դաշնակցության Արցախի ԿԿ անդամ, Արմանի բարեկամ Ժիրայր Շահիջանյանը:

 

12231362_1497063647256954_1986140016_n

 

Իսկ ՊԲ փոխգնդապետ, Արմանի զինակից ու մտերիմ ընկեր Սերյոժա Իվանյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց. << Արմանի մասին դժվար է խոսել, բայց եւ պատվաբեր, որովհետւ նա մի անձնավորություն էր, որի համար հայրենիքը բարձր արժեք էր: Նա նվիրված էր իր զինակից ընկերներին, իր գործին: Ցանկացած իրավիճակում  նրա համար <<չէ>> բառը գոյություն չուներ, միշտ առաջինն էր, միշտ պատրաստ ցանկացած գործողության: Ոչ մի բանից չէր տրտնջում, որովհետեւ քաջ գիտակցում էր, որ բոլորիս գործը մեր հայրենիքի պաշտպանությունն է, ինչն անում էր մեծագույն պատասխանատվությամբ: Կարծում եմ՝ չի գտնվի մեկը, ով ինչ-որ բացասական բան կարողանար արտահայտել նրա մասին, որովհետեւ Արմանը բարի սիրտ ուներ, միշտ ժպտադեմ, միշտ բոլորին օգնող ու լավ խորհուրդներ տվող էր:  Նրա կորուստը մեծ ցավ է մեզ համար>>:

 

12211990_1497063807256938_187385681_n

 

Արմանն ապրեց ընդամենը 33 գարուն, բայց այդ ընթացքում նա հասցրեց մեծ տեղ զբաղեցնել իր ընկերների, մտերիմների, նրան ճանաչողների սրտերում, ու այդ տեղը միշտ էլ կպատկանի Արմանին: Նրա անունն այսուհետ պատգամ է հիշեցնելու բոլորիս՝ ապրել շիտակ ու հայրենանվեր…

 

<<Ապառաժ>>

 

 

1