Արարատ Դանիելյանն ամփոփել է 2017 թվականը
Հունվարի 26-ին տեղի է ունեցել ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի մամլո ասուլիսը, որի ժամանակ ներկայացվել է նախարարության եւ նրա ստորաբաժանումների կողմից 2017 թվականին կատարված աշխատանքները:
Նախարարը նախ անդրադարձել է շարունակական բնույթ կրող Արցախի Հանրապետության օրենսդրության կատարելագործման, դատաիրավական համակարգի և իրավակիրառական պրակտիկայի բարեփոխման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ նշելով, որ 2018 թվականը օրենսգրքի մշակման եւ վերջնական տեսքի բերման հարցում լինելու է բեկումնային:
«Հաշվետու տարում մասնակցել եմ ԱԺ լիագումար և ԱԺ հանձնաժողովի նիստիերին՝ ներկայացնելով Սահմանադրության պահանջներից բխող և մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթներ, տվել եմ պարզաբանումներ պատգամավորների կողմից հնչեցված հարցերի շուրջ»,- նշել է Ա.Դանիելյանը:
2017 թվականին նախարարության առջև դրված կարևորագույն խնդիրներից է հանդիսացել մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության իրականացումը, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը և համակարգի ստորաբաժանումների գործունեության բարելավումը: