Ավարտվել է Շուշիի պատանեկան ճամբարը
Գլխավոր » Երիտասարդական » Ավարտվել է Շուշիի պատանեկան ճամբարը

Ավարտվել է Շուշիի պատանեկան ճամբարը

Այսօր՝ օգոստոսի 9-ին, Շուշիի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցում  ավարտվել է ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» եւ  Արցախի երիտասարդական միությունների անդամների կողմից կազմակերպված պատանեկան ճամբարը։

Տասնօրյա ճամբարային ծրագրի շրջանակներում պատանիներն ակտիվ մասնակցել են մարզումներին, երգի պարապմունքներին,  ինտելեկտուալ խաղերի միջոցառումներին, ծանոթացել հայ ժողովրդի եւ դաշնակցության պատմությանը, դասախոսություններ լսել տարածաշրջանային խնդիրների եւ առաջին բուժօգնության մասին:

Ֆրանսիայի «Նոր սերունդ» միության անդամ, ճամբարի պատասխանատու Նժդեհ Քարաքավորյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ ճամբարը գործում է 2009թ-ից եւ նպատակ ունի կամրջելու Արցախի եւ Ֆրանսիայի պատանիներին՝ ստեղծելով բարեկամական ամուր կապեր:

«Արցախի պատանիները պետք է իմանան, որ Ֆրանսիայում ունեն քույր եւ եղբայրներ, ովքեր կիսում են իրենց գաղափարներն ու մտածողությունը: Մեր նպատակն է՝ պատանիների մեջ դաստիարակել հայրենիքը պարշտպանելու եւ ազգային արժեքներն ամեն բանից վեր պահելու գաղափարներ»,-հավելել է նա :

ՀՅԴ Արցախի պատանեկան միության վարչության անդամ Ալյոնա Դադամյանի խոսքով՝ ճամբարներն ուսուցողական եւ ճանաչողական նպատակներ ունեն: Ըստ նրա՝ այս տարի Շվեդիայի հայ երիտասարդներն ընդգրկվել են «Նոր սերունդ» միության կողմից կազմակերպված ճամբարին  եւ ցանկություն հայտնել՝ հաջորդ տարի առանձին ծրագրով Արցախում կազմակերպելու ամառային ճամբարներ:

Պատանիները Ֆրանսիայի մեր հայրենակիցներից ստացել են  խորհրդանշական նվերնե :

 Միջոցառումը եզրափակել են ՀՅԴ քայլերգով:

Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

 

1