Ճամբարը՝ հայրենիքի և սփյուռքի միջև կապերը սերտացնելու միջոց
Գլխավոր » Լրահոս » Ճամբարը՝ հայրենիքի և սփյուռքի միջև կապերը սերտացնելու միջոց

Ճամբարը՝ հայրենիքի և սփյուռքի միջև կապերը սերտացնելու միջոց

Հուլիսի 23-ից Արցախի Ասկերան քաղաքում գործում է ՀՅԴ պատանեկան ճամբար, որին մասնակցում են 150 պատանիներ: Ճամբարի ընդհանուր պատասխանատու ՀՅԴ Լիբանանի Զավարյան ուսանողական միության անդամ Կիրո Գարավարդանյանի խոսքով՝ պատանիները մեծ խանդավառությամբ են մասնակցում ճամբարական առօրյային, լսում դասախոսությունները և սովորում հայրենասիրական երգերը: «Երեխաների հետ աշխատելով, խոսելով արդարության մասին, ցանկանում ենք նրանց մասնակից դարձնել մեր միությունների աշխատանքներին»,- նշել է նա:

Լիբանանի ԶՕՄ-ը տարիներ է վեր ճամբարներ է կազմակերպում Հայաստանում և Արցախում: Այս տարի այդ նպատակով հայրենիք են ժամանել 15 երիտասարդներ, ովքեր բաժանված են երեք խմբի՝ երկուսը՝ ՀՀ-ում է, մեկը՝ Արցախում: Ճամբարի ծրագիրն այս տարի որոշակի փոփոխության է ենթարկվել. այն տևելու է մեկ շաբաթ: Երեխաները առավոտյան 9:00-ից մինչև 14:00-ն ծանոթանում են հայոց պատմության ուշագրավ դրվագներին, սովորում երգեր ու պարեր, խաղում և ձեռագործ աշխատանքով զբաղվում:

Ըստ ճամբարի վարիչ Նարե Աղասարկիսյանի, ծրագրի նպատակը Սփյուռքի և հայրենիքի միջև սերտ կապեր ստեղծելն է: «Զբոսաշրջության ծրագրով այստեղ գալով չենք կարողանում հասկանալ, թե ինչպես է իրականում ապրում Հայաստանի և Արցախի ժողովուրդը: Ճամբարը առիթ է ստեղծում, որպեսզի մոտիկից շփվենք այստեղի մեր  հայրենակիցների հետ, տեսնենք նրանց առօրյան, իմանանք դժվարությունների մասին և մեր փորձառությունը փոխանցենք նրանց»,- ասել է Նարեն:

Նարեն նշում է, որ երեխաները մեծ սիրով են հաճախում ճամբարին, շատ ընկերասեր են ու բարի և, տեսնելով նրանց սերը, ինքն էլ ավելի մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր գործին:

1