«Աշխարհը Լոռվա ձորերում» ներկայացումը՝ Գիշիի բեմում
Գլխավոր » Լրահոս » «Աշխարհը Լոռվա ձորերում» ներկայացումը՝ Գիշիի բեմում

«Աշխարհը Լոռվա ձորերում» ներկայացումը՝ Գիշիի բեմում

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ նոյեմբերի 6-ին Մարտունու շրջանի Գիշի գյուղում ցուցադրվեց «Աշխարհը Լոռվա ձորերում» ներկայացումը՝ նվիրված հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, դպրոցականներ, թատերասերներ ոչ միայն Գիշիից, այլեւ` հարակից գյուղերից:

Նախքան ներկայացման մեկնարկը՝ հանդիսատեսին ողջունեց Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը: Նա համառոտ անդրադարձով ներկայացրեց Համազգայինի գործունեությունը Սփյուռքում եւ հայրենիքում՝ նշելով, որ գյուղական համայնքներում մշակութային կյանքի աշխուժացումը մշտապես լինելու է Համազգայինի Արցախի գրասենյակի ուշադրության ներքո: Հ.Ավագյանը նաեւ նշեց, որ գալիք տարի լրանում է Հովհաննես Թումանյանի 150-ամյակը եւ ներկայացումը նվիրվում է մեծանուն գրողի հոբելյանին:

«Թումանյանը գրել է թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար, նա կարողացել է խոսել բոլորի սրտերի հետ, ապրել բոլորի հույզերը, սերն ու կարոտը եւ այն փոխանցել մեզ՝ որպես անգնահատելի ժառանգություն, ուստի այս ներկայացումը եւս թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար է: Այն գրողի ստեղծագործություններից կազմված մի գեղեցիկ փունջ է՝ հանդիսատեսին նվիրելու համար»,- ասել է Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատուն:

«Աշխարհը Լոռվա ձորերում» ներկայացումը սիրվեց ներկաների կողմից. դրա հավաստումը դահլիճի ջերմ մթնոլորտն էր՝ հակառակ այն հանգամանքի, որ դահլիճը չէր ջեռուցվում, իսկ դրսում եղանակը անձրեւոտ էր եւ ցուրտ:

Շնորհակալություն Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ողջ անձնակազմին եւ ներկայացման ռեժիսոր, թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանին՝ գեղեցիկ ներկայացման համար:

 

Համազգայինի Արցախի գրասենյակ

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

1