Այսօր չկա որևէ խնդիր, որին հայրենիքի պաշտպանությունը կարելի է ստորադասել. Սուրեն Սարումյան
Վերջերս լույս է տեսել Արցախի ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Սուրեն Սարումյանի «Ստվերներով լի քաղաք» գիրքը: Այն հեղինակի արդեն երկրորդ հրապարակված գիրքն է՝ «Աբու Բաքր ալ Բաղդադի՝ Շամի խալիֆը» վեպից հետո: Ընթերցողի դատին հանձնված երկու գրքերն էլ դրական մեծ արձագանք են գտել: Բայց ինքը՝ Սուրեն Սարումյանը, իրեն գրող չի համարում, գրական ջիղը բացահայտելու տարիքն էլ պայմանական է համարում.
-Եթե վերցնենք ընդհանրապես գրելը, դա վաղուց էր, իսկ թե երբ է սկսում գրվածքը գեղարվեստական արժեք ձեռք բերել, դա բարդ է ասել: Կոնկրետ վերջերս լույս տեսած գրքի պատմվածքները վերջին 3-4 տարվա ընթացքում են գրվել:
Սուրենը ծնվել է շինարարի ընտանիքում՝ Երևանում, հետո ընտանիքով տեղափոխվել են Արտաշատ, 1988-ին էլ Արցախ.
-Մեր ընտանիքում միայն ես և կրտսեր քույրս ենք ծնվել Երևանում, իսկ մյուս երեխաները արձակուրդների շրջանում Արցախում են ծնվել: Երևանում ապրելու ժամանակ ամեն ամառ և ձմեռ արձակուրդներն անցկացնում էինք հորս ծննդավայրում՝ Սեյդիշենում (այժմ՝ Խաչեն): Հայրս զինվորական ծառայությունից հետո մնացել է Երևանում: Արցախյան շարժման օրերին՝ 1988թ. որոշել է՝ «վերադառնում եմ մեր երկիրը»:
Զինվորական մասնագիտության ընտրությունն էլ նախասիրության հարց էր.
— Միշտ էլ զինվորական մասնագիտությունը հրապուրել է ինձ: Տղամարդուն վայել բազմաթիվ գործեր կան. զինվորական լինելն էլ ամենալավերից ու պատվաբերներից մեկն է:
Զինվորական, լրագրող, գրող Սուրեն Սարումյանը դժվարությամբ է իրեն բնորոշում, որովհետև, ըստ նրա, թվարկվածները մեկը մեկից տարանջատել չի կարելի: Բայց իրեն առաջին հերթին զինվորական է համարում.
-Մեկը մեկին չի խանգարում: Բացի դրանից, կարծում եմ, որ այսօր չկա որևէ խնդիր, որին հայրենիքի պաշտպանությունը կարելի է ստորադասել: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, երբ բոլորս գիտենք, որ ցանկացած պահի մարտական գործողությունների վերսկսումը կարող է իրականություն դառնալ: Դա մեր աշխարհագրական դիրքի, հարևանների առկայությունն է, որն օբյեկտիվ իրականություն է: Այսօրվա դրությամբ, իմ խորին համոզմամբ, մեր ամենակարևոր գործը սահմանների պաշտպանությունն է: Եթե զինվորականը դա կատարում է համազգեստով և իր դիրքում, ապա աշակերտն էլ կատարում է լավ սովորելով: Բոլորն էլ նույն խնդրին պետք է լծված լինեն:
Վերջերս լույս տեսած «Ստվերներով լի քաղաք» գիրքը, ինչպես գրականագետ Հասմիկ Հակոբյանն է նկատել, ոնց որ ստվերների տիեզերք լինի: Այս դեպքում կյանքն այսպես է ընկալվում.
-Ստվերները մարդիկ են. այն կաղապարները, պայմանականությունները, հասարակության այն ճնշումը, որը կարծես թե չի երևում, անտեսանելի է, բայց որի հետ մարդը բախվում է ամբողջ կյանքի ընթացքում, հաշվի է նստում, երբեմն հաղթում, երբեմն պարտվում: Ստվերները անցյալի հուշերն են, այն, ինչ հիմա չկա, բայց մարդուն շատ ժամանակ ավելի է ուղղորդում, քան ներկան:
Այն մեր իրականության արտացոլումն է.
-Ընդհանրապես գրականության մեջ կա մի հետաքրքիր երևույթ: Եթե գրողը գրում է պատմավեպ, որը ենթադրենք արծարծում է 2000 տարի առաջվա դեպքերը, միևնույնն է՝ ահագին մասով գրում է հենց այսօրվա մասին: Սյուժեն կամ ժամանակաշրջանը այնքան էական չեն՝ իմ կարծիքով: Միայն այն փաստը, որ մարդն ապրում է տվյալ ժամանակաշրջանում, նշանակում է, որ անցյալի կամ ապագայի մասին գրելիս ինքը իրականում միշտ պատմելու է ներկայի մասին:
Նախորդ տարի լույս տեսած «Աբու Բաքր ալ Բաղդադի՝ Շամի խալիֆը» վեպն արդի ռազմաքաղաքական հիմնախնդիրների գեղարվեստական արտացոլման օրինակ է, որտեղ բնականորեն միահյուսվել են իրականն ու երևակայականը։ Այնտեղ ներկայացված է Իսլամական պետության առաջխաղացումը, որի շոշափուկները հասնում են մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտության սահմանագոտի… Սակայն հեղինակը ինքնին իսլամից սպառնացող վտանգ չի տեսնում քրիստոնության և, մասնավորապես, հայերի համար.
-Մեր հարևան Իրանը իսլամական առաջատար պետություններից մեկն է, որը Հայաստանի անկախության առաջին օրվանից ի վեր Հայաստանի վստահելի գործընկերներից է և կրոնական որևէ հարց հայ-իրանական հարաբերություններում պարզապես գոյություն չունի: Կա փոխըմբռնում բոլոր ոլորտներում: Սիրիան, Լիբանանը, Եգիպտոսն էլ են իսլամական պետություններ:
Իսլամը ինքնին վտանգավոր չէ, վտանգ են ներկայացնում այն մարդիկ, ովքեր իսլամը սխալ են մեկնաբանում, կամ օգտվելով իսլամական պետություններում ժողովրդի ոչ գրագետ վիճակից, որտեղ սոցիալական պարարտ հող կա արմատական շարժումների ձևավորման համար, օգտագործում են իրենց քաղաքական նպատակներով:
Նույնը Ադրբեջանի մասին ասել չի կարելի, որովհետև Սուրեն Սարումյանը Ադրբեջանն իսլամական պետություն չի համարում.
-Ճիշտ է, այնտեղ արմատականացման որոշակի միտում կա, որովհետև իսլամական պետության շարքերում ազգությամբ բազմաթիվ ադրբեջանցիներ են կռվում, բայց ադրբեջանական պետությունը կրոնական չէ: Նա մեր հակառակորդն է, բայց երբեք Ղարաբաղյան ազատամարտը չի կարելի համարել քրիստոնեության և իսլամի պատերազմ: Չնայած Արցախյան առաջին պատերազմի տարիներին Ադրբեջանն այդ գործոնն էլ փորձեց օգտագործել, երբ ջիհադի կոչերով Աֆղանստանից հարյուրավոր, հազարավոր մոջահեդների ներգրավեց այս շարժման մեջ: Ամեն դեպքում՝ այդ երանգավորումն ինչ-որ չափով կա, բայց կրոնական հակամարտություն չէ: Ադրբեջանն էլ չի կարելի համարել իսլամական պետություն: Նրանց ոչ էլիտան է իսլամի օրենքները պահպանելով ապրում, ոչ էլ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը:
Ինչ վերաբերում է օտար լեզուներով գրքերի թարգմանությանն ու տարածելուն, ապա հեղինակը գտնում է, որ շտապել պետք չէ.
«Աբու Բաքր ալ Բաղդադի՝ Շամի խալիֆը» գրքի ռուսերեն թարգմանությունը պատրաստ է, բայց դեռ չխմբագրված վիճակում է: Անկեղծ ասած, նաև զինվորականի իմ կարգավիճակն ինչ-որ չափով թույլ չի տալիս հետևողական կերպով զբաղվել դրանով: Նաև գտնում եմ, որ գրականությանը չպետք է շտապեցնել: Ընդհանրապես, գրական գործընթացը հանդարտ գործընթաց է, անգամ հանրահայտ դառնալը, թարգմանվելը կամ օտար երկրներում ներկայացվելը ժամանակ պահանջող գործ է. պարզապես պետք է համբերությամբ լցվել ու սպասել: Իսկ արժեքավոր գրականությունն անպայման ինքն իր համար ճանապարհ կհարթի: Արհեստական ինչ-որ ստիմուլներ չեն կարող օգնել, որ վատ գիրքը լավը դառնա և հակառակը:
Մերօրյա գրական արժեքավոր գործերն ընթերցողների լայն շրջանակներում չտարածվելու պատճառներից մեկն էլ համարում է այն, որ մեծ մասի մոտ ընդհանրապես կորել է հետաքրքրությունը գրքի նկատմամբ:
-Դա ունի իր պատճառները: Առօրյան այնքան հագեցած է, պարտականությունները շատ, որ մի մեծ մաս դրան ուղղակի ուշադրություն չի դարձնում կամ համարում է, որ առանց ընթերցանության էլ կարող է «յոլա գնալ»: Բացի դրանից, համացանցում ահագին գրականություն հասանելի է, շատերը նախընտրում են կարդալ էլեկտրոնային տարբերակով: Եթե համեմատենք աշխարհի ուրիշ երկրների հետ, իմ կարծիքով՝ ընթերցողների և չընթերցողների թվային հարաբերակցությունը մոտավորապես նույնն է լինելու:
Պարզապես մեր բնակչության թիվը թելադրում է որոշակի սահմանափակում: Օրինակ, Հայաստանում 500.000 տպաքանակով գիրք ոչ կարող է տպվել, ոչ էլ վաճառվել: Նման տպաքանակներ կարող են գոյություն ունենալ միայն դասագրքերի դեպքում: Եթե մենք ուզում ենք հայ գրականությունը որպես խոշոր գրականություն տեսնել, պետք է մեր հայացքը թեքենք դեպի դուրս, իսկ դա էլ առանց պետական աջակցության հնարավոր չէ՝ ոչ այնքան գիրքը տպագրելու առումով, որքան այդ գիրքը դրսում ներկայացնելու, ինչ-որ արշավներ կազմակերպելու, տարածելու առումով:
Երիտասարդ գրողի կարծիքով՝ հայ գրականության ոսկեդարը չի կարելի անցած համարել.
-Յուրաքանչյուր պատմական ժամանակահատվածում կա որոշակի շրջան, որը կարելի է համարել ոսկեդար: Ի՞նչ պակաս ոսկեդար է այն շրջանը, երբ ապրում էին, ասենք, Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին, Եղիշեն: Ի՞նչ պակաս ոսկեդար էր, երբ կային Հովհ. Թումանյանը, Եղիշե Չարենցը, Վահան Տերյանը, Ավետիք Իսահակյանը: Ի՞նչ պակաս ոսկեդար էր, երբ կային Հրանտ Մաթևոսյանը, Համո Սահյանը և ուրիշներ: Հիմա էլ կան հրաշալի, տաղանդավոր գրողներ. չեմ կարծում, թե ոսկեդարի խնդիր կա: Ուղղակի մեր գրականությանը պետք է կտրվել զուտ ազգային կաղապարներից և անդրադառնալ նաև այն հարցերին, որոնք հետաքրքրում են ցանկացած մարդու՝ անկախ ազգությունից:
Այստեղ օբյեկտիվ պատճառ էլ կա՝ անցած դարի մեր ժողովրդի պատմությունը, արհավիրքները: Իհարկե, չէր կարող Ցեղասպանությունից անմիջապես հետո գրողը հանգիստ խղճով այլ թեմայի անդրադառնալ: Հատկապես արձակում թեմաների որոշակի միանմանություն կա: Օրինակ, հայկական ռոմանտիզմի ներկայացուցիչ Րաֆֆին ազգային գաղափարախոսությունը դրել է պատմական հիմքի վրա, պատմական կերպարների միջոցով իր հայրենասիրական տեսակետներն է քարոզում: Իհարկե, այն ժամանակ միանշանակ դա էր պետք, որովհետև կար ազգային-ազատագրական պայքարի խնդիր, որը հետագայում վերածվեց ազգի լինելու-չլինելու խնդրի: Իսկ հիմա հայ գրականությունը պետք է իր հայացքն ուղղի դեպի համաշխարհային գրականության ծիրը:
Տաթևիկ Աղաջանյան