Այս քվեարկությունը Ամերիկային կանգնեցրեց արդարության կողմը
Գլխավոր » Լրահոս » Այս քվեարկությունը Ամերիկային կանգնեցրեց արդարության կողմը

Այս քվեարկությունը Ամերիկային կանգնեցրեց արդարության կողմը

Մեծ հարված հասցնելով Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում արդարության հասնելու ճանապարհի խոչընդոտմանը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն հոկտեմբերի 29-ին ճնշող մեծամասնությամբ քվեարկեց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի օգտին, որը պաշտոնապես մերժում է Թուրքիայի ժխտողականությունը հայերի, հույների, ասորիների, քաղդեացիների, սիրիացիների, մարոնականների և մի շարք այլ քրիստոնյա ազգերի նկատմամբ իր կողմից իրագործված ցեղասպանության հարցում: Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևն ընդունվեց ձայների՝ 405 կողմ, 11 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ. հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։

Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարեց. «ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը, որը վերջ է դնում Ամերիկայի պատմության մեջ ամենաերկարատև օտար վետոյին: Այժմ մենք պետք է վճռականորեն շարժվենք մարդկության դեմ Թուրքիայի իրագործած ոճրագործության ճշմարիտ, արդար և համապարփակ լուծմանը, որը խլեց ավելի քան 1․5 միլիոն անմեղ հայի կյանք: Չնայած շատ բան կարելի է ասել այսօրվա քվեարկության մասին, բայց ամեն ինչ պարզից էլ պարզ է: Նախ՝ այս քվեարկությունը բացահայտեց Անկարայի՝ Ամերիկային Հայոց ցեղասպանության հարցում արդարության հասնելուն խոչընդոտելու մեջ ներգրավելու փորձերը: Երկրորդ՝ այս քվեարկությունը Ամերիկային կանգնեցրեց արդարության կողմը, որը շատ երկար ժամանակ մերժվել է Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրած սերունդների համար»:

Հայոց ցեղասպանության մասին թիվ 296 բանաձևը սահմանում է՝

1) Հայոց ցեղասպանության ժխտումը մերժելը,

2) ԱՄՆ-ի պաշտոնական կառավարության կողմից այս հանցագործության ճանաչումն ու ոգեկոչումը,

3) աջակցություն տրամադրումը Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագրերի համար՝ ժամանակակից վայրագությունները կանխելու նպատակով։

1