«Այս հողը լքելը մեզ համար ընդունելի չէ». Հարցազրոյց Թուրքիոյ խորհրդարանի անդամ Սելինա Տողանի հետ
Գլխավոր » Լրահոս » «Այս հողը լքելը մեզ համար ընդունելի չէ». Հարցազրոյց Թուրքիոյ խորհրդարանի անդամ Սելինա Տողանի հետ

«Այս հողը լքելը մեզ համար ընդունելի չէ». Հարցազրոյց Թուրքիոյ խորհրդարանի անդամ Սելինա Տողանի հետ

Ինքնավստահ ու հանդարտ քայլուածքով, ներքին հանգստութիւն ժայթքող հմայիչ ժպիտով, միշտ նորաձեւ ու տեղեկացուած, անմիջական ու օրուգիշեր պրպտող. այսպիսին է այսօր Թուրքիայի Մեճլիսում հայ կնոջը ներկայացնող միակ կերպարը` Սելինա Տողանը:

Սթանպուլի հայաշատ Բաքըրքէօյ թաղամասում մեծացած, իրաւաբանական կրթութեամբ, Տողանի մուտքը քաղաքականութիւն, սակայն, նոյնչափ հանգիստ ու խաղաղ չէր: Առաջադրուելով ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցութիւնից՝ վերջինս անակնկալի բերեց, թէ՛ հայ համայնքին, թէ՛ թուրք ազգայնականներին, որոնք չէին զլանում նրա դէմ բազմատեսակ արշաւներ կազմակերպել թ՛ մամուլի միջոցով, թէ՛ Մեճլիսում:

Սելինա Տողանից Ցեղասպանութեան մասին ելոյթներ մենք չենք լսել եւ չի էլ խոստանում: Փոխարէնը` հայազգի կին պատգամաւորը իրեն սպասեցնել չի տալիս ամէնուր, ուր ասելիք ունի` հայկական հին գերեզմանների աւերումը կանխելուց մինչեւ պատրիարքական ընտրութիւններ, հայալեզու մանկապարտէզի հիմնադրման պայքար, «Արմէն» ճամբարի դիմադրութիւն կամ հայ ֆեմինիստների մասին թուրքերէն միակ գիրքը Մեճլիսում թափահարելը:

Պատահական չէ, որ Սթանպուլի հայաշատ Շիշլի թաղամասում Սելինայի հետ մեր զրոյցը ակամայից ստացուեց աւելի շատ, ոչ թէ անցեալի, այլ ներկայի ճգնաժամերի մասին:

– Թուրքիայի հայութեան պաշտօնական ներկայացուցիչը թէ՛ Թուրքիայի պետութեան, թէ՛ ամբողջ աշխարհի առաջ մնում է պատրիարքարանը, քանի որ Լոզանի պայմանագրով Թուրքիայում ազգային փոքրամասնութիւններ չկան, իսկ հայերը, յոյներն ու հրեաները գրանցւում են որպէս կրօնական փոքրամասնութիւն: 21-րդ դարում մենք տեսնում ենք այն խնդիրները, որը ստեղծում է այս իրավիճակը եւ, ի վերջոյ, որքանո՞վ է յաջողւում պատրիարքարանի համակարգել աշխարհիկ համայնքի խնդիրները նաեւ այն պարագայում, որ քաղաքական ներկայացուցչութիւններ մենք Թուրքիայում չունենք:

– Մութաֆեան Սրբազանի պատրիարքութեան տարիներին ժամանակ, օրինակ, կարող եմ ասել, որ նա կարողացել էր համայնքի միջից եւ հենց համայնքի խնդիրներով զբաղուել, կարողացող աշխարհիկ մարդկանց մի խումբ հաւաքել իր կողքին, որոնք զբաղւում էին համապատասխան խնդիրներով, այսինքն՝ այդ ամէնը ճիշդ ձեւով համակարգելու բանաձեւը գտել էր Մութաֆեանը: Այնպէս, որ նոր Ամերիկա բացայայտելու կարիք չկայ, տարբերակները կան՝ կամքի ու ցանկութեան պարագայում: Որովհետեւ ի վերջոյ պատրիարք լինի թէ պատրիարքի տեղապահ՝ նրա իրական կոչումը հոգեւորական լինելն է եւ կրօնական հարցերով զբաղուելն է: Անշուշտ, սա էլ պէտք է չմոռանանք, որ պատրիարքութիւնը միանշանակ պետական կառոյց է, պետութեան եւ համայնքի միջեւ այդ յարաբերութիւնը կառուցող մարմինն է, այնպէս, որ «Մենք անկախ ենք», «Պետութեան թոյլատուութիւն հարցնելու կարիք չունենք» եւ այլն, չկայ նման բան, այդ խոսակցութիւնները մի կողմ դնենք, լինենք իրատես: Երբեք էլ անկախ չի եղել Պոլսոյ Հայոց պատրիարքութիւնը, ո՛չ Օսմանեան, ո՛չ հանրապետական շրջանում: Ըստ ինձ այժմ հիմնական խնդիրն այս ամէնը մեր ժամանակաշրջանին համապատասխան ձեւաչափին ու պայմաններին ճիշդ համապատասխանեցնելու հարցն է:

– Մեճլիսի հերթական նիստերից մէկի ժամանակ դուք հարցում էիք յղել Թուրքիայում ապրող հայերի թուաքանակի մասին եւ խնդրել բացել արխիւները, այդ թւում` իսլամացուած հայերի: Որեւէ պատասխան եկա՞ւ:

– Մենք մեր համայնքի բուն քանակը չգիտենք, իսկապէս մենք քանի՞ հազար հոգի ենք: Այո՛, ես այս մասին հարցրի իշխանութիւններին, երբ անձնագրերում էթնիկ պատկանելիութեան մասին գաղտնի գոտաւորումների մասին աղմուկը բարձրացաւ: Մեճլիսում ներքին գործերի նախարարութեանը պաշտօնական հարցում յղեցի, այսինքն՝ եթէ այսպիսի մի բան ենք անում մեր գլխին, թող գոնէ դրական ինչ-որ բանի ծառայի, մենք մեր համայնքում իմանանք՝ քանի՛ հոգի ենք, քանի՛ հայ կայ, որպէսզի մեր ներքին խնիդրները աւելի նպատակային լուծենք: Հիւանդանոցներ ունենք համայնքային, դպրոցներ, մենք հաշուենք, օրինակ, իմանանք՝ մեր հայկական դպրոցները քանի՛ աշակերտ կարող են ընդունել եւ այլն: Ի հարկէ, իշխանութիւններից պատասխան չեկաւ:

– Պոլսի քրիստոնեայ հայ համայնքի թուաքանակի մասին վերջին տուեալը, որ դեռ շարունակւում է շրջանառուել 60,000-ն է, սակայն այս թիւը բարձրաձայնուելիս վերջին մի քանի տարիների առաւել ինտենսիւացած արտագաղթը հաշուի չի առնւում եւ նոր տուեալներ պատրիարքարանի կողմից չեն հաղորդուել: Ըստ ձեզ` որքա՛ն է այս պահին սթանպուլահայութեան մօտաւոր թիւը:

– Այո՛, յատկապէս վերջին շրջանում հայ համայնքի բաւականին մեծ արտագաղթ եղաւ: Յստակ չեմ կարող ասել, սակայն ըստ իս, որպէս քրիստոնեայ հայեր, Սթանպուլում մօտաւորապէս 45,000-ի սահմաններում ենք:

– Թւում է, թէ Թուրքիայի հայութեան թիւ մէկ խնդիրը պէտք է լինի մայրենի լեզուով խօսելը կամ Ցեղասպանութեան մասին բարձրաձայնելը: Մինչդեռ հասարակական, սոցիալական ու բազմաթիւ այլ խնդիրներ նակտելի չեն մեզ համար դրսից:

– Բազմաթիւ խնդիրներ սկսում ես նկատել պատգամաւոր դառնալուց յետոյ: Շատ-շատ մեծ խնդիրներ կան, համակարգելու, յատկապէս երիտասարդներին առաջնորդելու հարցում ահռելի գործ կայ անելու: Խառն ամուսնութիւններից մինչեւ ազգականների միջեւ հարկադրուած կամ կամաւոր ամուսնութիւններ, վախենալու աստիճանի տնտեսական խնդիրներ, վերջին շրջանում նաեւ գործազրկութիւն: Մի՛ կարծէք, թէ այս ամէնը մեզ շրջանցում է, այս ամէնը կան:

Կարեւոր է ոչ թէ ուղղակի պայքարել, այլեւ կարողանալ ծառայել մէկ ընդհանուր նպատակի: Տեսէք, ունենք 17 վարժարան, համայնքային բազմաթիւ կառոյցներ, հիւանդանոցներ, սակայն դրանք մէկ ընդհանուր կառոյցի չեն պատկանում: Խնդիրը սա է՝ ամէն մի դպրոց ղեկավարւում է համապատասխան եւ համանուն հայկական հիմնադրամի կողմից, որոնք առանձին կառոյցներ են եւ միմիանցից անկախ: Այո՛, այժմ հիմնադրուել է համայնքային հիմնադրամների ընդհանուր միութիւն, սակայն դրանց ժողովներն ու խորհրդակցութիւնները պէտք է բաց լինեն ժողովրդի առաջ:

Ի հարկէ` դրական բաներ էլ են լինում: Օրինակ՝ «Արմէն» ճամբարում վերջապէս երեխաների զարգացման կենտրոն է կառուցուելու: Սա երկար տարիների պայքարի արդիւնք է: Նաեւ Գարակէօզեան վարժարանի ծրագրերն են շատ ոգեւորող ու հայրենանպաստ, հրաշալի գործ է արուել:

– Նոյնիսկ այսօր, երբ կապի միջոցները, այլընտրանքային գրականութիւնն ու տարբեր ուսումնասիրութիւններ անցկացնելու հնարաւորութիւններն առաւել քան հասանելի են, Հայաստան – Սփիւռք – Թուրքիայի հայութիւն կապը մնում է չափազանց թոյլ, բոլոր կողմերից շփումը քիչ է, իսկ կարծրատիպերն ու վախերը շատ-շատ: Չէ՞ք կարծում, որ նախորդ սերունդն այս հարցում շատ է թերացել, եւ ինչպէ՞ս էք տեսնում խնդրի գոնէ փոքր չափով լուծումը այժմ:

– Սա էլ մէկ այլ խնդիր է: Հիմա մենք համայնքի մի խումբ ներկայացուցիչներով որոշել ենք կրթական տարբեր ծրագրերի հետ կապուած նախագիծ իրականացնել: Աշխարհով մէկ սփռուած հայազգի ուսանողների եւ Թուրքիայում ապրող հայ երիտասարդների կապը ստեղծող մի նախաձեռնութիւն պէտք է լինի: Այդ ընթացքում մենք հասկացանք, որ Սփիւռքն ու Սփիւռքի կառոյցները մեծ հաշուով չի պատկերացնում եւ յաճախ տեղեակ չէ Թուրքիայի հայ համայնքի խնիդրներից, տուեալ դէպքում՝ կրթական խնդիրների մասին է խօսքը: Եթէ իմանան՝ գուցէ Թուրքիայի հայերի հետ կապուած առանձին մի քաղաքականութիւն որդեգրեն, որի կարիքը այսօր շատ կայ: Հիմա մենք դրա վրայ ենք աշխատում: Անելու շատ բան կայ, այստեղ նորից մեր համայնքային միութիւններին պիտի վերադառնամ: Օրինակ՝ մեր հայկական վարժարանների ուսուցչուհիները կարող են գնալ, վերապատրաստուել Պէյրութի Հայկազեան համալսարանում, ինչո՞ւ ոչ, սրանք մեծ ծախսերի հետ կապուած բաներ են, բայց անհնարին չեն:

– Տիկի՛ն Սելինա, պատմէք մեզ, խնդրում եմ, որպէս Թուրքիայի Մեճլիսի միակ կին պատգամաւոր, Սփիւռքի հայութեան հետ շփման ձեր ունեցած փորձառութեան մասին:
– Հանդիպումներ եմ ունեցել ԱՄՆ-ի տարբեր քաղաքների հայ համայնքների հետ: Ինձ մի կողմ դիր, Թուրքիայի ընդդիմադիր կուսակցութիւնների անուններն անգամ լսած չկային մարդիկ: «Օ՜, ինչպէ՞ս այսինքն Թուրքիայի Մեճլիսում ես» տիպի արձագանգներ էի ստանում, կարծես ուզենան ասել «Խե՞նթ ես, ի՛նչ է», կարծես պաշտամունքի առարկայ էի: Օրերով նստում պատմում էի, նաեւ այն, որ բացի Թուրքիայի հայերից նաեւ համայն հայութեան շահերն եմ այնտեղ ներկայացնում, շատ գեղեցիկ ժամանակ անցկացրեցինք այդ մարդկանց հետ: Բոլոր կարծրատիպերն ու նման ծայրայեղ արձագանգները չիմացութիւնից են գալիս: Մարդիկ Թուրքիայում հայ կանանց պայքարի մասին Լեռնա Էքմէքչիօղլուի զեկոյցը առանց աչքերը թարթելու, առանց մէկ վայրկեան անգամ դահլիճը լքելու լսեցին:

– Հրանդ Տինքի մահը ոչ միայն նոր զարթօնք էր Թուրքիայի հայութեան համար, այլեւ մի նոր էջ բացեց Թուրքիայի հայերի հետ մեր` մինչ այդ գրեթէ մեռած յարաբերութեան մէջ: Սակայն ի վերջոյ այդ ճանապարհին էլ Հրանդ Տինքը շատերի համար մնաց որպէս «1,500,000+1», ինչը հակասում է հենց Տինքի գաղափարախօսութեանը, ով ասում էր «Եկէք մի փոքր էլ ոչ թէ սպանողների ու սպանուողների, այլեւ կենդանի մնացածների մասին խօսենք»…

– Ուզենք, թէ չուզենք, պէտք է ընդունենք, որ Հայաստանից դուրս Հայաստանի բնակչութիւնից մի քանի անգամ շատ հայեր են ապրում, եւ որքան էլ որ համայնքային կառուցուածքը ամէն երկրում տարբեր լինի, մենք պէտք է իրատես լինելով մտածենք սա համայն հայութեան օգտին ճիշդ օգտագործելու մասին, սրա համար է, որ արժի ջանք թափել: Այլեւս ոչ թէ նստելու ու լալու, այլ տուեալ ժամանակաշրջանի կողմից մեզ մատուցուած հնարաւորութիւնների ճիշդ օգտագործման, մեր երեխաների ապագան առաւել լուսաւոր դարձնելու հարցի շուրջ պէտք է կենտրոնանանք: Ես միշտ սա եմ ասում. շատ երջանիկ մարդ եմ համարում, քանի որ գիտեմ իմ մայրենին, գիտեմ նաեւ երկու օտար լեզու եւ այն երկրի լեզուն, որտեղ ապրում եմ: Սա իմ հարստութիւնն է: Իմ շրջապատում բոլոր հայ ընկերներիս երեխաները ներկայում հայերէն խօսում են: Իմ հայրը, օրինակ, հայերէնի հարցում շատ է դժուարանում, լսելիս հասկանում է, բայց չի կարողանում լաւ խօսել: Երեխաս սիրում է հայերէնը: Մեր երեխաների մէջ այս գիտակցութիւնը պէտք է զարգացնենք, որպէսզի նրանք լինեն ե՛ւ լաւ հայ, ե՛ւ լաւ աշխարհաքաղաքացի: Դրա համար ազգայնական լինելու կարիքը չկայ:

– Թուրքիայի հայութեան շրջանում մէկ անգամ չէ, որ լսել ենք այն կարծիքը, թէ 2002 թ.-ից սկսած, այսինքն` Էրտողանի կողմից հիմնուած «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան իշխանութեան գալուց յետոյ կրօնական, ազգային, սոցիալական եւ այլ փոքրամասնութիւնների, այդ թւում` հայերի համար սկսուեց առաւել հանդարտ շրջան, երբ հնարաւոր դարձաւ առաւել հանգիստ խօսել այն թապուների մասին, որոնք նախկինում մահացու էին: Միեւնոյն ժամանակ հենց այս իշխանութեան օրօք մենք ունեցանք Հրանդ Տինք եւ Սեւակ Պալըքճը: Ի՞նչ կ’ասէք այս հակասութեան մասին:
– Այն փաստը, որ այս իշխանութիւնների օրօք կրօնական փոքրամասնութիւնները կարողացան յետ ստանալ մի շարք համայնքային շինութիւններ ու հողատարածքներ՝ կարեւոր է: Սակայն մեր ազատութիւններն ու իրաւունքները միայն դրանով չեն սահմանափակւում: Այո՛, թաղապետերը, պետական այրերը մեր համայնքային միջոցառումները այցելում են, բայց դա չի էականը: Բացի այդ՝ դեռեւս ետ չվերդարձուած անթիւ, անհամար շէնքերի ու տարածքների դատական գործեր կան օդում կախուած: Միեւնոյն ժամանակ տնտեսական մի շարք խնդիրների առաջ կանգնեց համայնքը: Օրինակ՝ Սթանպուլի Մեծ շուկան… Գիտակցաբար, տարիներ շարունակ քայլ առ քայլ ստեղծում են պայմաններ, որպէսզի այնտեղի հայ ու միւս քրիստոնեայ վարպետները, արհեստաւորները դուրս գան, նրանց փոխարէն այլ զանգուած է բերւում այստեղ, տեմոկրաֆիք պատկերը փոխւում է: Շատերն են հիմա ասում՝ իսկ գուցէ Հայաստանո՞ւմ ոսկերչական խանութ բացենք, կամ Յունաստանում: Մարդիկ դատարկաձեռն մնացին:

– Շատերը յաճախ չեն ընկալում հայի` Թուրքիայում մնալու «իմաստը» կամ շարժիչ ուժը: Յաճախ դա` այս տարածքների հետ կապերի (այդ թւում եւ հոգեւոր կապերի) ամբողջական խզման արդիւնք է: Միւս կողմից`Թուրքիայի հայութեան մի լայն զանգուած այսօր բռնում է արտագաղթի ուղին, եւ դրա պատճառները յաճախ աւելի քան արդարացուած են: Ի վերջոյ` արեւմտահայութիւնը մեզ այստե՞ղ է առաւել պէտք, թէ՞…

– Ինձ միշտ հարցնում են՝ Թուրքիայի հայերի «Բ» բլանը (plan B) ո՞րն է, եթէ ինչ-որ բան պատահի նորից… Ես ասում եմ՝ իսկ «Ա» բլան ունե՞նք: «Ա» բլանը միշտ էլ թողնել փախնելն է: Երկրից դուրս գալը կարող է ժամանակաւոր լուծում լինել, բայց այս հողը լքելը մեզ համար ընդունելի չէ:

– Մենք յաճախ ենք տեսնում Կարօ Փայլանի Մեճլիսեան ելոյթների ժամանակ առաջացած աղմուկը եւ այն ճնշումը, որը նրա հանդէպ գործադրում են այլ կուսակցութիւնների ազգայնական շրջանակները: Միւս կողմից կարելի է ենթադրել, որ եթէ Կարօն լինելով քրտամէտ կուսակցութեան պատգամաւոր եւ ճնշման է ենթարկւում դրսից, ապա Դուք, լինելով Քեմալական կուսակցութեան պատգամաւոր, կարող էք ճնշման ենթարկուել ոչ միայն դրսում, այլեւ հենց կուսակցութեան ներսում…

– Մեր կուսակցութեան ներսում տարբեր ենթաճիւղեր՝ հոսանքներ կան, նրանց թւում էլ իրենց «ազգասէր» կոչող ճիւղ էլ կայ անշուշտ: Ճնշում ասուածը պէտք է, որ ղեկավարութիւնից գայ, սակայն ես նման բանի դեռեւս չեմ հանդիպել, յամենայնդէպս` իմ երեսին չեն ասել: Ի հարկէ, ձեռնարկածս աշխատանքները ոչ միանշանակ մեկնաբանող մարդիկ կան ներսում: Դա տեղեկատուութեան պակասից ու ձեւաւորուած կարծրատիպերից է գալիս, այդ գաղափարները կարող են կոտրուել ժամանակի եւ մատուցուած ճիշդ տեղեկատուութեան շնորհիւ:

– Ձեր կուսակցութիւնը պէտք է դիմի ՄԻԵԴ եւ պահանջի Ապրիլի 16-ին կայացած սահմանադրական փոփոխութիւնների հանրաքուէի չեղարկումը: Որքա՞ն են ընդդիմադիրների շանսերն այս պարագայում, եւ, ըստ ձեզ, ի՞նչ դիրքորոշում կ’որդեգրի ՄԻԵԴ-ը:

– Շատ մանրակրկիտ պէտք է պատմուի ու ներկայացուի առկայ իրավիճակը ՄԻԵԴ-ին: Դատարանը սովորաբար չի զբաղւում հանրաքուէներով, այլ կարողանում է միջամտել միայն ընտրութիւններին: Սակայն ի՞նչ է նշանակում հանրաքուէ, փոփոխութեան մի կէտ ես ներկայացնում ու հարցնում ժողովրդի կարծիքը: Սակայն այստեղ ի՞նչ արեցին: Մի ամբողջ պարկ, ամբողջ Թուրքիայի հանրապետութեան սահմանադրութիւնն ու արդարադատութիւնից մինչեւ կառավարման համակարգ ամէն ինչ փոխեցին: Մենք պէտք է կարողանանք բացատրել եւրոպացիներին, որ սա Եւրոպայում անցկացուող ու իրենց իմացած հանրաքուէները չեն, սա անօրէնութիւն է: Առանց գաղտնիութիւնը պահելու քուէրակութեան իրականացումներից սկսած մինչեւ նախընտրական քարոզարշաւի ժամանակ կատարուած անօրէնութիւնները: Եւ չնայած նախընտրական շրջանում եղած այդքան ճնշումների, յարձակումների ու անօրէնութիւնների՝ 50 տոկոս «Ոչ» է դուրս եկել հանրաքուէին: Եւրոպայի գլուխն էլ է խառնուել, թէ ի՛նչ ենք անելու այս Թուրքիայի հետ:

– Նոյնիսկ եթէ ՄԻԵԴ-ում ընդդիմութիւնը յաղթի` դա էական դեր կը խաղա՞յ Թուրքիայի ներսում, եւ Էրտողանը հաշուի կը նստի՞ դրա հետ:

– Ի հարկէ, նոր հանրաքուէ չեն անցկացնի, սակայն չեն էլ կարող արհամարհել: Ներքին քաղաքականութեան առումով այս ամէնը կարեւոր արդիւնքներ կը տայ:

– Էրտողանի փափաքած նախագահական համակարգը թէեւ անցաւ հանրաքուէով, բայց անսպասելի կերպով քիչ տոկոսային տարբերութեամբ յաղթեց: Եթէ հաշուի առնենք նաեւ ընտրախախտումները, «Ոչ»-ի ձայները նոյնիսկ աւելի շատ էին: Էրտողանը շատ լուրջ դիմադրութեան հանդիպեց յատկապէս մեծ քաղաքների ընտրողների շրջանում եւ նախորդ բոլոր ըտնրութիւններում վստահ յաղթանակ տօնած նախագահի համար սա մի փոքր տխրահռչակ յաղթանակ էր: Ի՞նչ կ’անի Էրտողանը` աւելի շա՞տ կը սկսի ճնշել իրեն դեմ եղողներին, թէ կը փորձի «սրտները շահել»:

– Այն, որ իշխող կուսակցութեան մէջ կը լինեն քատրային լուրջ փոփոխութիւններ, ակնյայտ է: Մեծ քաղաքներում քիչ ձայներ ստանալու պատճառով հնարաւոր է, որ Էրտողանը քայլեր ձեռնարկի տեղային ինքնակառավարման ընտրութիւններն աւելի վաղ իրականացնելու եւ դաշտը փոխելու համար: Իմ անձնական կարծիքն այն է, որ
հանրաքուէի ժամանակ Էրտողանին «Ոչ» ասած այդ 50 տոկոսը պէտք է միաւորուի մէկ ճիշդ թեկնածուի շուրջ եւ միաւորի իր ուժերը՝ համախմբուած կերպով շարունակելով պայքարը: Մենք չենք կարող իմանալ, թէ ի՛նչ է կատարուել հանրաքուէի ժամանակ քրտաբնակ շրջաններում, քանի որ այդ հատուածներում թուրք-քրտական բախումների հետեւանքով մի շարք մարդիկ լքել են իրենց տներն ու չեն մասնակցել ընտրութեանն ըստ գրանցման վայրի, որոշ շրջաններում մեր կողմէ վստահուած անձիք չեն եղել, եւ կատարուել են բազմաթիւ ընտրախախտումներ:
Նախընտրական քարոզչութեան շրջանակներում մենք շատ ենք այցելել նաեւ Թուրքիայի հարաւ-արեւելեան (Արեւմտեան Հայաստանի մի մասը – Ս.Յ.) քրտաբնակ շրջաններ: Դա շատ կարեւոր է, քանի որ քրտամէտ Ժողովրդադեմոկրատական կուսակցութեան շուրջ 10,000 անդամ հիմա բանտում է: Հետեւաբար՝ մեզանից, որպէս ընդդիմադիրներ այդ զանգուածը սպասումներ ունի:

– Կարօ Փայլանի` վերջին աղմկայարոյց ելոյթի եւ Ցեղասպանութիւն եզրոյթի համար խորհրդարանական երեք նիստերից հեռացուելու ժամանակ Կարոյին «պատժելու» համար նաեւ քուէարկեց ձեր կուսակցութիւնը, ինչը երկար ու հակասական քննարկումների տեղիք տուեց պոլսահայ մամուլում, յատկապէս ձեր անձի հետ կապուած…

– Շատ բարդ է պատմել, բացատրել այն միջավայրը, որը վերապրւում է այդտեղ՝ Մեճլիսում: Թերթերից, հեռուստացոյցից այդ ամէնը բոլորովին այլ պատկեր է ստանում յաճախ: Մանաւանդ, երբ խօսքը գնում է սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ քննարկումների մասին, որտեղ, գիտէք, ամպիոն են կոտրում ու շուռ տալիս կամ «Շներն այստեղ չեն կարող մտնել» գրութեամբ պաստառներ են կախում, այսպիսի մի միջավայրում բոլորը մահապարտ զինեալի վիճակում՝ ասեղների վրայ են նստած այնտեղ: Այդ օրը մենք ֆիքսուել էինք ազգայնականների վրայ, քանի որ գիտէինք, որ քրտերը այսպէս թէ այնպէս «Ոչ» են ասելու սահմանադրական փոփոխութիւններին: Այդ օրը դրա վէճն էր գնում: Եւ հենց այդ պահին Կարօն դուրս եկաւ ու ասեց՝ Ցեղասպանութիւն: Ի հարկէ՝ Կարոյի նպատակն այնտեղ Ցեղասպանութեան մասին խօսելը չէր, սահմանադրական փոփոխութիւնների պատմութեան վերաբերեալ շատ գեղեցիկ ակնարկ արեց: Բայց… Պայթիւն եղաւ: Այդ օրը արդէն ազգայնականները քանի որ ոչ մի կերպ չէին կարողանում արդարանալ ու բացատրել, թէ ինչո՛ւ են Էրտողանի կողքին քայլում ու աջակցում նրան, բարդ իրավիճակում էին: Կարոյի ելոյթն ու այդ իրարանցումը կարծես նրանց օգտին կոլ լիներ մի կողմից էլ:

Սոֆիա Յակոբեան

«Հորիզոն»

1