ԱՄՆ Կոնգրեսում քննարկվեցին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման հարցերը
Գլխավոր » Լրահոս » ԱՄՆ Կոնգրեսում քննարկվեցին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման հարցերը

ԱՄՆ Կոնգրեսում քննարկվեցին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման հարցերը

Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը օրերս ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպել էր քննարկում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հանցագործության հատուցման թեմայով, որին բանախոսելու էր իրավագետ եւ ցեղասպանագետ, դոկտոր Ջերմեյն Մաքքալպին։

«Անարդարությունը մեկ տեղում՝ սպառնալիք է արդարությանը ամենուր»,- հայտնի իրավապաշտպան Մարթին Լյութեր Քինգի խոսքերն է մեջբերում իրավագետ եւ ցեղասպանագետ դոկտոր Ջերմեյն Մաքքալպին ԱՄՆ Կոնգրեսում Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած քննարկմանը Հայոց ցեղասպամության ճանաչման եւ հատուցման հարցերի շուրջ: Իր ելույթում դոտոր Մաքքալպին ընդգծեց միասնության կարեւորությունը այս նպատակներին հասնելու համար, ինչպես նաեւ ժխտողականության դեմ պայքարում:

«Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը չի կարող հաջողությամբ պսակվել, եթե դրա մասին քարոզեն միայն հայերը: Անհրաժեշտ է բոլորիս ու լայն զանգվածների միասնական քարոզչությունը»,- ասում է նա:

Նա կոչ արեց դասեր քաղել մարդկության հանդեպ կատարած այլ հանցագործությունների ճանաչման եւ հատուցման օրինակներից ՝ ընդգծելով, որ ցեղասպանությունը դադարում է միայն այն ճանաչելուց հետո:

«Պետք է բացառել, որ ժամանակակից զարգացումները խափանեն հանցանքի ճանաչման գործընթացը: Քանի դեռ ցեղասպանությունը ժխտվում է, այն շարունակվում է»,- նշում է Մաքքալպին:

Դոկտոր Մաքքալպիի կարծիքով Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հատուցման տրամադրումը կարեւոր է նաեւ Թուրքիայի համար, քանի որ առանց դրա անհնար է հասնել երկրի լիակատար ժողովրդավարացմանը: Նա վստահ է, որ՝հատուցումն ավելի խորը երեւույթ է, քան ֆինանսական փոխհատուցումը: Դրա առաջնային նախապայմաններից է հանցագործության գիտակցումն ու ճանաչումը, որից հետո միայն հնարավոր է խոսել հատուցման ձեւերի մասին:

Հայ դատի Վաշինգտոնի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը եւս համամիտ է՝ հատուցումն ու ճանաչումը փոխկապակցված են, իսկ հատուցման համար անհրաժեշտ է ցեղասպանության հանցանքի ճանաչում: Հայոց ցեղասպանության հարցում, ըստ Համբարյանի, հնարավոր է հասնել ճանաչմանը աշխարհում կոնսենսուսի ձեւավորման միջոցով, որի արդյունքում Թուրքիան, միայնակ մնալով, ստիպված է լինելու ճանաչել իրողությունը: Դա էլ, ըստ Համբարյանի, ճանապարհ կհարթի հատուցման տարբեր ձեւերի շուրջ երկխոսությանը:

«Սա յուրահատուկ չէ միայն հայերի համար: Աշխարհում յուրաքանչյուր տեղում կա այն ընկալումը, որ երբ հանցանք է կատարվում, ապա ոճրագործները նախ պետք է ընդունեն իրենց մեղքը, ճանաչեն այն եւ ճանապարհ գտնեն վերականգնելու արդարությունը զոհերի նկատմամբ»,- ասում է Արամ Համբարյանը:

Միջոցառմանը ներկա Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի կարծիքով էլ Հայոց ցեղասպանության զոհերի հատուցման խնդիրը ունի որոշակի տարբերություն, օրինակ Հոլոքոստի հետ՝ իրավական հիմքերից ելնելով: Հայոց ցեղասպանության դատապարտման գործընթացը չունի Նյուրենբերգի նախադեպ, ուստի անհրաժեշտ են նոր եւ ստեղծագործ մոտեցումներ, որոնք կարող են փոփոխություններ մցնել այս հարցում:

amerikayidzayn.com

1