ԱՄՆ կոնգրեսականը՝ Ուորլիքին. Վերջ տվեք ԼՂ հարցում կեղծ հավասարության մոտեցմանը
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի, ինչպես նաև կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին վերջ տալ ԼՂ հարցում կեղծ հավասարություն պահելուն։
Կոնգրեսականը հարցազրույց է տվել Horizon Live հաղորդման շրջանակում` ընդգծելով, որ Ուորլիքի նման դիրքորոշումը պարարտ հող է ադրբեջանական ագրեսիայի ծավալման համար։ Շիֆը մանրամասնել է, որ այս մտահոգություններն ինքն արտահայտել է ամերիկացի համանախագահին ուղղված նամակում, որում նշել է, որ «Ադրբեջանն այս հակամարտության ռազմատենչ կողմն է»։
«Ադրբեջանը շփման գծում կրակում է տանկերից, ծանր հրետանուց, օգտագործում է դիպուկահարներին` հայ զինվորներին սպանելու համար: Այդ ամենն անչափ վտանգավոր է: Ադրբեջանի ներսում ժողովրդի դժգոհությունը գնալով աճում է, տնտեսությունը թուլանում է, նավթի գներն ընկնում են և, ըստ այդմ, բռնապետության դիրքերը թուլանում են: Ուստի` ստեղծված իրավիճակում Իլհամ Ալիևը, հետևելով բռնապետերի մեծ մասի օրինակին, թեժացնում է հակամարտությունը, լարվածություն ստեղծում շփման գծում, որպեսզի շեղի հասարակության ուշադրությունը երկրի առջև ծառացած խնդիրներից»,- նշել է Շիֆը:
Այնուհետև կոնգրեսականն անդրադարձել է շփման գծում կրակոցների արձակման վայրը ֆիքսելու համար նախատեսված հատուկ սարքավորումների կիրառման հարցին` հիշեցնելով, որ Հայաստանն ու ԼՂ-ն իրենց համաձայնությունը տվել են, իսկ Ադրբեջանը` ոչ: «Դրանից ելնելով` աշխարհը պետք է հասկանա, թե սադրող կողմը որն է»,- ասել է ամերիկացի պաշտոնյան, գրում է Tert.am-ը:
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի նախաձեռնությամբ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը նվիրված դռնփակ քննարկում էր կազմակերպել՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքի մասնակցությամբ: Ավելի վաղ Էդ Ռոյսը և հանձնաժողովի դեմոկրատական փոխնախագահ Էլիոթ Էնգելը Պետքարտուղարություն նամակ էր հղեշ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ, որին միացել էր 85 կոնգրեսական:
Կոնգրեսականը հորդորել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ճնշում գործադրել Ադրբեջանի հանդեպ` երաշխավորելու համար հրադադարի ռեժիմի պահպանումը ԼՂ հակամարտության գոտում:
ԱՄՆ մեկ այլ կոնգրեսական Ադամ Շիֆը «ԼՂՀ ազատությունն ու ժողովրդավարությունը» միջոցառման ընթացքում ևս անհանգստություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիվ ու վտանգավոր ռազմական գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև ԱՄՆ ներկային քաղաքականության առնչությամբ: