Աղջիկներ, որ կյանքեր փրկեցին
Պատերազմող երկրի կանայք… Նրանք բառիս բուն իմաստով նվիրյալներ էին, նվիրյալներ, որ հարյուրավոր կյանքեր փրկեցին… Նրանցից մեկն էլ Աիդա Մարությանն է, բուժքույր, որին Արցախում բոլորն են ճանաչում:
«Սկսենք նրանից, որ ծնվել եմ Բաքվում, 1970 թվականին: Մայրս հիվանդ էր, շատ շուտով մահացավ: Հայրս մեզ վերցրեց, 1975-ին եկանք Ստեփանակետ: 10-րդ դպրոցն ավարտելուց հետո ընկերուհիներով որոշեցինք դիմել բժշկական ուսումնարան՝ ընդհանուր պրոֆիլի քույրեր դառնալ, սակայն ոչ-ոք չէր պատկերացնում, որ կսկսվի պատերազմը և մեր մասնագիտությունն այդքան անհրաժեշտ կդառնա: Ստեփանակերտի դիագնոստիկ կենտրոնում 1,5 տարի բուժքույր-լաբորանտ էի աշխատում, երբ պատերազմն սկսվեց: Հոսպիտալն այն ժամանակ տեղակայված էր մարզկոմի ներքնահարկում, իսկ 92-ի մայիսի վերջին՝ դիագնոստիկ կենտրոնի ներքնահարկում: Դիմեցի հոսպիտալի գլխավոր բժիշկ Վալերի Մարությանին և ասացի, որ ուզում եմ աշխատել այնտեղ, այն էլ՝ վերակենդանացման բաժնում՝ անեսթեզիոլոգ. թեկուզ այդ բնագավառում չէի աշխատել, բայց ասացի, որ կարող եմ: Ինչ չգիտեի՝ իմ մոտ գրառումներ էի անում: Վիրավորների հոսքը մեծ էր, սովորում էինք ոտի վրա: Դեռ մի ամիս չանցած՝ գրառումներս դեմոնստրատիվ կերպով պատռեցի և ասացի, որ այն ինձ այլևս պետք չէ: Ուրիշներն այդ հմտությունները տարիներով էին ձեռք բերում, պատերազմը մեզ ստիպեց ամեն ինչի շուտ տիրապետել:
Այնուհետև վիրաբուժական բրիգադների կազմում մոբիլ բրիգադներ ստեղծեցինք, որոնց կազմում ընդգրկում էին վիրաբույժներ, օպերացիոն քույրեր, անեսթեզիոլոգներ, և գնում էինք ռազմի դաշտ: Այն վիրավորներին, որոնց կարողանում էինք, տեղում բժշկական օգնություն էինք ցույց տալիս, տեղում էինք ամեն ինչ կազմակերպում, ծանր հիվանդներին ուղարկում էինք քաղաք, իսկ ավելի ծանրերին ուղղաթիռով տեղափոխում էին Երևան: Եթե հիվանդները տեղափոխության հետ կապված խնդիրներ էին ունենում, վիրահատում էինք դաշտային հոսպիտալներում: Եղել եմ Դրմբոնում, Վանքում, Ֆիզուլիում, Ֆինգայում, ուսումնական-ռազմական ճամբարներում, Հորադիզի օպերացիային ենք մասնակցել: Ապա աշխատել եմ կենտրոնական զինվորական հոսպիտալում: Ամենալավ բառերը կարելի է ասել կոլեկտիվի մասին՝ ընկերասիրություն, փոխօգնություն… ամենալավ մարդկային հատկանիշները դրսևորվում են այդպիսի էքստրեմալ պայմաններում: Դա ավելի շատ մի մեծ ընտանիքի էր նման, և առայսօր մենք կարոտախտ ունենք այն օրերի մեր հիշողությունների հանդեպ»:
Բուժքույր Աիդայի պես շատերն են կարոտով հիշում պատերազմական այն դժվարին տարիներին ամենուր դրսևորվող մարդկային ջերմ հարաբերությունները, որը հաղթանակի գրավականներից մեկն էր. <<Սա բոլորովին այլ կարգի ջերմություն էր, մենք կարող էինք ամիսներով իրար չհանդիպել, բայց անտեսանելի մի ուժ մեզ բոլորիս կապում էր և, անկախ հեռավորությունից (շատերն աշխատում են Երևանում կամ Ստեփանակերտի այլ բուժհիմնարկներում), իրար հանդիպելիս ոնց որ հարազատի գտած լինենք: Բոլորի հետ շփվում եմ, մի բան պատահած լինելու դեպքում կարող եմ երկտող ուղարկել, և այն տարիների մեր մտերիմներից որևէ մեկը չի կարող հնարավոր ու անհնարին ամեն ինչ չանել օգնելու համար: Այն տարիների մեր մտերմությունն այլ կարգի բարձր էր՝ չէինք քնում, կարգին չէինք սնվում, բայց նվիրումն անսահման էր: Ինչ-որ մեկը հարազատ էր կորցնում՝ եղբայր, ծնող, ամուսին, բայց էլի վերադառնում էինք մեր առօրյային՝ վիրավորները մեզ էին սպասում, չէ՞ որ նրանք էլ ինչ-որ մեկի հայրը, ամուսինը, եղբայրն էին… Ոչ ոք չէր ասում՝ չեմ գնում դաշտային հոսպիտալի աշխատանքներին մասնակցելու: Հիշում եմ բուժքույրեր Նաիրա Իսրայելյանին, Ջուլիա Խաչատրյանին, Լիդա Աղաբեկյանին, Սվետա Աբրահամյանին, Ֆլորա Հակոբջանյանին, Գայանե Հայրապետյանին… Վաղամեռիկ Հասմիկին եմ հիշում, որ մնաց հանրակացարանի փլատակների տակ: Երբ պառկում էինք քնելու, նա ասում էր. «Եթե մի բան պատահելու լինի, թող ինձ պատահի, որովհետև դու եղբայր ես կորցրել (Բեկոր-Աշոտին)… Եթե հանկարծ ինձ մի բան պատահի, գեղեցիկ կներկեք, սիրուն կհագցնեք ու հետո թաղեք… Սակայն նա փլատակների տակ էր մնացել, այնպես էր դեմքը աղավաղել, որ… Այնքան ծանր տարա այդ դեպքը, որ առավոտյան ինձ համար դժվար էր առանց նրա մտնել վերակենդանացման բաժին … Տարիներ հետո մի սայլակավոր տղայի հանդիպեցի, հարցրեց՝ չճանաչեցի՞ր, ասացի՝ ոչ, պատասխանեց՝ դուք ինձ բուժեցիք 92 թվականին… Բոլորի մոտ այն պատկերացումը կար, որ եթե հասնի զինվորական հոսպիտալ, ուրեմն ապրելու է՝ անկախ ամեն ինչից:
20 տարի աշխատելով կենտրոնական զինվորական հոսպիտալում՝ Աիդան զինվորական թոշակի անցավ տարիների վաստակով: 2014 թվականի մարտից աշխատում է Հանրապետական բժշկական կենտրոնի շտապ օգնության բաժանմունքում՝ որպես ավագ բուժքույր:
Աիդան համեստորեն լռեց իր մարտական վաստակի համար արժանացած մեդալների ու բազմաթիվ պարգևների մասին, միայն իմացա, որ արժանացել է «Գարեգին Նժդեհ», «Մարտական ծառայություն», «Վազգեն Սարգսյան», «Մայրական երախտագիտություն» մեդալների:
Լիլիա Բաղրյան