Ազդարարվել է «Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթի կազմավորումը
Գլխավոր » Լրահոս » Ազդարարվել է «Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթի կազմավորումը

Ազդարարվել է «Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթի կազմավորումը

Պարն ամենահիմնական նշանակություն ունեցող երևույթ մըն է. ամեն գեղարվեստ պարի մեջ կպարտակվի: Իբրև շարժում՝ պարը շատ կարևոր դեր ունի ապագա դպրոցականի կյանքի գեղարվեստական շարժումի մեջ, վասնզի պետք է գիտենալ, թե ամեն գեղարվեստ, ինչպես երաժշտություն, քանդակագործություն, ճարտարապետություն և այլն, շարժում է: Ամեն կյանքի մեջ պար կա: Արդեն ամբողջ տիեզերքի կյանքը միթե պար չէ:

Կոմիտաս, «Պարն ու մանուկը»

«Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթը մայիսի 24-ին ազգային երգի ու պարի սիրահարներին հավաքել էր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում: Կայացել է նորաստեղծ խմբի առաջին համերգը՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100-րդ և Արցախյան շարժման 30-րդ տարեդարձներին, որը կրում էր «Ձոն քաջաց» խորագիրը:

Եվ իրոք, համերգը մի յուրօրինակ ձոն էր՝ նվիրված մեր ազատությունն ու անկախությունը կերտած քաջերին՝ համեմված ազգային պարերով, երգերով, արտասանություններով: Ազգագրական պարը, միահյուսվելով տվյալ միջավայրի ծեսերի, տոնակատառությունների, հավատալիքների և պաշտամունքների հետ, ստեղծում է հայ ժողովրդի հոգեբանությունը և զգացմունքային աշխարհը նկարագրող մի մշակույթ, որը և հայ պարարվեստն է: Այն ուղեկից է եղել պետականության կորստի շրջանում և անկախության տարիներին, երգի, պարի միջոցով արտահայտվել են ժողովրդի հրճվանքն ու մարտի մեկնելու պատրաստակամությունը, բարձրացել է ազգային միասնությունն ու մարտական ոգին:

33566808_1868231089881786_1380966276406444032_o

Իսկ Արցախում անկախության հռչակումից հետո է հնարավորություն ստեղծվել ուսուցանել ու սովորել ազգային երգեր ու պարեր: Այսօր արդեն կարելի է ասել, որ երկար տարիների աշխատանքն իր արդյունքը տվել է: Դրանում իրենց ավանդն ունեն արվեստի դպրոցները, տարբեր ազգագրական խմբակները ու խմբերը, որոնք տարիներ շարունակ տարրբեր միջոցներով փորձում էին հանրայնացնել ազգային երգն ու պարը:  Եվ կարելի է արձանագրել, որ այն հաջողվել է: Ասվածի վկայությունը «Տնջրե»-ի համերգի ժամանակ դահլիճում պարող հարյուրավոր երիտասարդներն են, որը Արցախում հազվադեպ է պատահում: Տարիներ առաջ, բացի մի քանի «համարձակներից» ու ինքնուս պարողներից ոչ ոք չէր պարում հրապարակային միջոցառումների ժամանակ, իսկ այսօր արդեն կարող ենք ասել, որ պրոֆեսիոնալ պարողներ ու բազում հետաքրքրվողներ կան, ովքեր անկաշկանդ պարում են տարբեր միջոցառումների, տոների ժամանակ:

Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարրաության ջանքերով կազմակերպվել են բաց դասեր, բայց ազգային պարը տարածում գտավ, երբ համույթի անդամները և այլ պարուսույցներ սկսեցին դասավանդել շրջաններում, դա նպաստեց, որ պարը տարածվի Ստեփանակերտի շրջանակներից դուրս: 2017-2018թթ. ուսուցիչների վերապատրաստումից հետո Արցախի 16 դպրոցներում այժմ դասավանդվում են ազգային երգ ու պար:

«Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթը սկզբնավորվել է 2013թ. նոյեմբերի 25-ին, երբ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը այն ժամանակ «Արցախ» կոչվող ազգագրական երգի ու պարի համույթն առաջին անգամ հրապարակային ելույթ ունեցավ: Խմբի պարուսույցը Սարգիս Պարսամյանն էր:

Համույթի կազմավորման ակունքներում գտնվող Թամար Սարգսյանի խոսքով այն վերանվանվեց «Տնջրե» մոտ երկու ամիս առաջ: «Տնջրին ամուր արմատներով հաստաբուն ծառ է, որը դիմանում է բոլոր փոթորիկներին և հայոց մշակույթն էլ համարում ենք այդ ծառի նման, հայոց մշակույթն էլ խորը արմատներ ունի և ինչքան էլ օտար տարրեր են մուտք գործում, միևնույնն է, զուտ ազգայինը պահպանվում է»,- այսպես է անվանումը բացատրում Թամար Սարգսյանը:

Ըստ նրա՝ համերգի գաղափարը միշտ էլ եղել է ոչ թե զուտ ներկայանալու, պարը բեմ տանելու, այլ ավելի շուտ հասարակության մեջ ազգային պարը տարածելու համար: Ու մի կարևոր հանգամանք ևս ոչ թե համերգն է նվիրվել պարին ու երգին, այլ պարն ու երգն է նվիրվել բովանդակությանը, այսինքն Արցախյան շարժման ու առաջին հանրապետության 100-ամյակին:

«Տնջրե» համույթն այժմ բաղկացած է 14 հոգուց: «Սկզբնական շրջանում ամբողջ շեշտադրումը պարի վրա էր, բայց վերջին շրջանում սկսեցինք մեծ ուշադրություն դարձնել նաև երգերին, որովհետև երգերն ու պարերը միաձույլ են իրար հետ»,- ասում է Թամարը: Համույթի խմբավարը ժողովրդական երգերի մասնագետ Մարատ Հարությունյանն է:

Համույթի անդամ Արտակ Բեգլարյանը մշտապես մասնակցել է Արցախում ազգագրական պարերի դասերին ու այն հանրայնացնելու նախաձեռնություններին: «Ամեն ինչ լրջացավ, երբ 2013թ. Արցախ ժամանեց պարուսույց Սարգիս Պարսամյանը և նրա գլխավորությամբ էլ հիմնադրվեց «Արցախ» ազգարական երգի ու պարի համույթը: Այս տարիների ընթացքում բազմաթիվ բաց դասեր ենք կազմակերպել դպրոցներում, զորամասերում, նաև դպրոցականների շրջաններում ազգային պարերի օլիմպիադա: Պարերին Ստեփանակերտում և շրջաններում 100-ավոր, 1000-ավոր մարդիկ էին մասնակիցում, սա մեր գլխավոր ձեռքբերումն է»,- Արտակ Բեգլարյանը:

Ազգագրական պարերի դասերն ու պարապմունքները են դադարել նույնիսկ այն ժամանակ, երբ պարուսույց Սարգիս Պարսամյանը 2015թ. վերադարձել է Երևան: Մինչև 2017թ., երբ ԱՀ ՄԵՀԶ նախարարության հրավերով պարուսույց Մանուկ Հարությունյանը միացավ համույթին:

Համերգի վերջում «Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթի պարուսույց Մանուկ Հարությունյանի ցանկությունը մեկն էր՝ հասնել նրան, որ էլ  ոչ ոքի սովորեցնելու կարիք չլինի, մեծից փոքր բոլորը իմանան մեր պարերն ու երգերը:

33458747_1868230759881819_2724408076382765056_o

1