Ազգային կառույցների վերականգնումը Սիրիայի հայ համայնքի առաջնահերթ խնդիրներից է. Նորա Արիսյան
Գլխավոր » Լրահոս » Ազգային կառույցների վերականգնումը Սիրիայի հայ համայնքի առաջնահերթ խնդիրներից է. Նորա Արիսյան

Ազգային կառույցների վերականգնումը Սիրիայի հայ համայնքի առաջնահերթ խնդիրներից է. Նորա Արիսյան

Սիրիայի քաղաքներն արդեն ազատվել են ահաբեկչական խմբավորումներից, սակայն պատերազմը դեռ ավարտված չէ: Սիրիայի խորհրդարանական պատվիրակության կազմում օրերս Հայաստանում էր այդ երկրի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը։

 «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ Սիրիայում կյանքն ավելի ապահով է դարձել, սակայն մի շարք խնդիրներ շարունակում են օրակարգային մնալ:

— Տիկին Արիսյան, ասացեք, խնդրեմ այցելությունն ի՞նչ նպատակ էր հետապնդում և ի՞նչ կարևորշեշտադրումներ կառանձնացնեք այցից:

— Սիրիայի պատվիրակությունը մասնակցում էր ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստին, քանի որ Սիրիան ներկայացնում էր Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովը, որտեղ այլ հարցերի կողքին, շեշտադրվեց խորհրդարանների դերը տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման գործում:

Կարելի է նաև հպարտությամբ արձանագրել, թե այդ շրջանակում, պատվիրակությունները, այդ թվում նաև Սիրիայի պատվիրակության անդամները,  այցելեցին Հայոց  ցեղասպանության թանգարանը և Ծիծեռնակաբերդ, որտեղ  ծաղիկներ խոնարհեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության նահատակների հիշատակը:

Կցանկանայի առանձնացնել նաև ՀՀ ԳԱԱ  Արևելագիտության ինստիտուտ կատարված այցը, որտեղ հանդիպում ունեցանք տնօրենի և գիտաշխատողների հետ, քննարկեցինք համագործակցության հեռանկարները:

— Այսօր Սիրիայի և Հայաստանի խորհրդարանների օրակարգում ի՞նչ հարցեր եք առաջնայինհամարում: Ո՞ր ուղղություններով պետք է գործընկեր պատգամավորները առաջ շարժվեն:

— ԱԺ նախագահի հետ մեր հանդիպման ժամանակ քննարկել ենք երկու խորհրդարանների հարաբերությունները, հեռանկարները: Կարևոր է հավելյալ ջանքեր գործադրել խորհրդարանական բարեկամական հանձնաժողովների հարաբերությունները զարգացնելու առումով, որպեսզի դրանով շարունակենք դարավոր բարեկամական հարաբերությունները:

— Անցնող տարվա ընթացքում Հայաստանում բուռն ներքաղաքական զարգացումներ տեղիունեցան՝ հեղափոխություն, նոր կառավարություն, ժողովրդավարության հաստատում: Սիրիայիգործընկերների շրջանում ինչպե՞ս են ընկալվում հայաստանյան զարգացումները:

— Սիրիայում հետևում են Հայաստանում տիրող զարգացումներին և քաղաքական փոփոխություններին՝ հույս ունենալով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից և կառավարության նոր կազմը ձևավորելու հետո հնարավոր կլինի կյանքի կոչել ստորագրված բազմաթիվ պայմանագրերը:

— Այս համատեքստում Հայաստան-Սիրիա կապի ամրապնդման գործում ի՞նչ դեր ունեն Սիրիայիխորհրդարանում հայազգի պատգամավորները, ընդհանրապես հայ համայնքը:

— Մենք ձգտում ենք կամուրջ հանդիսանալ երկու երկրների և ժողովուրդների միջև, և մեր բոլոր ջանքերը գործադրում ենք ի նպաստ Սիրիայի և Հայաստանի հարաբերությունների զարգացման:

— Տիկին Արիսյան, ասացեք խնդրեմ, ներկայում անվտանգության տեսանկյունից  ի՞նչ իրավիճակ էՍիրիայի հայաշատ վայրերում:

— Պետք է արձանագրել, որ քաղաքներն արդեն ազատված են ահաբեկչական խմբավորումներից, սակայն սա չի նշանակում, որ պատերազմն ավարտվել է: Այո, կյանքն ավելի ապահով է՝ հակառակ կենցաղային որոշ խնդիրներին, ինչպես սղաճը, հոսանքի և ջրի մատակարարման խնդիրները:

— Որպես հայազգի պատգամավոր, հայ համայնքի ներկայացուցիչ՝ ըստ ձեզ, որո՞նք են ներկայումՍիրիայի հայ համայնքի համար օրակարգային խնդիրները:

— Կարծում եմ, բոլոր սիրիացիների նման մեր օրակարգային խնդիրը վերականգնումն է, մանավանդ մեր դպրոցների և հայկական կառույցների վերաշինության պարագան (ինչպես, ասենք, Դամասկոսի արվարձանի մեջ գտնվող հայկական վարժարանը), և այս աշխատանքներն իրականում ենթադրում են գումարներ, բավական ծավալուն աշխատանք, և այստեղ են մեր հիմնական խնդիրները:

Բացի դրանից, կարծում եմ, անպայման պետք է աշխատել գաղութի վերակառուցման խնդիրները լուծելու  ուղղությամբ՝ տիրող նոր պայմանների լույսի ներքո:

Ինչ վերաբերում է հայերի վերադարձին, ապա ասեմ, որ, ճիշտ է,  հանգիստ իրավիճակը խրախուսում է շատերի վերադարձը, սակայն թերևս, պետք է հաշվի առնել նաև տիրող տնտեսական և կենցաղային իրավիճակը:

Հարցազրույցը՝ Աննա Գզիրյանի

1