Դիմել ենք ամենատարբեր կառույցների, բայց մինչև այսօր ոչ մի քայլ չի կատարվել, անհայտ կորած մեր հարազատների մասին որևէ տեղեկություն չկա
Մարտունու շրջանի Աշան գյուղից է Լուսինեն։ 15 տարի առաջ ամուսնացել ու ապրում էր Ասկերանի շրջանի Կարմիր գյուղ գյուղում, որպես դասվար աշխատում տեղի միջնակարգ դպրոցում։ 2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց պատերազմը, նա նոր էր դպրոցից տուն եկել։ Ժամը 12-ն էր, իսկ մեկ ժամ անց սկսվեց հրետակոծությունը։
Ամուսինը` Ալբերտ Ավետիսյանը, մարտական դիրքերում էր, ոչ մի լուր չկար նրանից։
-Դպրոցից եկա տուն, քիչ հետո սկսվեց սոսկալին։ Արդեն տեղյակ էինք, որ առավոտից լարվածություն կար սահմանում։ Քույրս երեխայի հետ մեր տանն էին․ հյուր էին եկել Ստեփանակերտից։ Անընդհատ զանգում էի ամուսնուս, չէի կարողանում կապ հաստատել հետը։ Նրա հետ էր նաև հորաքրոջս տղան՝ Մարատը, որի հետ ավելի քան 20 տարի ընկերություն էին անում։ Թշնամին անդադար հրետակոծում էր, այնքան էին ուժգնացել հարվածները, որ թվում էր, թե մեր գլխին են թափվելու արկերը։ Մինչև ժամը 6-ը մնացինք տանը, թեև արդեն հասկացել էինք, որ ամեն ինչ լուրջ է ու նման չէ նախկին պատերազմներին։ Երեկոյան եկավ մեր հարևանն ու ասաց, որ պետք է շուտ դուրս գալ գյուղից, երեխաներին հանել, իրավիճակը շատ վատ է։ Իր մեքենայով բոլորս ճանապարհվեցինք դեպի Ստեփանակերտ։ Սիրտս կտոր-կտոր էր լինում, որ առանց ամուսնուս եմ հեռանում գյուղից։ Գլխումս իրարամերժ մտքեր էին։ Մինչև սեպտեմբերի 29-ը մեր հարազատների ընտանիքներով մնացինք Ստեփանակերտում։ Տղաներից լուր չկար, բոլոր փնտրտուքներն ապարդյուն էին։ Իսկ Ստեփանակերտը դատարկվում էր․ հասկացանք, որ մնալը վտանգավոր է, ու մեր կամքին հակառակ դուրս եկանք Արցախից՝ բռնելով գաղթի ճանապարհը։ Հայաստանում հաստատվելուց անմիջապես հետո սկսեցինք դիմել հայաստանյան կառույցներին, սակայն ամեն ինչ անօգուտ էր։ Առայսօր ոչ մի լուր չկա Ալբերտից ու Մարատից,- պատմում է Լուսինեն։
Ալբերտի հետ ամուսնանալուց հետո ապրում էին Ռուսաստանում, բայց վերջին տարիներին վերադարձել էին Արցախ։ Զույգն այնքա՜ն դժվարությունների միջով է անցել։ Լուսինեն գիտի՝ Ալբերտն իրեն մենակ չի թողնի, կգա․․․
Արցախից տեղահանվելուց հետո ծնողների հետ Խարբերդում են ժամանակավոր բնակություն հաստատել։ Ապրում են, ինչպես բոլոր արցախցիները՝ հույսով ու հավատով, մի կերպ հայթայթում օրվա հացը։ Լուսինեն համոզված է՝ ամուսինն ու եղբայրը ողջ են։ Հավանաբար գերեվարվել են։
-Իմ ներքին զգացողությունը չի կարող սխալվել։ Տղաները ողջ են, դա զգում է իմ սիրտը։ Վատն այն է, որ չգիտենք ինչ քայլեր անել, ինչպես գտնել նրանց։ Դիմել ենք ամենատարբեր կառույցների, բայց մինչև այսօր ոչ մի քայլ չի կատարվել, անհայտ կորած մեր հարազատների մասին որևէ տեղեկություն չկա։ Թեև անորոշությունն ու այս անվերջ թվացող սպասումը շատ դաժան են, սակայն մենք ուժեղ ենք և չենք համակերպվի այս իրականության հետ։ Ինչպե՞ս հարմարվել այն մտքին, որ հարազատներդ անհայտ կորել են ու լուր չկա նրանցից։ Դա անկարելի է։ Պարզապես պետք է մտածել՝ ինչպես վերադարձնել նրանց։ Դժոխքի միջով անցած մեր ժողովուրդն ավելի դիմացկուն ու կոփված է դարձել,- իր խոսքն է շարունակում Լուսինեն, իսկ աչքերում անհուն կարոտ ու թախիծ իրար են խառնվել։ Ապա խոսում է եղբոր՝ Մարատի մասին․ նրա որդիները շատ են կարոտում հորը, չեն հարմարվում բացակայությանը, սպասում են․․․ Փոքրը՝ Գոռը, քնելուց առաջ միշտ դեպի դուռն է նայում՝ ահա հայրը ներս կմտնի, կգրկի ու կհամբուրի իրեն․․․
Լուսինեն այսօր միայն մեկ նպատակ ունի՝ իրականացնել իր եւ ամուսնու երկար սպասված երազանքը եւ ամեն ջանք գործադրել, որպեսզի գտնվեն հարազատները ու հետ վերադառնան։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ