Զույգ որդիներս Երևանում են հանգչում, ու ես չեմ կարող նրանցից հեռու ապրել. Արթուր Ավանեսյան
Զույգ որդիներին կորցրած, երկու անգամ տեղահանում ապրած Արթուր Ավանեսյանը բնակություն է հաստատել Տավուշի մարզի Այրում քաղաքում։ Գևորգը զոհվել է 2020 թվականի պատերազմում, Գագիկը զոհ է դարձել 2023 թվականի սեպտեմբերի 25-ի պայթյունին։
Արթուրը չի համակերպվում իրականության հետ ու անընդունելի է համարում ՀՀ կառավարության կողմից արցախցիների վերաբերյալ ընդունված որոշումները։
-Կառավարությունը բնակարանային ծրագրի հիմնքում դրել է մի ծրագիր, որով ցանկանում է պատվազրկել արցախահայությանը։ Ի՞նչ է նշանակում հրաժարվել 070 կոդից։ Այսինքն, հրաժարվել Արցախի քաղաքացիությունից ու դառնալ ՀՀ քաղաքացի․ չէ՞ որ մեր անձնագրերում շեշտված է ՀՀ քաղաքացի լինելը։ Ուրեմն Արցախի անունը ջնջելու մասին է խոսքը։ Բարեգործության անվան տակ թյուրիմացության մեջ են գցում մարդկանց, կեղծ գաղափարներ տարածում՝ նպատակ ունենալով նաև մեկուսացնել արցախահայությանը։ Այսօր Հայաստանում շատերն ունեն երկքաղաքացիություն, ինչո՞ւ չենք կարող մենք ևս լինել երկքաղաքացի։ Ես էլ եմ ուզում ունենալ այդ իրավունքը։ Բնակարանային աջակցության ծրագիրը ունի շատ թերի կողմեր։ Այն հեռու է իրականություն դառնալուց՝ հաշվի առնելով բնակարանների շուկայական գները։ Այստեղի գներին կարող են նախանձել անգամ եվրոպական ամենազարգացած երկրները։ Ծրագիրը համարում եմ ծաղր բռնատեղահանված արցախցիների նկատմամբ։ Արցախցին միշտ էլ սահմանապահ է եղել, իսկ Արցախը՝ սահման Հայաստանի համար։ Եվ այսօր, երբ արցախահայությանը կրկին դրդում են սահմանամերձ բնակավայրերում ապրել, ես դա աններելի եմ համարում։ Ըստ այդ ծրագրի արցախահայությունը կցրվի տարբեր տեղերով մեկ, կավելանա արտագաղթը։ Այսինքն, ցանկանում են մեզ հեռացնե՞լ իրարից, ոչնչացնե՞լ արցախցու գենոֆոնդը։ Միևնույն է՝ բռունցքը միշտ բռունցք կմնա։ Այրում քաղաքում, որտեղ ժամանակավոր տեղավորվել ենք ավագ որդուս ընտանիքի հետ, լավ են տրամադրված արցախցիների հանդեպ։ Այստեղ հասարակ ու ազնիվ մարդիկ են ապրում և իրենց սրտացավ վերաբերմունքով անում են հնարավորը մեզ աջակցելու համար։ Դեռևս չեմ պատրաստվում ծրագրից օգտվել, թեև ընդգրկվում եմ առաջին փուլի մեջ։ Զույգ որդիներս Երևանում են հանգչում, ու ես չեմ կարող նրանցից հեռու ապրել,-ասում է որդեկորույս հայրը, ապա ավելացնում,-կնոջս գերեզմանը մենակ ու անօգնական մնաց Ակնաղբյուրում, տեսնես ի՞նչ սրբապղծություններ են արել վանդալները․․․
62-ամյա մանկավարժ Արթուր Ավանեսյանը մինչև վերջին պահը աշխարհազորային էր։ Որդու հերոսաբար զոհվելուց հետո որոշել է տղայի արյամբ շաղախված հողի պաշտպանը դառնալ։ Հարազատ գյուղի՝ Ակնաղբյուրի անկումից հետո ապրում էր Այգեստան համայնքում․ նոր բնակավայրում փորձում էր ամեն ինչ սկսել զրոյից, սակայն իրադարձությունները բոլորովին այլ ընթացք ստացան։
-Գևորգը հերոսի մահով է զոհվել։ Գնդացրորդ էր, մինչև վերջին շունչը կռիվ էր տալիս․ ընկերներն են պատմում։ Անգամ թշնամին էր ականատես եղել։ Զոհվելուց մեկ օր հետո են հանել աճյունը․ Գևորգը խրամատում պառկած, իր իսկ բաճկոնով էր ծածկված, ասես քնած լիներ։ Երբեք չեմ մոռանա ավետարանոցցի Արթուրի խոսքերը։ Նա ինձ ասաց, որ կարող եմ գլուխս բարձր պահել, Գևորգն իսկական հերոս է… Մյուս որդիս՝ Գագիկը սեպտեմբերի 19-ին Սարդարաշենում էր, ականազերծող էր։ Ողջ-առողջ եկավ տուն, շատ ուրախացանք։ Բայց ինչպես ասում են՝ ճակատագրից չես կարող փախչել։ Եղբորս տղայի հետ պայթյունի զոհ դարձան։ Մտածում եմ՝ այս ինչ ճակատագիր է արցախցու ճակատագիրը, և որտեղից ենք այսքան ուժ հավաքել։ Արցախն իր դարավոր պատմության ընթացքում օտարի լծի տակ չի գտնվել, ու այս տեղահանումը կարելի է դիտարկել նաև որպես թշնամու իշխանության, օտար դրոշի տակ չապրելու ցանկությամբ։ Մեծ դժվարությամբ, բայց մենք գնացինք այդ քայլին ու այսօր ուզում ենք համախմբված ու կենտրոնացված ապրել։ Կարծում եմ՝ դժվար չէ թաղամաս կառուցել արցախցիներիս բնակեցման համար։ Թեև ոչինչ չի կարող փոխարնել մեր հայրենի հող ու ջրին, մեր Արցախ աշխարհին իմ Ակնաղբյուրին,-ավելացնում է տեղահանության դառնությունները երկու անգամ կրած արցախցին։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ