Զրույց Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների հետ
Գլխավոր » Լրահոս » Զրույց Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների հետ

Զրույց Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների հետ

Ավարտվել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման լիազորությունները: Որո՞նք են եղել պատգամավորների ամենակարեւոր օրենսդրական նախաձեռնությունները, բավարա՞ր են արդյոք գնահատում պատգամավորները խորհրդարանի նախորդ 5 տարիների աշխատանքը եւ ի՞նչ խորհուրդ նրանք ունեն նորընտիր խորհրդարանի պատգամավորներին: Այս հարցերի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է լիազորությունները դադարեցնող պատգամավորների հետ:

Արմեն Սարգսյան. «Դաշնակցություն» խմբակցություն

«Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնություններից կարեւորում եմ  «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ԱՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Կոոպերատիվների մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ԱՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը: Վերջինով առաջարկվում էր երկրում չապրող պաշտոնաթող նախագահներին չտրամադրել ֆինանսական լայն օգնություն:

«Կոոպերատիվների մասին» օրենքը մեծ դժվարությամբ է ընդունվել: Այս տարի կառավարության որոշմամբ արտոնություններ են սահմանվել այդպիսի տնտեսությունների համար: Օրենքի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ ենք տարել: Այն, տնտեսականից բացի, ունի նաեւ զարգացման հասարակական բնույթ:

Բացի օրենսդրական բազմաքանակ նախաձեռնություններից, «Դաշնակցություն» խմբակցությունն Ազգային ժողովում ամենաակտիվ խմբակցություններից էր նաեւ քաղաքացիների հետ պատգամավորական հանդիպումներ ունենալու (շուրջ 220), ընդունելիությունների (շուրջ 500) եւ բոլոր օրինագծերին ակտիվ կերպով վերլուծության եւ ելույթների տեսքով մասնակցության տեսանկյունից: Բացի այդ, այս 5 տարիների ընթացքում Արցախ ժամանած 52 պատվիրակություններից 39-ը «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ է հաջողել:

7-րդ գումարման Ազգային ժողովին խորհուրդ եմ տալիս աչքի լույսի պես պահպանել Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ հաստատված սահմանները, պետության հզորացումը եւ այնպիսի օրենքների ընդունումը, որը նպաստում է պետության արմատական հզորացմանը: Բացի այդ, նորընտիր խորհրդարանն, իմ կարծիքով, պետք է ընդունի համակարգի փոփոխություն արդարությունը շատ ավելի բարձր համակարգի բերելու համար եւ ընդունի նոր Սահմանադրություն:

Հայկ Խանումյան. «Վերածնունդ» խմբակցություն

Օրենսդրական նախաձեռնություններից ես կառանձնացնեի «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, ինչի շնորհիվ էականորեն կավելանար համայնքների սեփական մուտքերը: Ցավոք սրտի, այս, ինչպես նաեւ իմ մնացած բոլոր օրենսդրական նախաձեռնությունները մերժվել են խորհրդարանական մեծամասնության կողմից: Գործող իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի Արցախում տեղական ինքնակառավարումը չկայանա եւ համայնքապետերը կախված լինեն գործադիրից:

Օրենսդրական գործունեությունից առավել ես կարեւոր եմ պատգամավորի վերահսկողական ֆունկցիան: Հինգ տարիների ընթացքում հարցումների, տարբեր փաստաթղթերի ստուգման արդյունքում ես հայտնաբերել եմ բազմաթիվ չարաշահումներ եւ յուրացումներ: Ցավոք սրտի, այդ ամենն իրականացրած ուժը կրկին իշխանություն է ձեւավորել:

Ինչ վերաբերում է պատգամավորի աշխատանքի գնահատականին, ապա պատգամավորին միակ գնահատողը ընտրողն է: Եթե հասարակությունն ապահովել է համակարգային կոռուպցիա ստեղծած ուժի վերարտադրությունը, ապա տրամաբանական է, որ հենց նման գործունեություն էլ ակնկալում է իր ընտրյալներից:

Այնուհանդերձ, նորընտիր պատգամավորներին խորհուրդ կտամ ուղղակի աշխատել. իրականացնել օրենսդրական, ներկայացուցչական, վերահսկողական գործառույթներ՝ ամբողջ ծավալով:

Վարդգես Բաղրյան. «Ժողովրդավարություն» խմբակցություն

Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցությունը հավատարիմ է մնացել կուսակցության հռչակած դավանանքին՝ ժողովրդավարական արժեքներին, փորձել ենք զբաղվել ոչ միայն օրենսդրական գործունեությամբ, այլեւ ակտիվ լինել նաեւ քաղաքական դաշտում: Փորձել ենք մատը պահել ժամանակի զարկերակի վրա՝ ոչ միայն արձագանքել այս կամ այն իրադարձությանը, այլ հանդես գալ համապատասխան առաջարկություններով: Չասեմ, որ շատ բեղմնավոր եմ գնահատում թե խմբակցության, թե իմ՝ որպես պատգամավորի գործունեությունը 6-րդ գումարման ԱԺ աշխատանքներում, բայց, միեւնույն ժամանակ, ասեմ, որ գլուխ չենք պահել, փորձել ենք քայլել ժամանակին համընթաց:

Ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում խորհրդարանի 5 տարիների աշխատանքը, թեեւ գնահատականը մենք չէ, որ պետք է տանք: Խորհրդարանում եղել են քննարկումներ ամենատարբեր հարցերի շուրջ, խորհրդարանը միատար չի եղել: Այս 5 տարիների ընթացքում եղել են քաղաքական տարբեր վայրիվերումներ, եղել է 2016 թվականի ապրիլ, եւ խորհրդարանը, կարծում եմ, եղել է իր բարձրության վրա: Չեմ ասում, որ աստղեր ենք իջեցրել, բայց խոցելի շատ տեղեր չենք թողել:

Թեեւ նորընտիր խորհրդարանի կազմը դեռ վերջնականապես հրապարակված չէ, բայց կարծում եմ եւ հավատում եմ, որ 7-րդ գումարման Ազգային ժողովը լինելու է պետականապետ՝ Արցախի դատի պաշտպան: Ես գտնում եմ, որ թեեւ Արցախի խորհրդարանի հիմնական գործառույթը օրենսդրական գործունեությունն է, բայց ես շատ մեծ կարեւորություն եմ տալիս նաեւ քաղաքական բովանդակությանը, որովհետեւ Արցախյան հիմնախնդիրը դեռեւս լուծված չէ, նոր մարտահրավերներ են մեզ սպասվում, եւ ուզում եմ հավատալ, որ խորհրդարանը լինելու է իր բարձրության վրա եւ թույլ չի տալու, որպեսզի որեւէ ոչ հայանպաստ լուծում փորձեն պարտադրել մեզ:

Ռամելա Դադայան, «Հայրենիք» խմբակցություն

Ավարտին մոտեցավ Ազգային ժողովի 6-րդ գումարման լիազորությունները, ավարտին մոտեցավ նաեւ իմ 15 տարվա գործունեությունը: 15 տարվա ընթացքում «Հայրենիք» խմբակցության քարտուղարն եմ եղել, ներկա եմ եղել բոլոր օրենսդրական նախաձեռնությունների քննարկումներին, ընդունմանը: Իհարկե, եղել են եւ կուսակցության կողմից առաջադրված նախագծեր եւ պատգամավորական նախաձեռնություններ: Թվարկել, իհարկե, չեմ կարող, բայց խմբակցության կողմից առաջադրված բոլոր օրենսդրական նախաձեռնություններն էլ քննարկվել եւ ընդունվել են որպես օրենք, որոնք ծառայել են ի բարoրություն ժողովրդի: Իհարկե, եղել են նաեւ կարեւոր նախաձեռնություններ` կապված ժողովրդագրական եւ կրթության վիճակի բարելավման եւ ընդհանրապես ընտանիքի զարգացման առումով, որոնք չենք կարողացել իրականացնել: Հատկապես կարեւորում եմ ծնելիության խթանման նպատակով 3 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին օժանդակություն տրամադրելու ծրագրի իրականացումը, որը եւ ժողովրդագրական առումով կնպաստեր Արցախի զարգացմանը, եւ ռազմավարական մեծ նշանակություն ուներ: Այս ծրագրի առումով մենք թերացել ենք, եւ, ճիշտն ասած, ես ինձ դրա համար շատ վատ եմ զգում: Մեկուկես տարվա պայքարս բավարար չեղավ համոզելու համար կառավարությանը՝ իրականացնելու այդ ծրագիրը: Ազգային ժողովը ես թողնում եմ՝ իմ սրտում տանելով մի բացթողում, մեծ թերություն:

Խորհրդարանը նախորդ 5 տարիներին աշխատել է այնքանով, որքանով հնարավորություն է ունեցել, բայց կարելի էր էլ ավելի շատ հարցեր բարձրացնել, առավել եւս` կրթության բնագավառի հետ կապված: Կրթության ոլորտում մենք շատ ենք թերացել: Եթե պետաիրավական հարցերի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության ասպարեզներում ինչ-որ բաներ կատարել ենք եւ արդյունավետ օրենքներ ենք ընդունել, ապա կրթության բնագավառում մենք ոչ մի բարելավում չենք արձանագրել: Կարող էինք շատ բան անել, բայց չենք արել. հենց դա էր պատճառը, որ կրթության համակարգը հետ է մնացել մնացած բոլոր ոլորտներից:

Նորընտիր խորհրդարանը համալրված է երիտասարդ մասնագետներով, եւ կուզենայի, որ այն եռանդն ու ավյունը, որ մենք չենք ունեցել, նրանք ունենան, առավել լավ աշխատեն եւ մեր չկատարած աշխատանքը կատարեն: Մեծ ցանկությունս է, որ իսկապես կատարեն:

Լուսինե Թեւոսյան

1