Զինվորների, սպաների աչքերում հավատքի պակաս չեմ տեսել. Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Հունվարի 21-ից Արցախի թեմն ունի նոր առաջնորդ՝ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Բարդ իրավիճակում Արցախի թեմի ղեկավարումը ստանձնած Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ «Ապառաժ»-ը հարցազրույց է ունեցել, որը ներկայացնում ենք ստորև.
—Սրբազան
հայր, ի՞նչ տեղ ունի Արցախը քրիստոնեական աշխարհում:
Արդյո՞ք հիմա քրիստոնեությանը
սպառնացող վտանգ տեսնում եք:
-Արցախի Հանրապետության բոլոր գյուղերն ունեին մեկից ավելի եկեղեցիներ,
բացի խորհրդային տարիներին Արցախում հիմնված մի քանի գյուղերից (Մարտակերտի շրջանի
Լենինավան, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Ասկերանի շրջանի Նորագյուղ): Մակար եպիսկոպոս
Բարխուդարյանի «Արցախ» գրքում նշված է Արցախի գյուղերի բնակչության թիվը, գյուղի տեղադրությունը
և անգամ ծխերը, եկեղեցիները: Այդ տվյալներից պարզ է դառնում, որ արցախցիները լավ քրիստոնյա
են եղել: Բացի դրանից, բոլոր դիտարժան վայրերում, ձորակներում, որը նաև անվտանգության
գործոնն է կրել, վանքեր ենք ունեցել՝ սկսած Դադիվանքից մինչև Խաթրավանք ու Ուլուբաբ:
Ունեցել ենք նաև անապատներ, որտեղ մեր միաբանները ճգնել են: Իսկ մշակութային կոթողներն,
անշուշտ, շատ-շատ են՝ գերեզմանախաչերից մինչև աղբյուրախաչքարեր, նաև՝ քրիստոնեական խորհրդանիշներ
կրող հուշակոթողներ:
Արցախ աշխարհը դրոշմված է եղել խաչի կնիքով: Արցախ աշխարհի քրիստոնյա լինելու զորությունը մեզնից ավելի լավ հասկացել է թշնամին: Եվ որպեսզի Արցախի քրիստոնեական արժեհամակարգը, ապրելակերպը դուրս հանի, խորհրդային տարիներին արգելել է որևէ քրիստոնեական գործող եկեցեղու գոյությունը: Խորհրդային Միության տարածքում՝ միայն Արցախում է, որ ադրբեջանցիները չեն թույլատրել, որպեսզի եկեղեցի գործի, որովհետև շատ լավ են հասկացել եկեղեցու առաքելությունը, նրա հոգևոր անվտանգության գաղտնիքը, համախմբող դերը: Եվ ադրբեջանցիներն այսօր գիտակցաբար են ոչնչացնում քրիստոնեական արժեհամակարգը, քրիստոնեական եկեղեցինեըը, կոթողները: Ոչ միայն իրենց աչքին, զգայարաններին հաճելի չէ դա տեսնել, այլ նաև դա նպատակաուղղված ծրագիր է, որպեսզի հավատքը, եկեցեղին և եկեղեցական բոլոր կոթողները ոչնչացվեն, դրանով ժողովրդին ևս մեկ հենասյունից պոկեն: Եթե եկեղեցին պոկեն, բանակը հանեն, այլևս ոչինչ չի մնա: Անվտանգության երկու սյուները պոկում են քեզանից, և այդ դեպքում դու ինչպես ես կարողանալու ապահովել քո ազգի հարատևությունը: Նրանք լուրջ ծրագրավորված այս գործընթացը կյանքի են կոչում և իրականացնում: Իսկ ինչ վերաբերում է մեր վերահսկողությունից ժամանակավոր դուրս մնացած տարածքում կրոնական կոթողների թվին, ապա դա մոտավորապես հավասար կլինի այդ համայնքների թվի եռապատիկին կամ քառապատիկին:
-Կարելի՞ է ասել, որ քրիստոնեական կոթողների ոչնչացումը հարված է ոչ միայն հայկականությանը, այլ նաև քրիստոնեությանն ընդհանրապես:
-Անշուշտ: Եթե մենք Քրիստոսի քույրեր և եղբայրներ ենք: Անկախ նրանից, որ մեր դավանանքը փոքր ինչ տարբեր է, բայց մենք մի մեծ ընտանիքի մեջ ենք, որը կոչվում է քրիստոնեական ընտանիք: Եթե այդ ընտանիքի անդամներին մեկը վիրավորում, ցավ է պատճառում, այդ ցավը համընդհանուր է: Շատ թույլ էին Եվրոպայից, ԱՄՆ-ից կամ այլ երկրներից հնչած արձագանքները: Ցավ ապրելը կամ մտահոգություն ունենալու մասին խոսելը համարժեք չէ քրիստոնեական փոքր ազգի ցավին կամ դարդին: Նրանք պետք է շատ խիստ համապատասխան արձագանք տային: Բայց միայն մտահոգություն հայտնելը հարցի լուծում չէ, համապատասխան սանկցիաներ էին պետք և՛ ՄԱԿ-ից, և՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ից, և՛ Եկեղեցիների համաշխարհային խորհրդից, և՛ այլ հզոր կառույցներից: Նրանք պետք է շատ խիստ արձագանքեին, որը, ցավոք սրտի, չեղավ:
-Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Արցախի տարածքում գտնվող կրոնական կառույցները որպես ուդիական ներկայացնելու համար: Այս հարցով նրանց ներկայացուցիչները նույնիսկ պապի հետ են հանդիպել: Ի՞նչ կարելի է ձեռնարկել կոթողների հայկականությունն ապացուցելու առումով:
-Ադրբեջանը ոչ մի բանի առջև կանգ չի առնում: Ապրելով 21-րդ դարում, երբ ամեն ինչ հնարավոր է ապացուցել, երբ անգամ միլիոնավոր տարիներ առաջ ապրած կենդանու տվյալներն է հնարավոր պարզել, չենք կարողանո՞ւմ ապացուցել, որ հայատառ արձանագրությամբ հայկական ճարտարապետական կոթողը, հայկաշունչ եկեղեցին հայկական է: Ադրբեջանցիներն այնքան են լկտիացել, սուտը դարձրել ճշմարտություն, որ անգամ եվրոպացին է դրան հավատում: Նրանք մտնում են կաթոլիկ աշխարհի պապի մոտ, որպեսզի ցույց տան, որ այս կոթողները աղվանական, ուդիական կամ չգիտեմ ինչական կոթողներ են: Առաջին հերթին, անշուշտ, հայերեն արձանագրություններն են ոչնչացնում՝ ինչպես Վրաստանում են արել, ինչպես Ադրբեջանի տարբեր վայրերում են անում:
Հայի շունչը հայ տառի մեջ է, և այդ հայ տառը ջնջելով իրենք փորձում են ճարտարապետական, եկեղեցաշինական կոթողը դարձնել այս կամ այն ազգի կամ փոքրամասնության սեփականությունը: Դա, անշուշտ, ծիծաղելի է, բայց նրանք այնքան ծիծաղելի բաներ են դարձնում իրական, որ մենք էլ ենք զարմանում, թե իրապես ապրում ենք 21-րդ դարում:
-Միգուցե մեր սխալը հենց այն է, որ մտածում ենք, թե մեր ճիշտը բոլորի համար էլ ընդունելի է:
-Համաձայն եմ, քիչ ենք աշխատում, որ բոլորին ցույց տանք, հասկանալի դարձնենք: Սակայն, կան երևույթներ, որոնք ճշմարտության աչքերը փակում են և, ցավոք սրտի, նման գործոններ կան մեր իրականության մեջ: Ականատես ենք լինում, թե ինչպես են բարձր դիրքում գտնվող մարդիկ անազնիվ, անարդար վարվում:
-Դադիվանքի դեպքում, չնայած առկա սահմանափակումներին, վստահ ենք, որ ավերումից գոնե պաշտպանված են: Հնարավոր չէ՞ արդյոք բոլոր եկեղեցիների դեպքում այսպիսի այցելություններ կազմակերպել ու այդ կերպ պաշտպանել:
— Ղազանչեցոցի մասին մենք խոսել ենք դեռևս հունվար ամսին, առաջարկել այնտեղ արարողություններ կատարել, բայց ընդհանրապես արգելեցին: Տեսնում ենք, որ ադրբեջանցիներն ամեն պարագայում դժվարություններ են հարուցում: Այսօր նրանք ինչ ցանկանում՝ անում են: Անգամ ռուս խաղաղապահները չեն կարողանում անել այն, ինչ համահունչ է խաղաղապահ առաքելությանը: Օրինակ, այս կիրակի Դադիվանք այցելելու ժամանակ անգամ չթողեցին, որ «Զվեզդայի» լրագրողներն անցնեն տեսախցիկով: Ռուս խաղաղապահների քահանան առաջարկեց դեպի Ծիծեռնավանք ուխտագնացություն կազմակերպել, ողջունեցի այդ գաղափարը: Դիմեցին այցելելու համար, մերժում ստացան: Ռուս խաղաղապահներն ուզում են օգնած լինել այս հարցում, բայց ամեն ինչ չէ, որ ըստ մեր ուզածի ու ցանկության է:
-Իսկ ինչպե՞ս է ընտրվել Դադիվանքը:
-Դադիվանքի առնչությամբ գործ է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսը և նրա անմիջական գործունեությամբ և ռուս ուղղափառ եկեղեցու հետ աշխատանքի արդյունքում կարողացել ենք Դադիվանքը թողնել մեր հոգևոր վերահսկողության տակ: Շատ լավ կլիներ, եթե դեպի Դադիվանք տանող գոնե այդ 4 կմ ճանապարհը կարողանայինք մեր վերահսկողության տակ պահել, որպեսզի լիարժեք ելումուտ ունենայինք Դադիվանք, ոչ թե՝ սահմաններ անցնելով, դժվարություններ հաղթահարելով: Այսօր Դադիվանքում ռուս խաղաղապահներն են և թվով 6` մեր հոգևոր այրերը:
-Ընկճված, ամեն ինչի նկատմամբ թերահավատ բնակչության պարագայում` ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել ապագայի նկատմամբ հավատը վերականգնելու համար:
-Ազգովի ամենադժվար պահերից մեկն ենք ապրում, մանավանդ Արցախում: Եվ այս պարագայում հայի ներքին համոզումը, ներքին ապրումները, ներաշխարհը պետք է բերել խաղաղության: Եթե հայը ներքուստ իր խաղաղությունը գտնի, այդ խաղաղության մեջ կգնի նաև Աստծո աներևույթ ձեռքը և կբռնի այն, որի մեջ խտացված կլինի նաև մեր նախնիների հոգևոր կապը: Եթե մենք կարողանանք մեր այսօրվա ապրելակերպը համահունչ դարձնել մեր հող ու ջրին, մեր ներկայիս իրավիճակին, ապագայի նկատմամբ մեր հույսը կարդարացվի: Իսկ եթե ապրենք փոթորկալից, մշուշոտ ու խուճապային տրամադրվածությամբ, մենք չենք կարող աստվածային աներևույթ ձեռքը բռնել և մեր նախնիների հոգևոր պահանջմունքին ներդաշնակ լինել:
Այս առումով եկեղեցու դերակատարությունը շատ մեծ է, և եկեղեցու հոգևոր այրերի շփումը ժողովրդի հետ պետք է շատ անմիջական լինի մարդկային և կրոնական տեսանկյունից, որպեսզի հոգևորականի մեջ տեսնեն լույս, ապագայի նկատմամբ՝ հույսի ակնկալիք: Ներկայիս Արցախի տարածքը, ըստ քահանաների թվաքանակի, վեր եմ ածել ծխերի, որպեսզի ամեն քահանա ունենա իր համապատասխան ծուխը: Քահանաները մշտապես լինելու են իրենց ծխերում և համայնքների բնակիչների հետ մշտական կապի մեջ: Եկեղեցականների ներկայությունը փոքր-ինչ կմեղմացնի մարդկանց մոտ առկա հակասական ապրելակերպի նկատմամբ երևույթները: Կարծում եմ, որ այս ճանապարհին հաջողություններ կունենանք՝ անշուշտ պետության, իշխանության, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների հետ համատեղ աշխատելով: Այստեղ չպետք է լինի ոչ սև, ոչ սպիտակ, այլ պետք է լինի համընդհանուր մի գաղափար՝ Արցախը: Այս մտածումով պետք է առաջնորդենք մեր տեսլականը:
-Բավականին ծանր ժամանակներում եք ստանձնել Արցախի թեմի ղեկավարումը: Ինչպե՞ս է հաջողվում այս տարատեսակ խնդիրները լուծել:
-Իրապես իրավիճակը բարդ է: Բայց եթե մենք նույն մտածումն ունենանք, ինչ Արցախում բնակվող յուրաքանչյուր բնակիչ, ուրեմն մենք հաջողության կհասնենք: Իսկ եթե ես այլ բան մտածեմ, ինքն՝ այլ, մի ուրիշն՝ այլ, մենք չենք կարող ստեղծել մեր ուզած ներդաշնակությունը: Ե՛վ հոգևորականը, և՛ աշխարհականը, և՛ զինվորականը, բոլորս միտված ենք այս դժվարին իրավիճակից մեր ժողովրդին դուրս բերելուն:
Ու րոպե անգամ հապաղելու իրավունք չունենք: Մենք պետք է օր ու գիշեր աշխատենք այս ուղղությամբ: Այս առումով միայն հումանիտար օգնությունը քիչ է: Արցախցին ռեալ քայլեր է ուզում, որը պետք է շոշափելի, տեսանելի լինի: Ե՛վ Սփյուռքի մեր եկեղեցիները, և՛ Մայր Աթոռը, և՛ աշխարհասփյուռ մեր կուսակցությունները, բարերարները պետք է համախմբված լինեն, միանան մեզ, որպեսզի կարողանանք այս դժվարին վիճակից արցախցուն դուրս բերել և մեր կորցրածը հետ բերել:
-Մեր պայմաններում ո՞րն է առաջնային՝ ֆիզիկական անվտանգությո՞ւնը, թե՞ գաղափարական միասնությունը:
-Դրանով էլ ուժեղանում է ֆիզիկական անվտանգությունը: Զենքը ձեռքին ներկայիս տարածքը պաշտպանողը պետք է ապահոված զգա իր թիկունքը: Ինքը պետք է զգա, տեսնի այն ներուժը, որ գալիս է դեպի Արցախ: Եթե նրա սիրտը տագնապի մեջ է, ի՞նչ խաղաղություն պետք է ապահովվի: Միայն զենքը չի խաղաղություն ապահովողը: Նրան պետք է այդ գաղափարը, հավատը տալ, որպեսզի իր հոգին խաղաղ լինի, որպեսզի նաև մյուսների խաղաղությունն ապահովվի:
-Միգուցե այս պատերազմի ժամանակ հենց այդ հավատն էր բացակայում՝ ի տարբերություն 1990-ականների:
-Այս պատերազմն այնքան տարօրինակ էր որևէ ճիշտ պատասխան տալու համար չգիտեմ որտեղից սկսեմ ու որտեղից ավարտեմ: Առաջին օրվանից սկսած՝ որպես ՀՀ ԶՈՒ նախկին հոգևոր առաջնորդ՝ ես եղել եմ զինվորների կողքին: Ես զինվորների, սպաների մոտ չեմ տեսել այդ հավատքի պակասը: Այստեղ ուրիշ, ավելի վտանգավոր գործոններ պետք է փնտրել: Բոլոր հենակետերում ես տեսել եմ, որ մեր տղաները լիարժեք կանգնած էին: Հավատքի պակաս հաստատ չի եղել. թե ինչի պակաս էր, չգիտեմ:
-Ինչպիսի՞ն եք տեսնում վաղվա Արցախը:
-Շատ լավ եմ ուզում տեսնել, և ոչ միայն ուզում եմ, այլև հավատացած եմ: Հենց նշանակվեցի Արցախի թեմի առաջնորդ, առաջին տնօրինությունը, օրհնությունը Արցախի թեմի այս տարվա կարգախոսն էր՝ «Հույսը երբեք չի ամաչեցնում»: Աստվածային այդ հույսը երբեք չի ամաչեցնում:
Եթե մենք այդ հույսով ապրենք, այդ հույսը կդառնա ոչ թե կարգախոս, այլ ապրելակերպ, ու կհաղթահարենք բոլոր տեսակի դժվարությունները: Հույս՝ առ Աստված, որը չի ամաչեցնում: Աստված կբռնի մեր ձեռքը, մենք էլ իր ձեռքը կբռնենք ու կհաղթահարենք բոլոր խոչընդոտները: Ես վաղվա Արցախը տեսնում եմ շատ լավ: Ապառաժի վրա կառուցածը ամուր է լինում:
Տաթևիկ Աղաջանյան