Զինվորը տանջվում էր ընկերոջ մահը տեսնելով և պայքարում իր կյանքի համար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Զինվորը տանջվում էր ընկերոջ մահը տեսնելով և պայքարում իր կյանքի համար

Զինվորը տանջվում էր ընկերոջ մահը տեսնելով և պայքարում իր կյանքի համար

44-օրյա պատերազմը բուժաշխատողների և ոլորտին առնչվող մարդկանց համար յուրօրինակ մարտադաշտ էր: Բժշկները, բուժքույրերը ամեն վայրկյան կռիվ էին տալիս յուրաքանչյուր վիրավոր զինծառայողի կյանքի, առողջության համար: Այդ չերևացող, հիվանդանոցի պատերից ներս ընթացող ճակատամարտին մասնակցում էին նաև բժշկական համալսարանների ուսանողները: Նրանցից Մարիամ Օհանյանը, ով Հայկական բժշկական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող է, իր համակուրսեցիների հետ թիմ հավաքեց և միասին սկսեցին խնամել վիրավոր զինվորներին: «Ապառաժ»-ի հետ զրույցում Մարիամը պատմում է պատերազմական օրերի փորձությունների, տեսածի ու զգացածի մասին:

Մի գիշերվա ընթացում 9 հոգանոց թիմ հավաքեցինք

Նախքան պատերազմը ստաժավորում էի անցնում «Արմենիա» բժշկական կենտրոնում: Սեպտեմբերի 27-ի առավոտյան 7:30 արթանացա, մտա ֆեյսբուք, լուրը տեսա: Առաջին գործը, որ հիշում եմ, միանգամից հիվանդանոց շտապելն էր՝ օգնություն ցուցաբերելու համար: Առաջարկեցին սենյակ հատկացնել, որպեսզի վերակենդանացման բաժանմունքից դուրս գրվողներին մեր հսկողության տակ պահենք, հետո ուղարկենք պալատ: Մի գիշերվա ընթացում 9 հոգանոց թիմ հավաքեցինք:

Մինչ հոկտեմբերից 10-ը դեռևս դեպի Երևան մեծ հոսք չկար: Բերում էին ծայրահեղ ծանր վիրավորներին: Ուսանողներից կազմված թիմի կարիքը սկզբում շատ չկար, բայց, երբ բոլորին սկսեցին տեղափոխել Երևան, թիմով հերթապահություն էինք անում: Շատ էինք ցանկանում Արցախ գալ, բայց ասացին, որ պետք է թիկունքը պահել:

Ամեն օր հեքիաթի մի էջը փակվում էր, նորն էր բացվում

Փորձում էինք ինչ-որ բանով ուրախացնել զինվորներին, զրուցում էինք: Նրանց պատմությունները մեզ համար ոնց որ հեքիաթ լինեին: Ամեն օր հեքիաթի մի էջը փակվում էր, նորն էր բացվում:

Մեր աշխատանքները սկսելու առաջին օրն իմացանք, որ վիրավոր զինվորներից մեկի ծննդյան օրն է, 20 տարեկան էր դարձել: Տորթով շնորհավորեցինք: Վիրավորը Հադրութից էր: Ասում էր, որ այսքան ժամանակ իր ծննդին մեկ տորթից ավել չի եղել, բայց 20-ամյակին երկու տորթ ունեցավ: Նրա զարկերակի մոտով, 1 միլիմետր տարբերությամբ բեկորը մտել էր. բախտը բերել էր, որ զարկերակը չէր վնասվել:

Երեք ընկերներով մեզ մոտ բուժվում էին: Երեքն էլ միաժամանակ էին վիրավորվել, խմբից 5 հոգի էր ողջ մնացել: Անրակի և աչքի վիրավորում ստացած տղան ամենաուժեղն էր: Ինքը ոտքով մեկ օր քայլելով իջել է, մինչև հասել է շտապ օգնության մեքենային ու ուղեկցել տղաների մոտ: Մյուս զինվորը վնասվածք ուներ գլխի շրջանում, լսողության ու տեսողության խանգարում ուներ: Իրենք չէին կարողանում մոռանալ, թե ոնց են փրկվել: Արկերի տարափի տակ հասել են հիվանդանոց: Իրարից հեռու էին պառկած: Կանչում էին ընկերոջը՝ Օքսեն, այ Օքսեն, ո՞նց ես, առանց լսելու ասում էր՝ սաղ եմ, սաղ:

Ունեինք մեր զինվորը, որի համար պայքարում էինք

Բոլոր հիվանդների հետ սերտ շփման մեջ էինք: Այդ օրերին լրատվական կայքերի չէինք հետևում, մենք ունեինք մեր զինվորը, որի համար պայքարում էինք, ուրախանում էինք, որն ինչ-որ կերպ կարողացել է փրկվել: Կերակրում, խմամում էինք նրանց, միայն բուժքրոջ աշխատանք չէինք անում:

Մեր թիմում նաև հոգեբան կար Մոսկվայից: Նա կորոնավիրուսի պատճառով եկել էր Հայաստան ու մնացել, հետո միացել էր մեզ: Եթե ինքը որպես հոգեբան չաշխատեր և մեր, և զինվորների հետ, շատ ավելի դժվար կլիներ: Մի հիվանդ ունեինք՝ Ալեքսանդրը, նոյեմբերի 8-ին բերեցին. ծանր վիրավորում էր ստացել ու հաջորդ օրը պիտի վիրահատեին: Հոգեբանը փորձում էր խոսել հետը, բայց զինծառայողը չէր պատասխանում: Մի պահ ես մոտեցա, սկսեցի Արցախի բարբառով խոսել, ինքը միանգամից աշխուժացավ, սկսեց հարցերիս պատասխանել: Հոգեբանն ասում էր՝ շուտ պիտի գայիր, նրա համար հարազատը քո խոսքն էր: Վիրահատությունից հետո Սաշան ասաց, որ այդ պահին ոչինչ չէր հասկանում, միայն Արցախի բարբառն էր հիշում:

Երեք եղբայրներն էլ զոհվել են

Ամենասարսափելի դեպքը երեք եղբայրների մահվան մասին իմանալն էր: Եղբայրներից մեկը զինծառայող էր, միջնեկն ու կրտսերը կամավորագրվել էին: Միջնեկ եղբայրը առաջինն էր զոհվում: Փոքրը վիրավորում էր ստացել: Նա անընդհատ ուզում էր հետ գնալ ավագ եղբոր մոտ:

Մի ամիս հետո վերակենդանացման բաժանմունքում տեսա նրան, ասացին, որ վատացել է: Երեք վիրահատություն էր տարել: Հաջորդ օրը նկատեցի, որ վերակենդանացման բաժանմունքում չէ. մահացել էր: Հետո իմացա, որ ավագ եղբայրն էլ Շուշիում է զոհվել: Ամենադաժան դեպքն էր (լացակումած պատմում է Մարիամը):

Երբ է ոտքս լավանալու, որ նորից պատերազմ գնամ

Երևան հասած բոլոր զինվորներն ուզում էին շուտափույթ վերադառնալ մարտի դաշտ: Ունեինք զինվորներ, որ ապաքինվելուց հետո հետ էին գնում: Կամքի մեծ ուժ ունեին: Տանկի վաշտի հրամանատար կար՝ Սամվել անունով, խմբից ինքն էր միայն ողջ մնացել: Նա ծանր վիրավորված էր, ցավեր ուներ, բայց նրան տանջողը ոչ այնքան ֆիզիկական ցավն էր, որքան հոգեկանը: Պայթյունի ալիքը նրան գետի ափն էր շպրտել, որտեղ մնացել է մի քանի օր: Բայց ամեն օր ասում էր՝ երբ է ոտքս լավանալու, որ նորից պատերազմ գնամ: Ոտքի ոսկորներն էլ համարյա ամբողջությամբ հավաքված էին:

Բոլորի մոտ բեկորային վնասվածներ ու այրվածքներ էին: Մի զինվոր ունեինք. 3 օր վերակենդանացման բաժանմունքում էր, անգիտակից,  հետո ուշքի եկավ: Նա իր երեք ընկերներին փրկել էր՝ մարմնով փակելով նրանց: Բեկորները մեջքի, ոտքերի, ձեռքերի հատվածում էին, նաև քիթն էր կոտրվել: Միշտ կատակում էր՝ այս ինչ դարձավ սիրուն քիթս:

Զինվորներն իրենցից կախվածն արել են

Նոյեմբերի 9-ի առավոտյան՝ մեր հերթապահության օրը, չգիտեիք ոնց պալատ մտնել: Ուժ հավաքելով՝ մտանք, զինվորներին ասում էինք՝ դուք ձեզնից կախվածն արել եք:

Ավելի տարիքով զորամասի հրամանատար կար, նոյեմբերի 9-ին մեզ մոտ բերեցին Ս. Պետերբուրգից ժամանած ընկերոջ հետ: Հրամանատարը ոչ ոքի հետ չէր շփվում, միայն ուղիղ մի կետի էր նայում: Ընկերը պատմեց, որ 15 տարի ինքն իր դիրքը պահել է ու մի գիշերվա մեջ պետք է թողներ ու իջներ: Ինքն իրեն չէր ներում, որ իր պահած դիրքերը ստորագրությամբ տվեցին: Նրանք վիրավորվել էին զինվորներին փրկելու ժամանակ, 15 հոգու կարողացել էին փրկել, բայց մի քանի հոգու չէին հասցրել, ու այդ պատճառով իրենց շատ էին մեղադրում, չնայած վիրավորվել էին ու չէին կարող հետ գնալ:

Հիմա նաև զոհվածների փոխարեն էլ եմ սովորում, որ գոնե իրենց չարածի մի մասն անեմ

Պատերազմի ամենավատ հուշերից մեկն այն էր, որ մեր սենյակը նայում էր հիվանդանոցի մուտքին, որտեղ կանգնում էին շտապ օգնության մեքենաները, ու դու քեզնից անկախ վազում էիր դեպի այդ մեքենաները՝ իմանալու՝ ծանոթ մարդ կա՞, թե՞ ոչ:

Լուսանկարը՝ Արմենիա ԲԿ էջից

Իմ սկզբնական մասնագիտությունը ռազմաբուժակ է. քոլեջում այդպես եմ սովորել: Մինչև պատերազմը դեռևս վստահ չէի, թե մասնագիտության ճիշտ ընտրություն եմ կատարել, բայց պատերազմի օրերին հասկացա, որ ընտրությունը ճիշտ էր:

Ամենալավ սերունդը զոհ գնաց այս պատերազմին: Համակուրսեցիներիցս Ավետիսն էլ զոհվեց. մինչև հիմա չեմ հավատում: Շատ հանգիստ, հավասարակշռված տղա էր: Սպասում էինք, որ լավ լուր կլիներ: Հիմա նաև զոհվածների փոխարեն էլ եմ սովորում, որ գոնե իրենց չարածի մի մասն անեմ:

Այդ դաժանությունը, որ մենք տեսանք, չի տեսել ոչ ոք: Տեսնում ես, թե ինչպես է զինվորը տանջվում ընկերոջ մահը տեսնելով և միաժամանակ իր կյանքի համար պայքարում: Պատերազմը բոլորիս կյանքը միանգամից փոխեց: Շրջապատում այնքան զոհեր կան, որ չես հավատում, չես հասցնում ընկալել, որ ինքը զոհվել է: Եվ համակուրսեցի, և համադասարանցի, և հարազատ մարդիկ զոհվեցին: Այս ամենից հետո չես կարողանում հանգիստ ապրել, քայլել: Ամեն ինչ նրանց է հիշեցնում:  

Պատերազմից հետո հիվանդանոցի կողմից շնորհակագրեր ստացանք. սա մեծ գնահատանք էր մեզ համար: Այդ թղթին նայելիս հիշում եմ մեր բոլոր զինվորներին, մեր ապրած օրերը:

Զրուցեց Տաթևիկ Աղաջանյանը

1