«Ժողովուրդը պետք է համախմբվի, արթնանա ու գործի»․ Լեւոն Հայրիյան
Գլխավոր » Լրահոս » «Ժողովուրդը պետք է համախմբվի, արթնանա ու գործի»․ Լեւոն Հայրիյան

«Ժողովուրդը պետք է համախմբվի, արթնանա ու գործի»․ Լեւոն Հայրիյան

Արցախցիներն այսօր բողոքի ցույց արեցին ՀՀ ԱԳՆ շենքի մոտ՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին փոխանցելով Արցախի շուրջ 60 ՀԿ-ների կողմից ստորագրված նամակը։ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրիյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Ես ուզում եմ դիմել հայ ազգին՝ հայ ազգը որոշել է մեռնե՞լ, կոտորվե՞լ, չեմ հասկանում։ Ո՞վ է այդպիսի տարանջատում դրել, որ Ղարաբաղի հարցն առանձին է։

Կարո՞ղ է Սարդարապատի ճակատամարտի ժամանակ հայությունը կիսված էր մի քանի տեղը՝ մեկը շուռնուխցի էր, մյուսը՝ ղարաբաղցի։ Ես զարմանում եմ մեր ժողովուրդն ո՞ւր է գնում, ընկել են մի երկու թեթեւսոլիկի հետեւից, որ ասում են՝ Արցախի հարցը մեր երկիրը կործանման է տանում, պետք է Արցախի հարցը մոռանանք։ Բայց հստակ ծրագրավորված վերացնում են Հայաստանի պետականությունը։ Բոլորին հայտնի է, որ Հայաստանի այսօրվա հանրապետության ստեղծման հիմքում հատկապես Արցախի հարցն է։ Պատահական չէ, որ 1988 թվականի շարժման հիմքում կանգնած Ղարաբաղ կոմիտեի անդամները դարձել են Երրորդ հանրապետության իշխանություն։ Մեր գաղափարական թշնամիները կարողացել են ժողովրդի մեջ սերմանել, որ Հայաստանը, հայերը հատվածական ժողովուրդ են՝ կա Արցախի հայություն, կա Գյումրիի հայություն։

Մեր թշնամիների հաջողվել է մեր գլուխը մտցնել, որ Արցախը բեռ է Հայաստանի համար։ Եվ քանի որ այս պետությունը ստեղծվել է արցախյան հարցի վրա, իր հիմքում ընկած է Արցախի հարցը։ Երբ որ Արցախի հարցն այս պետության տակից հանեն, պետությունը փլուզվելու է։ Դա լավ գիտեն մեր թշնամիները, դա լավ գիտեն նաեւ նրանք, ովքեր այսօր Հայաստանում իշխանություն են զավթել։ Ժողովրդի անգիտության վրա խաղալով՝ փորձում են ցույց տալ, որ եթե Արցախի հարցը հանեն, Հայաստանը պահելու են։ Արցախի հարցը հանեք, պետությունը փլուզվելու է»։ Ըստ նրա՝ անհասկանալի է, թե այս իշխանությունները ոնց են «իրենց եփած ճաշը ուտելու»։ Հայրյանը շեշտեց, Հայաստանը ստեղծվել է նաեւ ցեղասպանության հարցի վրա, բայց այս իշխանություններն այդ հարցն էլ են փորձում փակել, ո՞նց կարող է հայամետ ուժն այդպիսի բան անել։ «Պարզ երեւում է, որ սրանք ղեկավարվում են դրսից»,- հավելեց նա։

Լեւոն Հայրիյանը նաեւ ասաց, որ Հայաստանի իշխանությունները ներսում ճնշում են արցախցիներին, փորձում են Արցախի հարցը փակել։ Հայտարարում են, որ Արցախ չկա, բայց դրսում Արցախի անունից որոշումներ են ընդունում եւ հայտարարություններ են անում։ «Իշխանություններն ամեն ինչ ջնջել են, մնացել է Արցախի համայնքը, որն իր շահերի համար պայքարում է, հիմա այդ համայնքն են փորձում ջնջել։ Ժողովուրդը պետք է համախմբվի, արթնանա ու գործ անի»,- նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/10/21/1450168/

1