Ժողովրդի ապագան նրա երիտասարդությունն է
Գլխավոր » Երիտասարդական » Ժողովրդի ապագան նրա երիտասարդությունն է

Ժողովրդի ապագան նրա երիտասարդությունն է

1945թ. նոյեմբերի 10-ին Լոնդոնում տեղի ունեցած միջազգային համաժողովի ընթացքում հիմնադրվել է ‹‹Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունը»: Այդ օրվանից ամբողջ աշխարհում նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր: Երիտասարդության համաշխարհային ու  Ուսանողության միջազգային օրերը վերստին արժեւորում են  ուսանողության եւ երիտասարդության մեծ ներուժն ու պետականության եւ հասարակության զարգացման գործում նրանց առաքելությունը:

Այս կապակցությամբ երիտասարդների ինքնադրսեւորման, հասարակական եւ քաղաքական կյանքում նրանց գործուն մասնակցության, զարգացման եւ համախմբման մասին ‹‹Ապառաժ››-ը զրուցել է Արցախի հասարակական գործիչների եւ  երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ:

Սերգեյ Շահվերդյան, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ

Դեռեւս նախակրթարանից պետք է ձևավորել երեխաներին եւ դպրոցում քաղաքացիական պատասխանատվության բարձր գիտակցության ոգով դաստիարակել նոր սերնդին:

Լինելով հասարակության առաջադեմ եւ ակտիվ խավ՝ երիտասարդը պետք է ակտիվ մասնակցություն ունենա օրենսդրական դաշտի եւ հանրային կյանքի զարգացման գործում: Պետության միակ գործառույթն այս կապակցությամբ երիտասարդներին ինքնադրսեւորվելու հնարավորություններ ընձեռելն է: Երիտասարդն է թելադրում պետությանը եւ համայնքին երկրի զարգացման հեռանկարային ծրագրերն ու իրականացնում դրանք:

Հարգելի երիտասարդներ, եղեք համարձակ եւ միասնական, բարձրաձայնեք հանրային հնչեղություն ունեցող խնդիրներ, որովհետեւ դուք եք հասարակական կյանքի պատկերացումների ճիշտ կրողն ու նրա զարգացմանը նպաստող առաջամարտիկը:

Տրդատ Մարտիրոսյան, ՀՅԴ Ամերիկայի «Արցախֆոնդ›› բարեգործական հիմնադրամի Արցախի մասնաճյուղի տնօրեն, Ստեփանակերտ քաղաքի համայնքային ավագանու անդամ

Մենք՝ երիտասարդներս, պետք է պահպանենք մեր հայրենիքն ու նրա   զարգացման գործում շարունակենք մեր մեծերի հերոսական ճանապարհը: Այսօր մենք ունենք հայրենասեր, հոգեւոր արժեքներով եւ հարուստ գիտելիքներով զինված երիտասարդներ, ովքեր մեծ հաջողությունների են հասել գիտության եւ կրթության, սպորտի, մշակույթի բնագավառներում:

Սիրելի երիտասարդներ, թող մեր բոլորի ձեռքբերումները մեր միասնական հայրենիքի հաղթական ուղին արժեւորող իրողություն դառնան:

 Անի Հովհաննիսյան, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամ

Հասարակական եւ քաղաքական կյանքում առավել կարեւորվում է երիտասարդության դերն ու մասնակցությունը, քանի որ գիտելիքներով հարուստ երիտասարդներով է պայմանավորված յուրաքանչյուր պետության դերը համաշխարհային արագընթաց զարգացումներում։

Տոնական օրերի առթիվ շնորհավորում եմ Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի մեր երիտասարդ հայրենակիցներին: Ցանկանում եմ հաստատուն կամք, լավատեսություն եւ ուսման մեջ հաջողություններ։

Արթուր Հայրապետյան, ‹‹Որոշում քաղաքացիական նախաձեռնություն›› ՀԿ եւ ‹‹Առաջ Արցախ›› ԵՀԿ նախագահ, Ստեփանակերտ քաղաքի համայնքային ավագանու անդամ

Երիտասարդներին միավորող ուժը հայրենասիրությունը, գիտելիքն ու նպատակասլացությունն է, որն էլ կարեւոր նախապայման է մեր եւ մեր երկրի զարգացման համար։ Գիտակցելով եւ արժեւորելով  այս ամենը՝ մենք կկերտենք առողջ դատող հասարակություն, կայուն ապագա ու հզոր երկիր։ Հզոր երկիր ունենալու կարևոր նախապայմանը կիրթ ու խելացի երիտասարդությունն է։

Երիտասարդության օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր երիտասարդներին՝ մաղթելով նրանց անտրտունջ աշխատանք ու մեծ նպատակասլացություն։

Նորա Աղաբաբյան, ‹‹Գրիգոր Նարեկացի›› համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ

Որպես երիտասարդ՝ ես փորձում եմ իմ երիտասարդությունն անցկացնել հետաքրքիր եւ ուրախ, որի համար ձգտում եմ ակտիվ մասնակցություն ցուցաբերել հասարակական կյանքում:

Սիրելի երիտասարդներ, եկեք լինենք ակտիվ եւ միավորվենք մեր երկրի զարգացման վեհ գործում:

Ռուզաննա Մելքումյան, Ասկերանի արվեստի դպրոցի ուոսուցչուհի, ԳՆՀ ուսանողուհի

Կրթել աճող սերնդին, գիտելիքներ հաղորդել նրանց եւ ուղղորդել դեպի մեծ կյանք՝ ինձ համար, որպես երիտասարդ մանկավարժի, մեծագույն պատիվ է։

Մերօրյա երիտասարդը հանրության բաղկացուցիչ մասն է՝ նվիրված իր գործին, մտահոգ հայրենիքի ապագայի մասին:

Երիտասարդության և ուսանողության տոների կապակցությամբ ուզում եմ իմ բարեմաղթանքի ջերմ խոսքերը հղել Արցախ աշխարհի և Մայր Հայաստանի երիտասարդությանը: Եկեք միասնական կերտենք եւ զարգացնենք մեր հոգեւոր հայրենիքները։

Հրաչ Սայիյան, ‹‹Մեսրոպ Մաշտոց›› համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ

Հասարակական կյանքում երիտասարդների ակտիվ մասնակցության համար անհրաժեշտ նախադրյալներ են մշակութային տարաբնույթ միջոցառումներն ու ժամանցային կենտրոնները: Երիտասարդների համախմբման գործում կարեւորում եմ հաճախակի հանդիպումները՝ մեր երկրի բարեկեցության համընդհանուր գաղափարների շուրջ: Ամեն ինչ կախված է մեզնից, իսկ դրա համար մենք պետք է փոխենք մեր հոգեկերտվածքն ու արդյունավետ օգտագործենք մեր ներուժը:

Հովհաննես Հարությունյան, ‹‹Հաղթանակած›› նախաձեռնության համահիմնադիր

Ժամանակի ընթացքում տարբեր բնույթի հայրենասիրական ծրագրերի իրականացման արդյունքում հայ երիտասարդների շրջանում ձեւավորում ենք հայ ազգի հաղթանակների, առավելապես՝ արցախյան հաղթանակի արժեքները իմաստավորելու գաղափարներ: Մենք աշխատում ենք Արցախ-Հայաստան-Սփյուռք երիտասարդների կապի ամրապնդման ուղղությամբ՝ միավորելով հայ ազգի երիտասարդներին: Արցախը որպես հայրենիք կարեւորելով եւ միավորելով Արցախի եւ Հայաստանի երիտասարդներին՝ կազմակերպել ենք ‹‹Իմ սեր, Արցախ›› խորագրով ֆլեշմոբը:

Հայ երիտասարդներին մաղթում եմ հաջողություն, հայրենքի արժեքն ու մեր նախորդ սերունդների անցած բարդ ճանապարհը բավարար գնահատելու եւ դրա արդյունքում նրա հոգեւոր ժառանգությունը կրելու պատրաստակամություն:

Անահիտ Սերոբյան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողուհի

Մեզ համախմբում են միջոցառումները՝ կապ ձեւավորելու եւ եղած կապն ավելի ամրացնելու նպատակներով:

Երիտասարդության եւ ուսանողության օրերի կապակցությամբ մենք այցելել ենք Արցախ եւ Արցախի երիտասարդների հետ մեկնարկել միջոցառումների շարք՝ եւս մեկ անգամ կարեւորելով Արցախի գոյությունը մեզ համար: Մենք բոլորս մեր արյան մեջ հայի արժանապատվությունը կրողն ենք:

Սիրելի երիտասարդներ, եկեք շատ սիրենք իրար եւ ավելի թեթեւ ապրենք, հասկանանք իրար եւ կիսենք միմյանց գաղափարները:

Նյութը պատրաստել է Հասմիկ Հակոբյանը

1