Զերծ կմնամ գնահատական տալ, թե ով է ՀՀ-ի նախըտրելի թեկնածուն
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Ընտրություններ » Զերծ կմնամ գնահատական տալ, թե ով է ՀՀ-ի նախըտրելի թեկնածուն

Զերծ կմնամ գնահատական տալ, թե ով է ՀՀ-ի նախըտրելի թեկնածուն

Արցախում տիրող նախընտրական թեժ մթնոլորտի, հնարավոր զարգացումների շուրջ iravunk.com-ը զրուցել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից Արցախի նախագահի թեկնածու առաջադրված Դավիթ Իշխանյանի հետ:

— Ինչպիսի՞ իրավիճակ է այսօր Արցախի ներքաղաքական կյանքում:

— Դեռեւս հանդարտ, առանց վայրիվերումների: Բայց, ինչ խոսք, առաջիկա ընտրությունները տարբերվելու են Արցախում կայացած նախորդ բոլոր ընտրություններից, եւ այն ունի մի քանի պատճառներ: Նախ, գործող Սահմանադրության համաձայն, նույն օրը տեղի են ունենալու նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: Կանխատեսելի էր, որ թե՛ կուսակցությունների առումով, թե՛ նախագահի առումով թեկանածուների պակաս չէր լինելու: Կանխատեսելի էր նաեւ որոշակի լարվածություն, քաղաքական պայքարի գործընթաց եւ մրցակցություն տարբեր կուսակցությունների միջեւ: Համաժամանակյա ընտրություններին մասնակցելու ձեւաչափը քաղաքական ուժերին տվել է հնարավորություն՝ ավելի շատ թեկնածուներ առաջադրելու:

— Բայց քարոզարշավը դեռ չսկսած, արդեն իսկ որոշակի խմորումներ են սկսել քաղաքական ուժերի միջեւ: Այդպես չէ՞:

– Ինչ վերաբերում է խժդժություններին, ապա դա եւս բնական է նախընտրական եւ հետընտրական շրջանին: Նման խժդժությունների գնում են հիմնականում նոր ձեւավորված կուսակցությունները: Այն քաղաքական ուժերը, որոնք ձեւավորված են եւ ունեն կայուն գործելաոճ, նման խժդժությունների չեն գնում, ուղղակի չեն գնում:

– Հնարավո՞ր է, որ որքան մոտենան ընտրությունները, այնքան այդ խժդժությունները նոր թափ ստանան:

– Ես չգիտեմ, թե ՀՀ-ում ինչպես են գնահատում այստեղ առկա լարվածությունը, բայց ամեն ինչ այդքան տխուր չէ, ինչպես որ ներկայացվում է: Ընտրությունների նախաշեմին լինում են բեւեռացումներ, տարբեր բեւեռների ձեւավորում, դա բնական է:

– Որքան էլ Դուք փորձում եք մեղմ ներկայացնել իրավիճակը, լարվածությունը ակնհայտ է: Հետո, արդյոք այդքան փոքր Արցախում կարիքը կա՞ր 14 նախագահի թեկնածու առաջադրելու:

«Ես գնում եմ.., ով իմ հետ ա, շնորհակալ եմ, ով իմ հետ չի՝ Աստված ձեր հետ, ես մենակ էլ կհաղթեմ»
– Գիտեք, այդ հարցի հասցեատերը ես չեմ, մեր կուսակցությունը չի հաստատ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի ՀՅԴ կառույցը նախաձեռնել է համաձայնեցված թեկնածու ունենալու գաղափարը: Բայց ինչպես տեսաք` չստացվեց:

– Դրա համա՞ր մի փոքր Արցախը կիսեցիք մի քանի մասի:

– Գիտեք, լարվածություն կա, բայց պառակտումը դեռ այնքան խորը չէ, որ անհանգստանալու կարիք լինի: Ամեն ինչ կկարգավորվի մարտի 31-ից հետո, անհանգստանալու կարիք չկա:

– Այո, գուցե Դուք` քաղաքական ուժերդ կրկին համախմբվեք, իսկ շարքային քաղաքացիների մասին մտածե՞լ եք:

– Ես նորից եմ ասում՝ պառակտում` որպես այդպիսին, չկա, կա լարվածություն: Ավելին ասեմ, երբեմն լրագրողների կողմից հնչեցված տեսակետները դառնում են ուղղորդող:

– Այսինքն` էլի լրագրողնե՞րն են մեղավոր: Զարմանալի է, նախորդ անգամ էլ Արցախի մեկ այլ պատգամավոր լրագրողներին մեղադրեց:

– Ոչ, իհարկե, ուղղակի շատ զգույշ պետք է լինեն, որպեսզի առանց այն էլ բեւեռացված մթնոլորտում տեսակետներ չփորձենք ներկայացնել: Որը, որ կարող է ինչ-որ տեղ վտանգավոր լինել:

– Հայաստանյան իշխանությունները որքանո՞վ են խառնվում Արցախի ներքաղաքական կյանքին: Հաշվի առնելով, որ խոսակցություններ կան, որ ՀՀ-ի իշխանությունների նախընտրելի թեկնածուն Մայիլյան է:

– Ես զերծ կմնամ գնահատական տալ, թե ով է ՀՀ-ի նախըտրելի թեկնածուն: Որովհետեւ ես ունեմ իմ համոզումը, իմ տեսակետը: Այն է` Արցախում առաջադրված յուրաքանչյուր նախագահի թեկնածու պետք է համարվի ՀՀ իշխանությունների թեկնածու: Եվ ով էլ որ ընտրվի ու զբաղեցնի նախագահի պաշտոնը, բնականաբար, պետք է բնականոն գործունեություն ծավալի Հայաստանի իշխանությունների հետ: Ես կարծում եմ, որ սա գիտակցում են թե՛ ՀՀ-ի, թե՛ Արցախի իշխանությունները:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

iravunk.com

1