Զենքը՝ լուսանկարչական ապարատ. Դավիթ Ղահրամանյան
Պատերազմի գույները լուսանկարների միջոցով աշխարհին ցուցադրած լուսանկարիչ, դերասան Դավիթ Ղահրամանյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում պատմում է 44-օրյա պատերազմում իր ապրումների, արած հետևությունների և ապագա ծրագրերի մասին: Պատերազմին լուսանկարչական օբյեկտիվով մասնակցած Դավիթը որոշել է դերասանական գործունեությունն ավարտել ու զբաղվել լուսանկարչությամբ, ֆոտոլրագրությամբ:
Բոլորս էլ պիտի գնայինք, քանի որ պատերազմ է
Երբ առաջին պայթյունները Ստեփանակերտում եղան, այդ ժամանակ քնած էի: Կինս արթնացրեց, ասաց, որ ձայներ են լսվում: Միանգամից հասկացա, որ պատերազմ է սկսվել: Դուրս եկա պատշգամբ, տեսա, որ Շոշ գյուղի կողմից, որտեղ, զինամթերքի պահեստներն են, ծուխ է ելնում: Հասկացա, որ պայթեցրել են: Համացանցից փորձեցի լուր իմանալ, այդ պահին կոնկրետ բան չկար, մոտ կես ժամ հետո սկսեցին ինչ-որ բան գրել, Ջալալ Հարությունյանի ուղերձը կարդացի, որ պատերազմ է հայտարարվել: Իրերս վերցրի, տնեցիներին հրաժեշտ տվեցի, գնացի Երիտասարդության պալատ և տեսա, որ ընկերներս կամավոր եկել էին:
Քանի որ կռիվ է, բոլորս էլ պիտի գնայինք: Արդեն պատրաստվում էինք շարժվել դեպի դիրքեր, երբ զանգ ստացա ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանից, ասաց, որ նախագահի հրամանով որպես լուսանկարիչ եմ աշխատելու:
Երբ մտածում ես առաջնագծում գտնվողների մասին, քո արածը խաղ ու պար է թվում
Առաջին օրերին ինձ մեղավոր էի զգում, որ տղաների մոտ չեմ, հատկապես, որ նախապատրաստական դասընթացների ժամանակ նրանց հետ մտերմացել էի: Կողքից շատ էին ասում, որ իմ գործն էլ պակաս կարևոր չէ: Հետո արդեն ես էլ հասկացա, որ իմ առաքելությունը պատերազմի կադրերը աշխարհին ցուցադրելն է: Եվ որոշեցի, որ եթե լուսանկարչությամբ եմ մասնակցում պատերազմին, ուրեմն պետք է փորձեմ առավելագույնն անել: Աշխատում էի առաջինը լինել դեպքի վայրում և հնարավորինս շուտ լուսանկարները փոխանցել:
Տարօրինակ բան էր հետս կատարվում պատերազմի առաջին օրերին, ես էլ չեմ հասկացել, թե ինչպես եմ լուսանկարել պատերազմի հետքերը: Բայց հետո, երբ սկսել եմ ավելի սառը դատել, հասկանալ ինչ է կատարվում, ահավոր զգացողություն ունեցա: Դժվար էր տեսնել զոհված համաքաղաքացիներիդ՝ քո հարազատ քաղաքում, քո հարազատ վայրում: Այդ ժամանակ պահ էր լինում, որ քիչ էր մնում ուշաթափվեի: Օրինակ, մի շենքի մոտ ավիառումբի հարվածից հետո լուսանկարելուց հանկարծ հասկացա, որ չորս կողմս մարդու մարմնի տարբեր մասեր են: Գլխիս մեջ ամեն ինչ խառնվեց, բայց կարողացա ինձ տիրապետել: Երբ կողքիդ արտասահմանից լրագրողներ, օպերատորներ են կանգնած, փորձում ես որպես տեղացի, արցախցի, քեզ ամուր պահես:
Նույնը Շուշիում կրկնվեց, Ղազանչեցոցի ռմբակոծությունից հետո: Այդ ժամանակ եկեղեցուց մի քանի հարյուր մետր ներքև էինք: Դժվար էր քեզ տիրապետելը, երբ հասկանում ես, որ թիրախավորվում է կոնկրետ եկեղեցին: Անջատված նկարում էի, մարդիկ դես ու դեն էին վազվզում, ինչ-որ բան էին փորձում դուրս հանել: Հետո արդեն վերլուծելով ես հասկանում սարսափի աստիճանը: Բայց երբ մտածում ես առաջնագծում գտնվողների մասին, քո արածը խաղ ու պար է թվում:
Ինքս ինձ խոստացել եմ, որ փրկածս Արցախի դրոշը նորից ծածանելու եմ Շուշիում
Ղազանչեցոցի ռմբակոծության ժամանակ Շուշիում էինք, երբ դիմացի շենքի ավերակների մեջ նկատեցի գետնին ընկած Արցախի դրոշը, այդ տեսարանը հուզմունքս կրկնապատկեց: Պահը շատ վտանգավոր էր, քանի որ գիտակցում էինք, որ ամենայն հավանականությամբ կլինի երկրորդ հարված, սակայն դրոշը գետնին թողնել չէի ուզում: Շտապեցի ներս՝ դրոշը հանելու: Դրոշը ձեռքիս վազում էի դեպի վիրավոր եկեղեցին և ամեն ակնթարթի սպասում էի պայթունի ալիքին, որը ինձ մի կողմ կշպրտի: Շնչակտուր կանգնած նայում էի հեռուն՝ հասկանալու համար, թէ որտեղ ընկավ հրթիռը, ANNA news-ի Ալեքսանդր Խարչենկոն արեց այս լուսանկարը:
«Ты так стоял. Грех было не фоткать» (Այնպես էիր կանգնել, որ չնկարելը մեղք էր),- հետո ասել է նա:
Թուրքի կեղտոտ սապոգից և հայի դավադրությունից փրկված դրոշը հիմա իմ տանն է: Խոստանում եմ այն մի օր անձամբ ծածանել Շուշիի անպարտ պարիսպներին:
Ետնաբեմում այլ բան էր կատարվում, ինչի մասին հանդիսատեսը տեղյակ չէր
Չգիտեմ, թե ինչպես են կարողացել մեր իշխանությունները համոզել, որ կասկածի նշույլ էլ չկար: Պահեր կային, երբ լսում էի, որ իրավիճակը լավ չէ: Բայց երբ քո վերնախավը, գեներալիտետը, քո նախագահը, վարչապետն ասում են, որ ամեն ինչ լավ է, մտածում ես, որ սա այն պահը չէ, այն իրավիճակը չէ, որ քեզ խաբեն, որովհետև երկրի լինել-չլինելու հարցն է դրված: Ասում էին՝ հաղթելու ենք, հաղթում ենք: Ես էլ մի պահ ոգևորված էի:
Այլ է հեշթեգներ կարդալ, տարածել, լրիվությամբ այլ գնալ մարտական դիրք ու հասկանալ, որ զինվորներն ամեն ինչի պատրաստ են այս հողի համար: Նրանք են ինձ ավելի շատ հույս տվել ու իմ վստահությունը նրանցից էր բխում: Բայց պարզվում է, որ նրանց էլ են հուսախաբ արել, իրենք էլ չէին հասկանում՝ ինչ է կատարվում: Բայց փաստորեն ետնաբեմում այլ բան էր կատարվում, ինչի մասին հանդիսատեսը տեղյակ չէր:
Մինչև վերջին պահը, նույնիսկ երբ Շուշիի մոտ էին, մտքովս չէր անցնում, որ Շուշին մեր վերահսկողության տակ չի լինի: Վերջին անգամ Շուշիի ներսում նոյեմբերի 5-ին եղա. գնացել էինք ականանետորդներին նկարելու: Նրանք Ջդրդուզում էին, այնտեղից երևում էր, թե կոնկրետ որտեղ է արկն ընկնում: Մի այլ կարգի սարսափ էր, որ հայկական գյուղը փրկելու համար հրետակոծում ես: Քարին տակում ամբողջությամբ թուրքերն էին: Զինվորները ոգևորված էին, մեկը պատմում էր, որ իր ականանետով արդեն 100 հոգու սպանել է, մյուսը 150 հոգու մասին էին խոսում: Մտածում էի, այդ ինչքան շատ են, որ 100-ներով են խոսում:
Թուրքերը հանգիստ զբոսնելով իջնում էին Սղնախից դեպի Քարին տակ
Իմ կյանքին սպառնացող վտանգ երկու անգամ է եղել: Քարի տակի մատույցներում էինք, Սղնախում արդեն թուրքերն էին: Այդ ժամանակ եմ ականատես եղել, թե ինչպես են 200-250 հոգանոց ադրբեջանական էլիտար հատուկջոկատայինները հանգիստ զբոսնելով Սղնախից իջնում։ Ոչ մի կրակոց, ոչ մի հրետանու ձայն չեղավ։ Տեղի կամավորների հրամանատարին հարցրեցի թէ ի՞նչու կրակոց չկա, ի՞նչու հրետանին կրակ չի թափում սրանց գլխին։
Պատասխանեցին, որ հրաման են ստացել հետ նահանջել և ավելի հարմար դիրքեր զբաղեցնել։
Հեռավորությունն այնպիսին էր, որ ինքնաձիգով չէիր վնասի: Ժամը 6-ի կողմերն էր, ակնհայտ էր, որ բարձրանում են անտառ գիշերելու և լուսաբացին կհարձակվեն Քարին տակի վրա: Հենց այդպես էլ եղավ. հաջորդ առավոտ Քարին տակի համար արդեն մարտեր էին ընթանում ու Քարին տակն անցավ նրանց վերահսկողության տակ: Այդ նույն 200-250 հոգին, որոնց մեր աչքով տեսանք, գրավել են Քարի տակը: Անտառի վրա հրետակոծություն պիտի լիներ, որը չի արվել, իսկ դրա համար բավարար քանակի հրետանի կար:
Հետ գալու ճանապարհին մեզանից 10 մետր հեռավորության վրա արկ ընկավ, հասցրինք պառկել գետնին, մոտակա պատը փրկեց: Հետո մի անգամ էլ Ստեփանակերտում 70 մետր հեռավորության վրա «Սմերչ»-ի հրթիռ պայթեց: Պայթյունի ալիքը 1-2 մետր հետ շպրտեց, վնասվածքներ չունեցա, միայն ափսոսում էի, որ լուսանկարչական ապարատը հետս չէի վերցրել:
Եթե լիներ ցանկություն ու համապատասխան որոշում կայացնող մարդիկ, Շուշին կպահվեր
Նոյեմբերի 7-ին, նույնիսկ 9-ին եմ Շուշի բարձրացել ու այդ ժամանակ մարտական գործողություններ էին ընթանում Շուշիում: Մինչև ամսի 9-ի ժամը 15:00-ն ես Շուշիի մոտակայքում էին ու մինչ այդ ժամը վիրավոր զինվորների էին դուրս բերում: Եթե վիրավորներ էին հանում, ուրեմն տղաները փորձում էին իրավիճակ փոխել:
Եթե կազմակերպվեր, լիներ ցանկություն ու համապատասխան որոշում կայացնող մարդիկ, Շուշին կպահվեր: Խոսքը զինվորականների մասին չէ, բոլոր զինվորականները պատրաստ էին մինչև արյան վերջին կաթիլը տալ մեր սահմանները պահելու համար: Պարզապես ինչ-որ բան սխալ գնաց, որը ես շատերի նման դավաճանություն եմ համարում:
Պատերազմից հետո սկսել եմ ավելի արժևորել կյանքը
Սկսել եմ ավելի արժևորել ապրած յուրաքանչյուր պահ, սիրել կողքիններին: Նաև հայրենիքն եմ սկսել ավելի շատ սիրել: Եթե ավելի շատ սիրեինք հայրենիքը, դրանից կբխեին ավելի ճիշտ քայլեր, ինչը մեզ ուժեղ կպահեր: 1994թ.-ից հետո հետպատերամզյան ժամանակներում եմ մեծացել, միշտ պատերազմի թեման մեզ ուղեկցում էր, պարզապես մենք դրանից դասեր չքաղեցինք:
Մենք չկարողացանք ուժեղանալ, խոսքը միայն զինտեխնիկայի մասին չէ: Գոնե հիմա, այս դժվար պայմաններում պետք է փորձենք նորից վերածնվել ու փորձել գոնե մեր երեխաներին մեզանից լավը դաստիարակել:
Արտակի ու այլ տղաների վերջին լուսանկարները
Իրականում հրետանավորները շատ ժամանակ չունեին, խնդրում, համոզում էի, որ նկարվեն: Այդ պահին մտքովս էլ չէր անցնում, որ հնարավոր է նրանց վերջին լուսանկարները լինեն, վստահ էի, որ այդ տղաները հետ են գալու: Հետո լուրը լսում ես, հարազատները խնդրում են հենց այդ լուսանկարը: Արտակից բացի էլի տղաներ կան, որոնց իմ արած լուսանկարները հետո տեսա Եղբայրական գերեզմանոցում, Եռաբլուրում:
Այդ նկարներում նրանք կյանքով լի են, ժպտում են: Լուսանկարելուց հետո մարդը քո համար հարազատ է դառնում, հետո շատ տխուր է, երբ հասկանում ես, որ այլևս չկա:
Թողնելով Արցախը նախ դավաճանում ենք ինքներս մեզ հետո նրանց, ովքեր այս հողի համար արյուն են թափել
Ես պայքարելու եմ իմ հողի համար ու այս պայքարի ամենամեծ քայլն այն է, որ որոշել եմ՝ իմ երեխան պետք է Ստեփանակերտում ծնվի, կրի հայկական անուն, սովորի հայկական դպրոցում, կրթվի որպես լավ հայ: Թողնելով Արցախը, ես համարում եմ, որ նախ դավաճանում ենք, ինքներս մեզ, հետո նրանց, ովքեր այս հողի համար արյուն են թափել, որովհետև նրանք չգիտեին, թե ինչ է կատարվում իրենց թիկունքում: Նրանք վստահ էին, որ պահում են հողը ու պահել են:
Իհարկե, շատ դժվար է: Ապագայի համար ոչ մի բան չենք պլանավորում: Այս պահի դրությամբ շշի մեջ ենք ապրում, խցանը մեր ձեռքին չէ, երբ ուզենան, այն կփակեն:
Համակերպվել ու լռել չի կարելի
Իմ կարծիքով, մեր ինքնության, մեր հայ լինելու համար պայքարել է պետք է, թե ինչպիսին է լինելու այդ պայքարը, ժամանակը ցույց կտա: Այս պահի դրությամբ համակերպվել ու լռել չի կարելի: Պետք է ըմբոստանալ, լինի իշխանությունների, լինի ադրբեջանցիների կամ ռուսների դեմ:
Ռուսաստանի հետ հարաբերություններում դիվանագիտական մակարդակում պետք է պահել ոսկե միջինը: Այսօրվա դրությամբ շոշափվում է ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու հարցը, ես չգիտեմ այդ քայլի իմաստը, անհեթեթություն եմ համարում: Իհարկե, լավ է, որ շատ լեզուներ իմանաս, բայց ռուսերենն այնպիսի լեզու է, որ համատեղել կարելի է: Իսկ պետականորեն քայլեր անելու իմաստը չեմ հասկանում:
Զրուցեց՝ Տաթևիկ Աղաջանյանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի ֆեյսբուքյան էջից