Զբոսաշրջության ոլորտը՝ կորոնավիրուսային համավարակի պայմաններում
Քանի որ աշխարհն առաջին անգամ է բախվում կորոնավիրուսային համավարակի հետ կապված խնդիրներին, ապա դժվար է միանշանակ խոսել դրա հետևանքների մասին կամ գնահատականներ տալ առաջիկա զարգացումների վերաբերյալ: Տարբեր փորձագետների կարծիքով՝ առնվազն մինչև 2021թ. մարտ-մայիս ամիսները իրավիճակի էական փոփոխություններ չեն կանխատեսվում: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ հնարավոր են մի քանի սցենարներ, որոնցից վատագույնի դեպքում համաշխարհային զբոսաշրջության մինչև 80-85% անկում է կանխատեսվում: ԱՀ զբոսաշրջության ոլորտը ևս զգալիորեն տուժել է:
«Չնայած նրան, որ Արցախի ՀՆԱ-ում զբոսաշրջության համամասնությունը այլ երկրների համեմատությամբ այնքան էլ բարձ չէ, բայց, օրինակ, միայն հյուրանոցային ծառայություններից ստացված գումարը 2019թ. հասնում էր մինչև 947 մլն դրամի: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ 2018թ. դրությամբ աճը կազմել է 14%»,- նշել է Արտակ Գրիգորյանը:
Վարչությունը հիմնական աշխատատեղեր ունեցող հյուրանոցային տնտեսությունների ոլորտում անց է կացրել ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ առաջին կիսամյակում հյուրանոցային տնտեսություններում եկամուտների անկումը կազմել է մինչև 80-85%: Տեղեկություններ կան, որ նաև աշխատատեղեր են փակվում:
«Խնդիրը նրանում է, որ զբոսաշրջության ոլորտում խիստ մասնագիտացված աշխատատեղեր կան՝ սկսած խոհարարներից, հավաքարարներից, մինչև ադմինիստրատորներ և այլն: Ժամանակին չարձագանքելու դեպքում ոլորտի վերականգնումից հետո հնարավոր է ունենանք որակյալ մասնագետների խնդիր»,- ասել է Արտակ Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ աշխատում են աշխատատեղերի պահպանման ուղղությամբ:
Կառավարության որոշմամբ՝ զբոսաշրջության ոլորտում աջակցություն է տրամադրվում հյուրանոցային տնտեսություններին, սննդի օբյեկտներին, տրանսպորտային ընկերություններին ու զբոսավարներին:
Վարչության առաջարկով այլ ծրագիր է կյանքի կոչվել, որը երկկողմ շահավետություն է ապահովելու թե տնտեսվարողների, թե հետագայում ծրագրից օգտվող շահառուների համար. «Պատվիրում ենք ծառայություններ և 100% կանխավճարով վճարում ենք դրանց դիմաց՝ հետագայում, ոլորտի վերականգնումից հետո օգտվելու համար: Սա ես կանվանեի «պետություն-մասնավոր հատված համագործակցություն»: Հետագայում այս ծրագրից ստեղծված մատչելի տուրիստական փաթեթներից կարողանալու են օգտվել ՀՀ-ում բնակվող մեր հայրենակիցները»:
Արտակ Գրիգորյանը գտնում է, որ պետք է ավելի ընդգրկուն ծրագրեր իրականացվեն, որպեսզի հնարավոր լինի նվազագույն կորուստներով դուրս գալ այս իրավիճակից: Խոսքը զբոսաշրջությանն առնչվող բոլոր ոլորտների մասին է, այդ թվում՝ ենթակառուցվածքների, ծառայությունների որակի, աշխատատեղերի պահպանման:
Ներկայումս մշակվում է զբոսաշրջության ոլորտում համավարակի հետևանքների մեղմացմանն ուղղված ծրագիր, որով նախատեսվում է օժանդակություն տրամադրել շահառուների առավել լայն շրջանակների: Այս դեպքում ևս կարևորվելու է զբոսաշրջային տնտեսությունների ընթացիկ իրացվելիության որոշակի հնարավորության ստեղծումն ու աշխատատեղերի պահպանումը:
Արտակարգ իրավիճակի այս օրերին շատ է խոսվում ներքին տուրիզմի զարգացման մասին, բայց այս պարագայում ՀՀ-ի հետ անցակետը փակ լինելու դեպքում դժվար է ՀՀ-ից զբոսաշրջիկների հոսք ապահովել:
Ինչ վերաբերում է Արցախին, ապա այստեղ ներքին տուրիզմը հիմնականում էքսկուրսիոն բնույթ է կրում: Մարդիկ այցելում են որևէ վայր մինչև մեկ օր անցկացելու համար և շատ քիչ դեպքերում են գիշերակաց անցկացնում տվյալ վայրերում: Պատճառը, ըստ Զբոսաշրջության վարչության պետի, մշակութային է ու նաև այն, որ Արցախի պատմամշակութային վայրերը հեռու չեն: Իսկ այս դեպքում դժվար է որոշել տնտեսական ազդեցությունը: «Այնուամենայնիվ, ըստ մեր ուսումնասիրությունների՝ որոշակի դրական տեղաշարժ կա. Ստեփանակերտի բնակիչների մի մասը նախընտրում է շաբաթ-կիրակին անցկացնել բնության գրկում կամ տարբեր գյուղերում առաջարկվող կացության վայրերում»:
Ամռանը և աշնան ամիսներին Արցախում անցկացվող, այսպես կոչված՝ իրադարձային զբոսաշրջության հետ կապված միջոցառումները՝ փառատոններ, համերգներ և այլն, արտակարգ իրավիճակի շարունակվելու դեպքում չեն կայանալու: Վարչությունը առաջիկա բոլոր միջոցառումները դիտարկում է արտակարգ իրավիճակում գտնվելու պայմանների շրջանակում, նույնիսկ համավարակի պայմաններից աստիճանաբար կյանքի բնականոն ընթացքին անցումը նախատեսում են՝ պահպանելով բացառիկ առողջապահական և անվտանգային կանոնները:
Արտակարգ իրավիճակի օրերին հիմնական զբոսավայրերն ու թանգարանները փակ են: Դեռևս նախքան համավարակը մի քանի նախագծեր կային, որոնք վիրտուալ տուրեր են առաջարկում Արցախով: Արտակ Գրիգորյանի խոսքով՝ դրանք քիչ ազդեցութուն կարող են ունենալ ընդհանուր իրավիճակի վրա. «Մենք տեսահոլովակներ, լուսանկարներ կամ վիրտուալ տուրեր կարող ենք առաջարկել, բայց սա ավելի շատ մարկետինգային գործիք է, քան զբոսաշրջիկներին իրական տպավորություններ փոխանցելու միջոց: Բայց, ամեն դեպքում, նման ծրագրեր մշակվել են դեռևս 2020թ. փետրվարին»:
Տաթեւիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ