Զբոսաշրջային արդյունքի զարգացումը եւ հանրահռչակումը՝ 2020 թվականի նպատակ
Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեն առաջիկա երկու շաբաթներին ԱՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների քննարկման օրակարգում է լինելու:
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, տեղի է ունեցել խորհրդարանի արտաքին հարաբերությունների եւ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ 2020 թ. Պետական բյուջեում նախատեսված ԱՀ արտաքին գործերի նախարարության, զբոսաշրջության եւ տեղեկատվության ոլորտների ֆինանսավորման հարցով:
Ներկայացնելով զբոսաշրջության ոլորտի հատկացումները, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ասել է, որ զբոսաշրջության ոլորտի զարգացման համար 2020թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 28.0 մլն դրամ:
«2020 թվականին զբոսաշրջության ոլորտի հիմնական նպատակը լինելու է Արցախի Հանրապետության զբոսաշրջային արդյունքի զարգացումը եւ հանրահռչակումը թիրախային շուկաներում»,- շեշտել է մշակույթի նախարարը եւ ներկայացրել զբոսաշրջոււթյան զարգացման ծրագրի պայմանական երեք հիմնական ուղղություններ՝
«Զբոսաշրջային արդյունքի ձեւավորում եւ զարգացում» ուղղությունը միտված է զբոսաշրջային նոր ու մրցունակ առաջարկի ձևավորմանը, նոր երթուղիների, զբոսաշրջության ձեւերի եւ կլաստերների զարգացմանը:
«Զբոսաշրջային արդյունքի խթանում եւ առաջխաղացում» ուղղության հիմնական նպատակն է ձևավորված զբոսաշրջային արդյունքի խթանումը, Արցախի զբոսաշրջային բրենդի առաջխաղացումը, դրական նկարագրի ստեղծումը եւ որպես արդյունք՝ Արցախի ճանաչելիության բարձրացումը։
«Հյուրընկալություն եւ ծառայություններ» ուղղության հիմնական նպատակն է լինելու հյուրանոցային տնտեսության օբյեկտների, ընդհանուր առմամբ հյուրընկալության ոլորտի ուսումնասիրումը՝ հարցաթերթիկների, հարցախույզերի եւ գրանցամատյանի ստեղծման միջոցով։